Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

«Ես Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ»

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին:

Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, ու ամեն բան, ինչ էլ անի, կհաջողվի նրան:
Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին (Սաղմոս 1.1-4)։

Մեղքը գրեթե միշտ մարդուն քաղցր է թվում, երբեմն էլ այն աստիճանի է մարդն անզգամ դառնում, բթանում, որ գործած մեղքի համար զղջալու և ապաշխարելու փոխարեն հպարտանում է, ուրախանում ու ցնծում: Վստահում է այդ «քաղցրությանը», որը վերջում դառնում է դառնագույններից դառնագույնը և վերածվում տառապանքի: Իսկ երբ մեղքից ծնվում է տառապանքը, մարդուն այն թվում է անտանելի, գարշելի ու անհաղթահարելի: Մարդիկ շատ ու հաճախակի են երկարաշունչ խոսում, իբր թե իրենց գաղափարները ծառայում են բարօրության, սակայն երբ քննում ես նրանց խոսքերի ու գաղափարների տողատակերը, նկատում ես, թե որքան անճշտություններ, գայթակղություններ, սին մտքեր ու թակարդներ են թափվում նրանց շուրթերից: Վստահելով նման մարդկանց խոսքերին` որոգայթների մեջ կընկնենք: Շատ հաճախ մարդ արարածի արտաքնապես «բարի» խոսքերի հետևում կորուստն է թակարդված, և նրանց խոսքերի մեծ մասը անպետք է, անտեղի, մեղսալից, և ոչ միայն նրա համար, ով դրանք ասում է, այլև նրանց համար, ովքեր անզգուշորեն լսածն ընդունում են իբրև բարիք և օգուտ, և դա նրանից է, որ խավարած են Քրիստոսի լույսից և խարխափում են խավարի մեջ` չտարբերելով լույսը խավարից, սուտը` ճշմարտությունից, բարին` չարից:

Մենք երբեմն, մեր յուրայիններին անչափ սիրելով, մոռացության ենք տալիս, որ նրանց մեծ մասը պարտված է մեղքից, և ընդունելով նրանց «ճիշտը»` հեռանում ենք ճշմարտությունից, երբեմն էլ գիտակցում ենք այդ ամենը, սակայն ստիպված ենք ապրելու նրանց միջավայրում` ոչ միայն մեզ, այլև ողջ շրջապատի համար, մշտապես հիմարացած վիճակում, որովհետև շատերի միջից բացակայում է Աստված, Ինքը` Ճշմարտությունը, և ամեն ոք խոսում է ոչ թե ըստ ճշմարտության ու բարիքի, այլ ըստ սեփական շահի:

Այսօր մարդիկ գինուց ավելի քիչ են արբենում, քան այլ կրքերից, օրինակ` զայրույթից, հիշաչարությունից, հեշտանքից, դրամասիրությունից, փառասիրությունից... Կրքերը, ինչպես գինին, ազդում են մարդու բանականության ու կամքի վրա և խեղում նրա ողջ էությունը: Որևէ մոլուցքով տառապող մարդը չի կարող տիրապետել իրեն, նա դադարում է ինքն իր նման լինելուց, դառնում է «դևերին խաղալիք»:

Որքան լուսավոր է մարդու հոգեվիճակը, այնքան էլ բարձր է մեր վստահությունը... Ասենք` ես ուզում եմ քարոզ ասել կամ Սուրբ հաղորդություն տալ, բայց զգում եմ, որ հոգիս լիքն է խռովքով ու կրքերով, այդ դեպքում ես պարտավոր եմ ինձ պահել ըստ Ավետարանի, այսինքն` նախ պետք է իմ ընծան թողնեմ Սուրբ Սեղանին, գնամ հոգով հաշտվեմ իմ «եղբայրների» հետ, մի խոսքով` խաղաղություն գտնեմ ու մտնեմ երկնային կյանք: Քրիստոսի անսասան սիրո դրսևորումը պետք է արտահայտվի սեփական կյանքի օրինակով:

Մարդ արարածի եսապաշտական սերը, ընդհակառակը, չի՛ ցանկանում տեսնել իր իսկ սեփական թերությունները և զրկում է նրան ապաշխարության միջոցով Աստծուն մերձենալու շնորհից:

Սակայն յուրաքանչյուրս պետք է առաջին հերթին ինքներս մեզ քննենք ու դատենք, զուր չի Սուրբ գիրքն ասում. «Ծանի՛ր զքեզ», այսինքն` ճանաչի՛ր քեզ: Ինքնաճանաչողությունը և ինքնաքննությունը երկնային իմաստություն են մեր կյանքում, սիրո հոգևոր խելքը, որը չի վերցնում նրա ուժն ու զորությունը, սակայն համ ու հոտ է տալիս: Ինքնաճանաչողությունը և ինքնաքննությունը մարդկային հոգին իր փոքրոգությունից դուրս բերելու նշան է և իմաստություն, որի մասին ասված է` «Մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ»... սա սիրո իմաստության, երկնքի վերին օրենքների իմացություն է, որ թափվում է ողջ մեղավոր աշխարհի վրա` չխառնվելով ոչ մի մեղսալի բանի հետ:
Մենք պետք է մշտապես ցանկանանք մեր մեջ և ամեն բանում իրականացնել այդ սերը, լուծարել «ես-ի արքայությունը» և բացել Աստծո Արքայությունը, ոչ ոքի չվստահել, ոչինչ «սեփական», «մարդկային», մեղսալի ու կիսամեղսալին չընդունել... Բացել մեր սեփական ընկալիչներն ու սիրտը միայն Աստծո, Անարատի, Լուսավորի առջև... «Եկեսցէ Արքայություն Քո»: Մենք մինչ ի մահ չպետք է հանգստանանք այս ձգտումներից և պետք է աղոթենք, որ այդ խոսքերը պաղ-պաղ չհնչեն մեր շուրթերից, դրանք պիտի բխեն մեր ողջ էությունից և ստիպեն մեզ տոչորվել, ինչպես անապատում եղողը:

Մարդը միշտ էլ Տիրոջը հանդիպում է ամենուր, իր կյանքի յուրաքանչյուր հանգրվանում, սակայն բթացած միտքը և աչքերի քողը շատ հաճախ կուրության են մատնում նրան, և նա չի տեսնում Տիրոջը:

Քրիստոսի սերը ճանաչող մարդը միայն Նրա քաղցրությունը կտենչա և Նրանից երբեք չի բաժանվի, ինչպես առաքյալն է ասում. «...որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծո այդ սիրուց, որ կա մեր Տէր Քրիստոս Յիսուսով» (Հռոմ. 8. 38-39): Քրիստոնյա մարդու համար ատելի է ունենալ ամեն բան, բայց ո՛չ Քրիստոսի սերը: Եվ մենք, որ մեզ քրիստոնյա ենք համարում, պետք է ցանկանանք միայն Նրան, առանց Նրա ոչինչ պետք չէ Քրիստոսի անունը կրողին. Քրիստոս պետք է լինի յուրաքանչյուրիս սրտի լույսը, կյանքի փարոսը փրկության, որովհետև մենք որևէ լավ բան անել չենք կարող, եթե Տիրոջ սերը չլինի մեզ ուղեկից: Մենք մշտապես` գիշեր ու զօր, գիտենք, որ Նա մոտ է մեզ, բայց ոչ միշտ ենք լսում Նրա ջերմ շունչը, քանզի ոչ միշտ է, որ մենք ձգտում ենք Նրան և ամենից առավել կամենում Նրան:
Մեզ հարկավոր է միմիայն Նա, Նա, Ով ասաց. «Ես Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ»:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Irates.am