Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Ազնիվ Հրաչյա․ Կենսագրություն

Ազնիվ Հրաչյա (Մինասյան Ազնիվ Գրիգորի) (հունիսի 25, 1853, Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մայիսի 20, 1920, Դիլիջան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ դերասանուհի։

Կենսագրություն

Ազնիվ Հրաչյան ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմ է բարձրացել 1869 թվականին, Կ. Պոլսի «Արևելյան թատրոն»-ում։ Հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան» թատերախմբերում. խաղացել է պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական, ֆրանսիական մելոդրամաներում (Թ. Բարրյերի «Փարիզի աղքատները», Պ. Ֆերրարի «Սեր առանց համարման», Ռոթայի «Երկու հիսնապետ», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Կամոլետտիի «Քույր Թերեզա» և այլն)։ Բեմական գործունեության առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկ խաղացանկին, հակվել է դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրությունը։ Նրա այդ ձգտումը հիմնավոր հող է գտել 1880-ական թթ. Թիֆլիսի հայկական թատերախմբում։ Այդ շրջանի լավագույն դերերից են՝ Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Ժաննա դ՚Արկ (Ֆ. Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիա (Ու. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյա (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Նինա (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Կլարա (Ժ. Օնիեի «Դարբնոցապետ»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»)։ 1883 թվականին թողել է բեմը, ապա դարձյալ խաղացել Թիֆլիսի հայկական թատերախմբում (1893-1894), Բաքվի հայկական թատրոնում (1890-1900-ական թթ.)։

Հրաչյան հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետներից է։ Նրա արվեստին բնորոշ էր խոր հուզականությունը և դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական երանգների հարստությունը, կերպարի վարքագծի սոցիալական և հոգեբանական շերտերի համադրումը։ Հրաչյան արմատապես հրաժարվել է դերասանական խաղի մելոդրամային ոճից և հակվել դեպի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հոգեբանական թատրոնը։

Մահ

Ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է Դիլիջան, որտեղ Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցում դերասանուհուն խնամել են համքարական ընկերության կողմից վարձած երկու բուժքույր՝ Անահիտ Աղաջանյանը և Վարսենիկ Զաքարյանը: Մահացել է Դիլիջանում: Ազնիվ Հրաչյայի թաղումը կազմակերպել է Դիլիջանի համքարային ընկերությունը, իսկ տեղի դարբինները, սեփական նախաձեռնությամբ, նրա գերեզմանի շուրջը երկաթե ձևավոր ցանկապատ են սարքել և վրան փակցրել երկաթատառ տապանագիր. «Հայ բեմի մեծ վարպետ Ազնիվ Հրաչյա»: Հետագայում Դիլիջանի թատերական ընկերությունը գերեզմանի վրա կանգնեցրել է սև մարմարե հուշաքար՝ վրան սպիտակ մարմարից կերտված Ազնիվ Հրաչյայի կիսադեմը:

Երկեր

Իմ հիշողություններս, Փարիզ, 1909:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի