Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Հովհաննես Թումանյան. Անմահությանը

Այստեղ, անցվոր էս աշխարհում
Խարխափելով ապիկար,
Հուր հավատով քեզ ենք փարում,
Հո՜ւյս երկնային, լույս անմար։

Եթե մեր կյանքն և ինչ ունենք
Պատրանք են ողջ անցավոր,
Պատրանքներից վըսեմն ես դու
Եվ ըսփոփանք մեծազոր։

Իսկ թե ունես մարդուն անհայտ
Անհաս խորհուրդ հաստատուն,
Ողջո՜ւյն, անմահ դու ճառագայթ,
Որ շողում ես մեր հոգուն։

Լուսավորի՛ր մեր մութ ճամփան
Դեպի աշխարհն երջանիկ,
Ուր փոխվել են և այժըմ կան
Մեր սիրելիք, մեր նախնիք։

Գուցե նըրանց հավերժացած
Հայացքն ես դու կենդանի,
Որ ժըպտում ես տըգետներիս
Անճառ ծոցից անհունի։


1903