Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Տիրամայրն հանդեպ որդվույն

Տիրամայրըն հանդէպ որդւոյն ի խաչին`
կայր տրտմագին
եւ լսելով զծարաւին`
հառաչմամբ լայր ցաւագին.
ի փուշ պսակըն դիտելով`
ողբ, կոծ, վայ տայր իւր անձին.
- Աչացս լոյս որդեակ իմ Յիսուս,
ոհ, ես ընդ Քեզ մեռանիմ:

Գրիգոր Նարեկացուն (951-1003թթ․) վերագրվող «Տիրամայրն հանդէպ որդւոյն» տաղն է՝ Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ։

Այս ստեղծագործության մեղեդին պահպանվել է երկու գրառմամբ՝ Նիկողոս Թաշչյանի և Կոմիտասի: Կոմիտասի հայտնաբերած տաղը իր խոր ավանդականությամբ և այլ ոճական հատկանիշներով մոտիկ է Գրիգոր Նարեկացու այլ տաղերին, սակայն խոսքերը լեզվա-ոճական և տաղաչափական հատկանիշերով, հավանաբար, փոքր-ինչ ուշ ժամանակի արգասիք են։ Այս է պատճառը, որ ամենայն վստահությամբ չենք կարող ասել, որ հենց Նարեկացու ստեղծագործությունն է:

Սա յուրահատուկ հայկական «Ստաբատ Մատեր է»: Իսկ ի՞նչ է Ստաբատ Մատերը: Այս արտահայտությունը միջին լատիներենով նշանակում է «Կանգնած է մայրը վշտագին»: «Ստաբատ Մատեր»-ը կաթողիկական պոեմ է, որտեղ խաչված Որդու տառապանքը սգացող Տիրամայրն արտահայտում է ընդհանրապես որդեկորույս մոր վիշտն ու հուսահատությունը։ Վերագրվում է Ֆրանցիսկյան միաբանության ներկայացուցիչ բանաստեղծ Յակոբո դա Տոդիին (13-րդ դար)։

Գրական տեքստը, իսկ որոշ դեպքերում նաև մեղեդին, 15-րդ դարից սկսած նշանավոր շատ կոմպոզիտորների համար նյութ են ծառայել իրենց ստեղծագործությունների համար: Նույն վերնագրով, այսինքն Ստաբատ Մատեր կոչվող գործեր են ստեղծել Ժոսքեն Դեպրեն, Պալեստրինան, Ռոսինին, Վերդին, Ալեսսանդրո Սկարլատին, Հայդնը, Շուբերտը, Պենդերեցկին, Պերգոլեզին և շատ ուրիշներ: Այդ ստեղծագործությունները ներկայացնում են Աստվածամոր ապրումները, երբ կանգնած է խաչյալ որդու առջև։

Ահա, նույնպես էլ այս տաղը արտահայտում է Աստվածամոր տառապանքը․ տեսնում ենք Տիրամորը՝ կանգնած որդու խաչի առջև: Նա տրտմագին կանգնել է և խորը հառաչում է՝ ցավագին լալով, որ որդին ծարավ է, իսկ ինքը չի կարող նրան ջուր տալ, ծարավը հագեցնել: Ապա հայացքը հառում է Որդու ճակատը վերքերով ծածկող փշե պսակին և վայ տալիս իրեն, որ անզոր է օգնել նրան: Տաղի վերջում Մարիամը դիմում է իր աչքի լույսի Հիսուս Որդուն, ասելով, որ ինքն էլ մեռնում է նրա հետ:

Եթե հաշվի առնենք, որ միջնադարում հայ ժողովուրդը անդադար ենթարկվում էր տարբեր ցեղերի ասպատակություններին, և շատ որդիներ հանդ ու դաշտում աշխատելիս հանկարծ ենթարկվում էին մե՛րթ արաբների, մե՛րթ մոնղոլների, մե՛րթ թուրքերի հարձակումներին ու կոտորածին, կամ զոհվում էին հայրենի երկիրը ոտնատակ տվող ու ավերող այդ հրոսակների դեմ մարտերում, հասկանալի կլինի, թե այսօրինակ երգերն ինչու այդքան ընդունված ու հարազատ էին մեր ժողովրդի շրջանում: Չէ՞ որ որդեկորույս Մարիամի ապրումներն արտացոլում էին հենց հայ մայրերի զգացումները:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան