Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Նրանց իշխանություն տվեց... բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն (Մատթ. 10. 1)

Այո, Եկեղեցին ունի իշխանություն բոլոր տեսակի ցավերն ու բոլոր տեսակի հիվանությունները բուժելու: Եկեղեցին ապրում է իր խորհուրդներով:

Եկեղեցին զվարթ ու կենսունակ է իր խորհուրդների առատությամբ: Եկեղեցին զորավոր և հաղթական է իր խորհուրդների շնորհունակությամբ, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած հերթական հաղթանակն է չարի դեմ թեև ժամանակավոր, սակայն հավիտենական թվացող պայքարում: Եվ Եկեղեցին չի կարող ամբողջական և կատարյալ լինել` առանց բժշկության շնորհի կենսունակության, իսկ Եկեղեցու մեջ չի կարող որևէ շնորհի բացակայություն լինել:

Բժշկության շնորհի կատարման ժամանակ անտեսանելի վարագույրի հետևում կատարվող փոփոխությունը հիվանդի ոչ միայն հոգու, այլև մարմնական առողջության վերականգնումն է: Մեր Եկեղեցում կենսականորեն ներկա է բժշկության շնորհը, սակայն հաճախ մեր իսկ ծուլության և հուլության պատճառով դրա վերափոխիչ և հոգենորոգ ներկայությունը կարծես թե չի զգացվում:

Եկեղեցու ներքին կյանքը խորհրդական է. Քրիստոս Եկեղեցու Գլուխն է, և Եկեղեցին` Նրա Մարմինը` Սուրբ Հոգով: Այս առումով Եկեղեցու խորհրդական կյանքը` որպես Աստծո Արքայության արտահայտություն, մարդկանց ներգրավումն է եկեղեցական իրականության մեջ, որում առանցքային է խորհուրդների իրագործումը, որը հարատևում է Եկեղեցու ողջ ծիսական և խորհրդական համակարգում: ՈՒստի Եկեղեցու խորհուրդները Երկնքի Արքայության մեջ գալիք նոր դարաշրջանի կենցաղավարության չափանիշներն են, որոնցով իրականանում են Եկեղեցու պատկանելությունն աստվածային կյանքին, հաշտությունն ու հաղորդությունն Աստծո հետ` Սուրբ Հոգու գործունեության միջոցով:

Հետևաբար, խորհրդական կյանքի պատկերը հրամայական չափանիշ է քրիստոնեական համայնքի հստակ վարքագծի ձևավորման համար: Եկեղեցին` որպես մեկ միավորյալ Մարմին, իր ամբողջության մեջ հետևում է Քրիստոսին` իր մասնակցությունն ունենալով Քրիստոսի կյանքում: Այսինքն` սա մի սկզբունք է, որը ձևակերպվում է հետևյալ կերպ. ինչ պատահել է Քրիստոսին, պատահում է նաև Եկեղեցուն` որպես ի Հիսուս Քրիստոս փրկության կյանքի բաժնեկցի:

Եկեղեցին, բնականաբար, լինելով նաև երկրային իրականություն, իր խորհրդական կյանքը գործադրում է նյութեղեն կամ զգալի կերպով, որով կիրառվող նյութը աղոթքի զորությամբ դառնում է շնորհաբաշխող միջոց նրա կենսագործունեության համար: Այսինքն` շնորհն արտահայտվում է տեսանելի նշանով որոշակի հանգամանքի, համակարգի ու ձևի մեջ և պաշտոնյայի միջոցով: Եկեղեցու խորհրդաբանական համակարգն աստվածային հիմնադրություն ունի` հաստատված Քրիստոսի կողմից Նոր Կտակարանի սկզբունքներով, զարգացած առաքյալների միջոցով, սրբագործված Եկեղեցու ավանդությամբ:

Եկեղեցու խորհրդական կյանքի` Սուրբ Հոգու շնորհներից բխող այս զարգացման անբաժան և առաջնային կողմերից է բժշկության շնորհը: Հիվանդության և դրա բուժման մասին Եկեղեցու աստվածաբանական մոտեցումն ու մեկնաբանությունը խորապես պայմանավորված են մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի երկրային գործունեությամբ և առաքելությամբ:

Հիսուսի գործունեության առանցքը բժշկումն էր լայն հասկացությամբ, այսինքն` անկում ապրած մարդկության վերականգնումն իր նախնական և սկզբնական վիճակին. բժշկելով մարմինը` բժշկել առաջին հերթին հոգին: Նորկտակարանյան պատմությունները մեզ բազմաթիվ տեղեկություններ են հաղորդում Հիսուսի գործած հրաշք-բժշկությունների մասին` կաղերի, կույրերի, անդամալույծների, բորոտների բժշկությունները, դևերի հալածումը: Այս բոլոր պարագաներում Նրա գործն Աստծո զորությամբ իրագործված հրաշքի առկայության փաստն էր, ինչպես նրանց համար, ովքեր ստացան այդ բժշկությունը, այնպես էլ ականատեսների: Հիսուսը բժշկում էր թե՛ խոսքով և թե՛ հպումով` մարդկանց ընդգրկելով Աստծո ապաքինող ներկայության մեջ: Ավետարաններն արձանագրում են, որ առաքյալները, որոնց Նա ուղարկում էր հիվանդներին բժշկելու և տարածելու Երկնքի Արքայության ավետիսը, նույնպես անմասն չէին Հիսուսի բժշկող առաքելությունից: Այս իմաստով` առաքելական քարոզության և գործունեության մեջ էական տեղ էին զբաղեցնում աղոթքն ու Հիսուսի անվան հռչակումը: Այսինքն` դրանք իրականանում էին միայն հավատքով և Տիրոջ անվան զորությամբ, որով նրանք կարողանում էին ընդդիմանալ խավարի ուժերին և իրենց գործած հրաշքների միջոցով արտահայտել Երկնքի Արքայության ներկայությունը:

Առաքելաշավիղ մեր Մայր Եկեղեցու ողջ դարավոր ընթացքը մշտապես մնացել է այս ծիրի մեջ` հավատացելոց հոգևոր պետքերը հոգալուն զուգահեռ խնամք տածել նաև նրանց մարմնական առողջության մասին` հետևելով Տիրոջ և Նրա աշակերտների օրինակին: Չնայած այս խորհրդի արտաքին` ծիսական կողմը ժամանակի ընթացքում ունեցել է որոշակի փոփոխություններ, կրճատումներ և հավելումներ, բայց դրա ներքին` հոգևոր բովանդակությունն այդ ամենից չի փոխվել կամ վերացել. այն է` հոգում մաքրության, ապաշխարության, խոստովանության, թողության ճանապարհով, Սուրբ Հոգու շնորհով և ներգործությամբ, Տիրոջ փրկչական խոսքին ապավինելով ու հավատալով, Նրա կենարար Մարմնին ու Արյանը հաղորդվելով, հասնել նաև մարմնական առողջության:

Եվ առավելաբար մեր ապրած այս վերջին օրերին, երբ այսքան շատացել են հիվանդությունները, տիրավանդ շավղով ընթացող քրիստոնյաներիս համար բազմակի կարևորություն է ստանում Սուրբ Հոգուց բխող այս մեծագույն շնորհի մեջ հարատևելն ու զորանալը, մեր ամենօրյա աղոթքներն ու պաղատանքները բազմապատկելը բոլոր նեղյալների և հիվանդացյալների համար, մեղքից ու ապականությունից հեռանալն ու սրբությանը և աստվածայինին փարվելը, հոգևոր ծուլությունից հրաժարվելն ու ժրաջան աղոթասիրության մեջ կենցաղավարելը: Թող Աստված զորացնի մեզ այս ճանապարհին. ԱՄԵՆ:

Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Irates.am