Այսպէս է ասում Տէրը. «Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»(Ղուկասի 10:16)

Հրաշքը ծնվում է հավատքից

«Չար և շնացող մի սերունդ նշան է ուզում, և սակայն նրան նշան չպիտի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից» (Մատթեոս 12:39):

Հրեաները մի այնպիսի հրաշք էին պահանջում Քրիստոսից, որը դեռ ոչ ոք չէր կատարել, որպեսզի տեսնեին և հավատային: Իրականում իրենց այս պահանջով հրեաներն արտահայտում էին իրենց հոգու չարությունն ու անհավատությունը, որի համար էլ Հիսուս նրանց անվանում է չար ու շնացող սերունդ:
Ի պատասխան նրանց պահանջի՝ Հիսուս մատնացույց արեց Հովնան մարգարեի օրինակը, որը Քրիստոսի Հարության նախատիպն էր: Հովնան մարգարեն երեք օր մնաց կետ ձկան փորի մեջ, ապա դուրս եկավ ու քարոզեց Նինվե քաղաքի բնակիչներին, ովքեր դարձի եկան և փրկվեցին: Նույնպես և Քրիստոս՝ մահացավ և երեք օր հետո հարություն առավ՝ մարդկանց փրկելով չարի կապանքներից:

Ցավոք, մարդիկ այսօր էլ շարունակում են հրաշք պահանջել, սակայն չենք հասկանում, որ հրաշքը ինքնին ոչ մի բան ապացուցել չի կարող: Շատերը տեսան Հիսուսի կատարած հրաշքները, Նրա բժշկությունները, սակայն ոչ միայն չհավատացին նրան, այլև սկսեցին տարբեր մեկնաբանություններ տալ: Օրինակ՝ ոմանք ասում էին, թե Հիսուս այդ ամենը կատարում է չարի զորությամբ: Հիուս երբեք հրաշք չէր կատարում մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար, ուստի հրեաներին ցույց տվեց Հովնան մարգարեի օրինակը՝ որպես նախատիպ Իր Հարության: Այս էր այն մեծագույն հրաշքը, որով մարդը ոչ միայն պիտի հավատար Աստծուն, այլ նաև արժանանար փրկությանը: Քրիստոս սովորեցրեց, որ հրաշքը ծնվում է հավատքից, և ոչ թե՝ հավատքը հրաշքից: Վերջին հաշվով, ի՞նչ իմաստ ունի հրաշք պահանջել, երբ աստվածային հրաշքները շրջապատում են մեզ ամենուր, երբ մարդն ապրում է աստվածային հրաշագործության մեջ, որը և այս աշխարհն է:

Աստվածային հրաշքներն այսօր էլ տեղի են ունենում, և տեղի են ունենում, ոչ թե նրա համար, որ մենք ենք պահանջում, այլ Աստված այդպես է կամենում: Այս Սուրբ Պատարագն էլ հրաշք է, որ կատարվում է ոչ թե մեր պահանջի համաձայն, այլ՝ մեր հավատքի: Հիսուս իր երկրային կյանքի ընթացքում հենց այնպես որևէ հրաշք չկատարեց: Նույնիսկ անապատում, փորձության ժամանակ, մերժեց սատանային հրաշք կատարել՝ պատասխանելով, որ չպիտի փորձես քո Տեր Աստծուն:

Աստված Սեր է, և Հիսուս հրաշք կատարեց միայն այն դեպքում, երբ կարիք կար, որ Նա արտահայտեր աստվածային Իր սերը մարդկանց նկատմամբ:

Այսօր շատերն են ասում, որ հրաշք տեսնելու դեպքում կհավատան Աստծուն, առանց գիտակցելու, որ Աստված հրաշք չի կատարում, որպեսզի Իրեն հավատան, և, ընդհանրապես, Աստված հավատքից առավել ակնկալում է մեր սերն Իր հանդեպ, քանի որ այդ սիրո շնորհիվ պիտի իրականանա աստվածային փրկագործության հրաշքը:
Ճշմարիտ ճանապարհը հրաշքներ չփնտրելն է, որովհետև հրաշքն իրականանում է այն ժամանակ, երբ հոգին պատրաստ է Աստծուն հավատալու ու սիրելու: Երանի նրանց, ովքեր չեն տեսնի, բայց կհավատան:

Տեր Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Holytrinity.am