Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Լեռ Կամսարի նամակը Ստեփան Զորյանին

Սիրելի Ստեփան, ես մեծ հաճույքով կարդում եմ քո պատմվածքները։ Նրանցում միտք կա և յուրաքանչյուրը նրանցից երկար խարհրդածելու նյութ է տալիս ինձ, հակառակ այն սովետական վեպերի, որոնք կարդալուց հետո ընկնում ես նրանց հեղինակների ետևից, հարցնելու, թե դրանով ի՞նչ են կամեցել ասել։ Իսկ եթե հեղինակները մեռած են լինում, այդպես էլ մնում ես անպատասխան։

Դու զուսպ ես և չափավոր ոչ միայն քո գրվածքներում, այլև քո առօրյա կյանքում։

Մինչ այն կողմ սովետական գրողները ամբողջ երեսուն տարի ոճրագործ Ստալինը երգեցին, դու հասցրիր լռել և չարատավորեցիր քո պատիվը։

Մի լռություն, որ այն ժամանակները մեծագույն հանցագործություն էր համարվում։

Դու որպես իսկական գրող, ճիշտ է որոշ տուրք տվիր սրանց արտառոց սոցիալիզմին, գրելով քո «Գրադարանի աղջիկը», «Սպիտակ քաղաքը» և «Վարդաձորի կոմունան», բայց ով քեզ անձամբ ճանաչում է՝ գիտի դրանք ոսկորներ էին, որոնք գցեցիր «շան» առաջ, որպեսզի թույլ տա քեզ զբաղվել իսկական արվեստով։

Ստեփա՛ն, դու շատ լավ գրող ես, ապրե՛ս, ավելի Զորյան դառնաս։ Բայց…

Բայց դու մի մեծ մեղք ունես։ Դու սքանչելի պատկերացնում ես անցյալը, զանց առնելով քո ապրած դարաշրջանը։

Կարելի՞ է քառասունհինգ տարի ապրել սովետական կարգերում և չանմահացնել կոմունիզմի ոճրագործ բնույթը։

Դու հասակով, փառք Աստծու, բավականին երկար ես։ Բայց մարդս որքան էլ երկար լինի, որքան էլ քայլի քիթը բարձր պահած, ինչպե՞ս կարող է Ստալինի թափած անմեղ զոհերի լերդացած արյան հոտը չառնել ու գեթ մի անգամ չտեսնել երկրով մեկ հոսող արյան հեղեղը…

Ինչպե՞ս կարելի է տեսնել, թե ինչպես չեկիստները մութն ընկնելուն պես մտնում են բոլորի տները, նրանց տան միակ ճրագը մարում, նրանց կերակրող ձեռքերը հավաքում տանում գնդակահարում և լռել, և չգրել այդ մասին, որ ապագա մարդկությունը կարդա այդ և հեռու մնա այդ արյունաթաթախ սոցիալիզմից։

… Մարել տան ճրագը, կանանց պատիվը վաճառքի հանել, երեխաներին որբացնել…

«Հավասարություն, եղբայրություն, ազատությո՞ւն», թե անհավասարություն, թշնամություն և բռնակալություն։

Ստեփա՛ն, ինչպես կարելի է քթի տակ կատարված այս բաների մասին չգրել և գնալ պատմության խորքը, գրել Պապ թագավորի ու Արշակ Երկրորդի մասին։

Մի՞թե ճշմարտությունն ասելն այնքան սարսափելի է, որ դու այն թողած, փախչում մտնում ես հայոց պատմության խորքը չերևնալու համար։

Ճիշտ է, ճշմարտությունը հոնորար չի բերում հեղինակին, բայց գրողը մի՞թե միայն հոնորարի պետք ունի։

Իբրև հեղինակ, ինքնագովություն չլինի, ես քեզանից բարձր եմ։

Հավատաքննության ատյանում երբ ինձ հարցրին՝

- Հավանո՞ւմ ես Սովետական կառավարությանը։

Պատասխանեցի.

- Ո՛չ, ինձ համար թուրք կառավարությունը գերադասելի է ձեր կառավարությունից։ Որովհետև երբ բոլշևիկները Հայաստան մտան, հայերը Տաճկաստան կամեցան փախչել նրանց կացնահարությունից սարսափած։

Ասացի ու քսան տարով բանտի ու աքսորի դատապարտվեցի։

Եվ չեմ զղջում դրա համար, որովհետև ճշմարտությունը բարձր եմ գնահատում կյանքից։ Որովհետև կյանքն անցողիկ է, իսկ ճշմարտությունը հավիտենական։

Այն կոմունիզմը, որ մարդկության գլխին կատարյալ չարիք դարձած շատ շուտով ողջ աշխարհի կործանման պատճառը պիտի դառնա՝ կարելի՞է անտեսել։

Հարգանքներով՝ քո Լեռ Կամսար
1965թ.

Աղբյուր՝  Լեռ Կամսար ֆեյսբուկյան էջ: