Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Կոմիտաս. «Օն թինդ ի խինդ»

Օն թինդ ի խինդ բերկրապատար
Փարեալ զգահու վեհ դիտես
Հայկազն որեար, հարցուք կայտառ
Երգոց ի ձայն դրուատես։

Ի բիւր բերան, ի սփիւռս ծագաց
Փառք հըրճուանաց համբառնան,
Ոսկեպարար պըսակ փառաց
Ձօնեն ծաղկունք նոր գարնան։

Բարձր ի Մասեաց բամբիռն յաւաչ
Տայ աւետիս երկնաբեր,
Եւ Հայաստան ճեպ ընդ առաջ
Դիմէ ի պար յայն հրաւեր։

Ի բաց զքօղն զսգազգեաց
Զվշտաբեկ սրտից կոծ,
Ի տես բազմեալ յԱթոռ պետաց
Անզուգական Հայրն Հայոց։

Կեա՛ց դու հաւէտ, մե՛ծ հայրապետ,
Եկեղեցի պերճասցի,
Կեցցե՜ն Հայրիկ և Հայրենիք,
Հայկազն որեար կեցցե՜ն յար։

Կոմիտասի՝ Խրիմյան Հայրիկին նվիրված «Օն թինդ ի խինդ» ձոներգն է, որի թե՛ խոսքերի, թե՛ մեղեդու հեղինակն ինքն է։ Այն հայտնի է նաև «Հայրիկի երգը» վերնագրով։ Կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը։ Խմբավար՝ Հարություն Թոփիկյան։

Այս երգը կարևոր նշանակություն ունի Կոմիտասի ստեղծագործական կենսագրության ուսումնասիրության տեսանկյունից: Այն գրվել է 1894 թվականին: Ինչպես նշում է Ռոբերտ Աթայանը, Կոմիտասից առաջ Խրիմյան Հայրիկին նվիրված մի ձոներգ է գրել Քրիստափոր Կարա-Մուրզան, կոչվում էր «Ի շնորհաբեր գալուստ», որը, սակայն, հաջողված գործ չէր, ուստի անհրաժեշտություն էր ծագել նման մի նոր երգ գրելու, որն էլ կատարել էր Կոմիտասը:

Երգում ասվում է, որ երկրի չորս ծագերում բյուրավոր բերաններից հրճվալից փառաբանություն է բարձրանում՝ ձոնված գարնան ծաղկունքին: Եվ Մասիսի բարձունքներից բամբիռը՝ հայոց ազգային նվագարանը, ավետիս է երգում Հայաստան աշխարհին, քանզի Հայոց հայրապետական աթոռին է բազմել անզուգական մի հայր: Նա թող առաջնորդի մեզ հավետ՝ պերճացնելով հայ եկեղեցին, ու թող կեցցեն Հայրիկ ու Հայրենիք:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան