Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»

Աշխարհում գնալով ավելանում է բժիշկների, բժշկական գործիքների և դեղամիջոցների քանակը, բարձրանում է բուժման մակարդակը, բայց չեն պակասում հիվանդությունները: Ընդհակառակը, ավելանում են դրանց քանակը, տեսակները, հին հիվանդությունները փոխում են իրենց կերպը։ Առաջին հայացքից դրա պատճառն անհասկանալի կարող է թվալ, սակայն բավական է հիշել հիվանդության բուն պատճառը` մեղքը, որ ամեն ինչ իր տեղն ընկնի:

Հետաքրքիրն այն է, որ մեր հոգևոր հայրերը մարդու համար անհրաժեշտ են համարել նեղությունները, հալածանքներն ու հիվանդությունները: Դրանք դեղ են համարել քրիստոնյայի հոգու համար: Մարդու համար անհամեմատ ավելի վատ է, եթե նա ոչ մի փորձություն ու վիշտ չի ճաշակում: Այդպես հնարավոր է մոռանալ Նրա մասին և հեռանալ Երկնքի Արքայություն տանող ճանապարհից: Աստծուն գոհություն և փա՜ռք պիտի տաս, երբ Նա քեզ որոշ փորձություն է ուղարկում: Դա նշանակում է, որ Նա քեզ չի մոռացել և Իր շնորհը չի վերցրել քեզնից:
Երբ փորձության մեջ ենք ընկնում, մտաբերում ենք Հիսուսին: Գիտենք, որ Նրա ճանապարհը շատ փշոտ էր և նեղություններով ու նախատինքներով լի: Հրեաները միշտ Նրան խելագար, մոլորեցուցիչ և հմայող էին կոչում. «Այս մարդն Աստծու կողմից չէ, այլ մի մոլորեցնող է»: «Այս մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թե` երեք օրից հարություն պիտի առնեմ» (Մատթ. 27:63):

Ահա թե ինչ է պատմում հոգևոր հայրերից մեկը, որն Ալեքսանդրիայում եկեղեցի էր մտել աղոթելու համար: Նա այնտեղ տեսնում է մի սևազգեստ այրի կնոջ, որը Փրկչի պատկերի առաջ աղոթում և լաց էր լինում, անընդհատ կրկնելով. «Մի՛ լքիր ինձ, Տեր, գթա, ողորմա»:

Նրան հարցնում են պատճառը, նա պատասխանում է. «Հայր իմ, չգիտես իմ վիշտը,- լաց լինելով ասում է կինը,- ես ապրում եմ Աստծուց մոռացված: Տերը մոռացել է ինձ այցելել, և արդեն երեք տարի է, որ ոչ մի վիշտ չեմ տեսել: Ո՛չ ես եմ հիվանդացել, ո՛չ որդիս: Նույնիսկ մի հավ չի կորել իմ տնից: Մտածում եմ` երևի իմ մեղքերի համար է Աստված լքել ինձ, և աղաչում եմ, որ Նա ողորմա ինձ»:

Երբ մարդը դժվարության կամ թշվառության մեջ է, նրա վիճակն ավելի է ծանրանում անընդհատ բողոքելով ու դժգոհելով: Այդպիսիները դժգոհելու փոխարեն, ընդհակառակը` պիտի օրհնեն, որ Աստված էլ իրենց օգնի, այսինքն` լավատես լինեն և կյանքին նայեն պայծառ աչքերով ու Աստծու տված բարիքները վայելեն, միշտ Նրան փառք տալով:
Ահա թե աստվածավախ մարդիկ ինչպես են ընդունում երկար ժամանակ անցավ կամ անփորձանք մնալը:

Նեղությունները համարում են իրենց կողմից իրենց նկատմամբ ցուցաբերած առանձնակի ուշադրության արդյունք: Անհնար է, որ քրիստոնյան իր կյանքն Աստծուն նվիրելով` զերծ մնա փորձություններից: Սիրաքն ասում է. «Որդյակ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր: ՈՒղղիր քո սիրտը, համբերիր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ» (Սիրաք 2:12):

Տիրոջը նվիրված կյանքը լի է փորձություններով, ցավերով, վշտերով ու տառապանքներով: Իսկ մեղքի համար ստացած արդարագույն պատիժն այն է, որ մարդ կորցնում է այն, ինչը չի ցանկացել լավ օգտագործել: Եթե ասենք առողջությունը ճիշտ չի օգտագործվել, այն խաթարվում է, կորսվում: Նույնպես նաև Տիրոջ տված մյուս պարգևները:
Այսօր մեզնից ո՞ր մեկը կարող է դիմանալ Պողոս առաքյալի կրած չարչարանքներին ու նեղություններին։ «Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մեկով պակաս ծեծ կերա. երեք անգամ ձաղկվեցի, մեկ անգամ քարկոծվեցի. երեք անգամ նավաբեկության ենթարկվեցի. մեկ ցերեկ և մեկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի… Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ` հաճախ անքուն մնալով, քաղցի և ծարավի մեջ, առանց մի պատառ հացի, այլև ցրտի մեջ ու մերկության… Կա՞ տկար մեկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ, կա՞ գայթակղված մեկը, որի համար իմ սիրտը այրված չլինի…» (Բ. Կորնթ. 11:24- 29):

Հեթանոսաց Առաքյալը ոչ միայն իր, այլև Հիսուսի նեղությունների մասին է խոսում. «Նայենք Հիսուսին` հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում» (Եբր. 12:2): Մեր Տերը Իր աշակերտներին զգուշացրեց գալիք նեղությունների ու դժվարությունների մասին. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33):

Շնորհք պատրիարքն ասում է. «Կարելի՞ է երևակայել մեր աշխարհը առանց քամու և փոթորիկի, առանց ձյունի ու ձմռան, որոնք բույսերի աճման ու հատկապես ամրացման մեջ կարևոր դեր ունեն: Մի ծառ ինչքան շատ շարժվի, այնքան անհնարին է, որ կարողանա իր արմատները ավելի խորացնել. որքան ցրտին ենթակա է լինում` այնքան կարծրանում է: Ամենաամուր փայտերը գալիս են հյուսիսային գոտիներից և բարձրաբերձ լեռներից: Հալածանքն էլ ծառայում է ամրացնելու հավատը, եթե այն արմատ է բռնել»:

ՈՒրեմն նեղությունն օգտակա՞ր է: Իրապես զարմանալի է նույնիսկ մտածել այս հարցի մասին: «Այո՛»,- ասում է Հիսուս: Ինչպե՞ս: Նեղությունները մեզ առաջնորդում են երկու մեծ ու կարևոր ճանապարհներ.

ա) նախ «մեղքը փախչում է մեզնից» և
բ) «հավատի մեջ մեզ ավելի ամուր է պահում»:

Ոմանք կարող են առարկել, թե «Ի՞նչ անենք, թողնենք, որ նեղությունը կորստյա՞ն մատնի մեզ»: Սխալ մտածում է, որ հատուկ է թերահավատներին: «Ոչ թե նեղությունն է այդ անում, այլ մեր ծուլությունը»: «Իսկ ի՞նչ կարելի է անել դրանից խուսափելու համար»,- կարող է հարցնել մեկ ուրիշը: Պատասխանը պարզ է` եթե արթուն լինենք ու խնդրենք Աստծուն, որ մեր ուժից վեր մեզ փորձության չենթարկի: Եթե ճանաչենք և Տիրոջը ունենանք մեր մեջ, նույնիսկ եթե փորձություններն ու նեղությունները փոթորկի պես ուժեղ փչեն, մենք դրանք թեթև քամուց թռչող ճյուղ կամ տերև կարող ենք նկատել։

«Գոհունակությամբ համակերպվում եմ տկարություններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին և նեղություններին` Քրիստոսի համար. որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»,- ասում է Պողոս Առաքյալը կորնթացիներին ուղղված իր երկրորդ թղթում (Բ. Կորնթ. 12:10):

Ֆրանսիացի հայտնի մաթեմատիկոս Բլեզ Պասկալը, որը 24 տարեկանում շատ ծանր հիվանդանում է, աղոթքի ու խորհրդածությունների ժամանակ գրում է. «Դու ինձ առողջություն շնորհեցիր, որպեսզի ուղղես ինձ, ուրեմն մի թող, որ զայրացնեմ Քեզ իմ անհամբերությամբ», և ապա շարունակում է. «Տեր, շնորհիր ինձ ուժ, որ կարողանամ զգոնությամբ վերաբերվել բոլոր իրադարձություններին… Չգիտեմ, թե ի՛նչն է օգտակար ինձ` առողջությո՞ւնը, թե՞ հիվանդությունը, հարստությո՞ւնը, թե՞ աղքատությունը: Այդ մասին դատելը վեր է մարդու և հրեշտակների ուժերից, այն ծածկված է Քո նախախնամության գաղտնիքներում, ինչի առջև խոնարհվում եմ` չհանդգնելով հասու լինել դրան»:

Քննությունը ցույց է տալիս, որ մարդն ինչպիսի մեղք էլ գործի, այն առաջին հերթին ուղղված է ոչ թե Աստծու, այլ սեփական անձի դեմ, «որովհետև նույնիսկ ինչով որ հանցավոր են Քո հանդեպ, դրանով իսկ չարիք են գործում իրենց հոգիներին» (Օգոստինոս Հայրապետ):

Երկրի վրա երջանկություն մի՛ փնտրիր։ Երկիրը դրախտ չէ: Ադամի մեղքից և արտաքսումից հետո երկրի վրա դրախտ չկա: Եվ աշխարհում ամեն ոք իր խաչն ունի: Այն յուրաքանչյուր մարդու համար հենց իր ուժերի չափ է` ո՛չ ծանր, ո՛չ թեթև: Ճիշտ է, ամեն ոք ունի իր խաչը, բայց մեկն այն կարող է կրել հոգու փրկության, մյուսը այն ծառայեցնել իր կործանման համար: Տերը, մեզնից յուրաքանչյուրի վրա Իր խաչը դնելով, ցանկանում է, որ մենք այն ծառայեցնենք մեր փրկության համար:

Գրիգոր Տաթևացին ասում է. «Մի՛ նախանձիր ուրիշին, համարելով, թե նրա խաչն ավելի թեթև է: Խաչի ծանրությունն ու կշիռը ոչ ոք չի կարող իմանալ, բացի նրանից, ով այն կրում է: Անկասկած է միայն, որ դու ինչպիսի խաչ էլ ընտրես քեզ համար, ոչ մեկը քեզ հարմար չի լինի, բացի քո խաչից»: … Տերն ավելի լավ գիտի, թե մեզնից ամեն մեկին ինչ է պետք, ինչպիսի՜ ծանրություն դնի յուրաքանչյուրիս ուսերին, ինչպիսի՜ պայքար, ինչպիսի՜ փորձություններ տա մեզ…»:

Անշուշտ, հիվանդության ժամանակ պետք է բժշկի դիմել, բայց հարկավոր չէ խուճապի մատնվել, և պետք է հույսը դնել Տիրոջ վրա: Վախը, խուճապը, հուսահատությունը վատ խորհրդատուներ են նման դեպքում: Քանի որ բժշկությունն աստվածահաճո գործ է, հենց իրենք բժիշկներն էլ չեն կարող բուժել առանց Տիրոջ կամքի: Դրա համար էլ` «Կարդալով բժշկական գրքեր, կամ հարցնելով նրանց մասին որևէ մեկին, մի՛ մոռացիր, որ առանց Աստծու ոչ ոք բժշկություն չի ստանում: Արդ, ով իրեն նվիրում է բժշկության արվեստին, պետք է իրեն հանձնի Աստծու անվանը, և Աստված կօգնի նրան։ Բժշկության արվեստը չի խանգարում մարդուն բարեպաշտ լինելու» (Աբբա Դորոթեոս, էջ 294):

«Կա մի գեղեցիկ պատմություն ոչխարի մասին, որը կաղում էր և հովվից միայն հինգ մետր հեռու էր կանգնում։ Մի անծանոթ հարցնում է հովվին այս ոչխարի մասին, թե ինչու է կաղում և ինչու իր կողքից երբեք չէր հեռանում: Հովիվը բացատրում է, որ տվյալ ոչխարը մասամբ խուլ է ծնվել և նրա ձայնը չի լսում: Այդ պատճառով էլ միշտ վտանգի մեջ է լինում: Շատ անգամ նա փրկել է ոչխարին կործանումից: Ի վերջո, հովիվը ստիպված է լինում նրա սրունքը վնասել: Դրանից հետո ոչխարը սկսում է կաղալ, սակայն դրա փոխարեն հովվի մոտից հեռու չի գնում ու զերծ է մնում վտանգից»:

Եթե մեր հույսն Աստծու վրա դնենք, երբեք չենք նեղվի և չենք հուսահատվի, նույնիսկ եթե հալածվենք ու տեսակ-տեսակ նեղությունների մատնվենք, քանի որ երկնքում պիտի արձանագրվի մեր քաջությունը: Այնտեղ հավաքենք մեր բարեգործությունները և այս կյանքի մասին շատ չմտահոգվենք, որովհետև ինչ էլ լինի երկրի վրա, ամեն ինչ ստվեր է ու երազ:

Մեր խորհուրդն է, որ հիվանդությունների ժամանակ բժիշկներին ու դեղերին դիմելուց առաջ աղոթեք Սուրբ Սերապիոն եպիսկոպոսի նման. «Տեր Հիսուս, Դու ես մեր օգնականը, Քո ձեռքերում ենք: Դու գիտես մեր լավն ու վատը. օգնի՛ր մեզ: Մի՛ թող մեզ մեր կամքով շարժվենք, մի՛ թող մեզ կորչենք մեր մեղքերի մեջ, այլ գթա Քո ստեղծածին, մի՛ անտեսիր մեզ մեր մեղքերի պատճառով, որովհետև մեր հույսը Դու ես: Բժշկիր մեր անձը, որովհետև մեղանչեցինք Քո հանդեպ, Քեզանից բացի ուրիշ ապավեն չունենք: Փրկի՛ր մեզ ըստ Քո ողորմության, և թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր Քո անվան համար հարձակվում են մեզ վրա ու այդ ձևով ձգտում են մեզ հեռացնել Քեզանից, որովհետև Դու, Տեր, Ամենակարող ես, և Քոնն է փառքը հավիտյանս։ Ամեն» (Աղոթագիրք, Գանձասար, 1992 թ., էջ 36-37):

Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am