Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

«Ես քեզ ոչինչ չեմ պարտադրում, այլ առաջարկում եմ»

«Ես որպես Լույս եկա Աշխարհ..., որպեսզի գտնես քեզ աշխարհային խավարի մեջ:

Դու մարմին ես, մարմինները ստվերներ ունեն, որ կարծես խավարի մի մասնիկն են, սակայն եթե բնակվես Իմ մեջ և Ինձ քո սրտի մեջ ապաստան տաս, դու ինքդ կլուսավորես շուրջդ և կցրես ստվերներն ու խավարը:

Դու Ինձ հավանաբար չես ճանաչում, չես փնտրում, չես փափագում մեր հանդիպումն ու ծանոթությունը, բայց Ես հետամուտ եմ քո փրկությանը և հետևողական, որպեսզի դու սիրես ու ճանաչես հենց քեզ ու անես քո առաջին քայլերը դեպի հավիտենական կյանք: Դու համոզված ես, որ Ես քեզ քայլելուց բացի ուրիշ ոչինչ չունեմ առաջարկելու, քանի դեռ դու ապրում ես այս աշխարհում: Դու սխալվում ես, քանի որ Ես եկա, որպեսզի դու ունենաս լիարժեք ու իմաստով հագեցած կյանք: Եթե դու կյանքի, մասնավորապես քո կյանքի իմաստը փնտրում ես զվարճանքի ու ժամանցի զանազան վայրերում, գլխապտույտ կարիերայիդ գագաթնակետում կամ ներդնում ես բանկում` որպես ավանդ, դիմում ես քո ժպիտն ու լիաթոք առողջ ծիծաղը տենչացող զանազան ինտելեկտուալ միմոսների օգնությանը, ապա դու կամ չես գտնի, կամ կկորցնես կյանքիդ իմաստն ու հենց կյանքդ: Մարդկային արվեստի գործերի մեջ մի փնտրիր ճշմարտությունն ու կյանքի իմաստը, քանզի մի շատ հայտնի արվեստագետ բացահայտում է, որ արվեստագետը կարող է հեշտությամբ քողարկել կեղծիքը ճշմարտութամբ և այդ ճշմարտանման կեղծիքը հրամցնել որպես անհերքելի ճշմարտություն: Մարդկանց հեղինակած շատ գրքեր հեղեղված են զուտ մարդկային բանականության արտադրանքով, իսկ ավելի շատ գրքեր` դիվական ազդեցությամբ: Կա միայն մեկ Գիրք, որ խոսում է Իմ մասին, որով Ես խոսում եմ քեզ հետ և առաջարկում մտնել երկխոսության մեջ, քանզի ես քեզ ստեղծել եմ Իմ պատկերով` օժտելով խոսքով: Ես լավ զրուցակից եմ. կարող եմ անվերջ լսել և... անպայման պատասխանում եմ: Ինձ ուղղված քո աղոթքները անիմաստ մենախոսություններ չեն, այլ զրույց Ինձ հետ: Ես քեզ ոչինչ չեմ պարտադրում, այլ առաջարկում եմ այնպես, ինչպես արևը առաջարկում է արթնանալ ամեն առավոտ, հորդորում եմ հարություն առնել մեղքի մահից, ինչպես գարունը հորդորում է հարություն առնել ծիլ ու բողբոջին: Լուսաբացից առաջ խավարը տոնում է իր հաղթանակը. այն թանձրանում է ու ծանրանում մարդկանց թմրած կոպերին, խցանում լսելիքը խավարի խլությամբ: Որպես հեռավոր շշունջ լսվում է լույսի աղաղակը.

- Արթնացի՛ր, դու՛, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի քեզ» ( Եփես. 5.14):

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին

Աղբյուր՝ Irates.am