Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Խոսրովիդուխտ Գողթնացի․ Զարմանալի է ինձ

Զարմանալի է ինձ,
Քան զերգս երաժշտականաց,
Ձայնս ողբոց քոց հնչմունք,
Ո՜վ երանելի տէր Վահան,
Ընտրեալ յԱստուծոյ:

Զարհուրեցուցանէ զքոյ ճգնութիւնդ
զՄարմնոյս բնութիւնս.
Իսկ դու առաւել գտար.
Ո՜վ երանելի տէր Վահան,
Սիրող Քրիստոսի:

Որպէս քաջ նահատակ,
Պատրաստեալ ի պատերազմ,
Կատարեցեր զընթացքս քոյ
Արիաբար՝ յազգացն հարաւայնոյ,
Դասաւորեալ ընդ անմարմնականսն.
Ո՜վ երանելի տէր Վահան,
Գողթնեացն իշխեցող:

Խոսրովիդուխտ Գողթնացու (8-րդ դար) «Զարմանալի է ինձ» շարականը կատարում է հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը: Մենակատար՝ Արմենուհի Սեյրանյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:

Խոսրովիդուխտ Գողթնացին 8-րդ դարում հայտնի երկու կին բանաստեղծներից մեկն է: Դուխտը հին պարսկերեն բառ է, որը խիստ նմանություն ունի հայերեն համարժեք բառի հետ՝ դուստր: Այսինքն պետք է ենթադրել, որ նրա հոր անունը Խոսրով էր, և ինքն էլ Խոսրովի դուստրը:

Խոսրովիդուխտը շարունակում է Հովհան Մանդակունու, Կոմիտաս Աղցեցու և Դավթակ Քերթողի ավանդույթները և մարդերգական ստեղծագործությունների շարքն ավելացնում Վահան Գողթնացուն ձոնված երգով: Իսկ ո՞վ էր Վահան Գողթնացին:

Վահանը Գողթնի Խոսրով իշխանի որդին էր։ 705 թվականին, արաբական տիրապետության շրջանում, արաբները հրավիրելով Հայոց շուրջ 1200 իշխանների, խաբելով, իբր հարկերի չափի և իրենց ռոճիկի մասին պայմանավորվելու համար ժողով են գումարում, նրանց տեղավորում են Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում: Մինչ հայ իշխանները սպասում էին արաբ կառավարչի ժամանելուն, հանկարծ արաբ զինվորները եկեղեցիների դռներն ամուր փակում են և հրկիզում: Նրանց մեջ էր նաև Գողթան Խոսրով իշխանը, որի որդուն, մանկահասակ Վահանին, բազմաթիվ իշխանորդիների հետ գերեվարելով, արաբները տանում են Դամասկոս և դաստիարակում իսլամի ոգով:

Սակայն արաբացած Վահանը տեղյակ էր իր քրիստոնյա իշխանական տոհմից սերված ու հայ լինելուն: 719 թ. Հովհաննես 0ձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, վերջինս հայերին թույլատրում է վերադառնալ հայրենիք, և Վահանը ցանկանում է օգտվել այդ առիթից: 0մար ամիրապետը մտերիմ ու շատ էր կապված Վահանի հետ, ուստի չէր ցանկանում բաժանվել նրանից: Եւ շուտով վերադառնալու պայմանով է միայն թույլատրում նրան գնալ իր երկիր:

Մի քանի ամիսից մահանում է 0մար ամիրապետը, և Վահանն ամուսնանալով Սյունիքի Բաբգեն նախարարի դստեր հետ, հաստատվում է իր հայրենի երկրում, ուր և ապրում է շուրջ 10 տարի։ 0մարին հաջորդած Հեշմ ամիրապետը լսում է Վահանի քրիստոնյա դառնալու մասին և սկսում է փնտրել նրան։ Վահանը, հանուն Հիսուսի իր արյունը թափելու հաստատ որոշմամբ, ինքնակամ ներկայանում է ամիրապետին: Արհամարհելով կրոնափոխ լինելու հորդորները, սպառնալիքներն ու չարչարանքները, գլխատվում է 738 թ.:
Կա կարծիք, որ Խոսրովիդուխտը հենց Վահանի քույրն է: