Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Սաղմոսավանք

Սաղմոսավանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, կիրճի եզրին: Ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը:

1215-ին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցել է Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցին և վանքին գյուղ նվիրել: Ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն, անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու ճակատները մշակված են «հայկական խորշերով»:

Գմբեթի գլանաձև սլացիկ թմբուկը կառույցին հաղորդում է վերձիգ համաչափություն: XIII դ. առաջին քառորդում Վաչե Վաչուտյանը Ս. Սիոն եկեղեցուն կից կառուցել է քառասյուն գավիթ, որի առաստաղի կենտրոնական հատվածն ունի 12-նիստանի վրանաձև ծածկ, բոլորաձև երդիկ՝ վրան բարձրացող 6-սյունանի նրբագեղ ռոտոնդա: Միմյանցից տարբեր և ինքնատիպ են լուծված ծածկի մյուս հատվածները (հայելային, գլանաձև, խաչվող թաղերով, դեկորատիվ տրոմպներով և այլն): Սաղմոսավանքի գավթի ծածկի համակարգը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից է: Ինքնատիպ են գավթի հվ. ճակատի խոշոր, զույգ լուսամուտները, պայտաձև կամարով արմ. բարձր շքամուտքը:

1255-ին իշխան Քուրդ Վաչուտյանը և նրա կին Խորիշահը իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին կառուցել են գրատուն՝ օգտագործելով Ս. Սիոն եկեղեցուց և գավթից հվ-արլ. կողմում, նրանց և միանավ եկեղեցու միջև ընկած տարածքը: Ճարտարապետը վարպետորեն լուծել է տեղադրության հետ կապված դժվարությունները՝ խաչվող կամարներով իրականացնելով շենքի ծածկի բարդ համակարգը: Գրատան տանիքին կանգուն 8-սյունանի ռոտոնդայով Սաղմոսավանքը ստացել է եռագմբեթ գեղատեսիլ ուրվագիծ: Վանքի գավիթը և գրատունը XIII դ. հայկ. աշխարհիկ ճարտյան բարձրարվեստ կառույցներից են:

Սաղմոսավանքի հս. կողմի գերեզմանատանը պահպանվել են XIII–XIV դդ. մի շարք ուշագրավ որմնափակ խաչքարեր: Վանքը շրջապատված է եղել կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպներով: 1267-ին Վարդան Արևելցին Սաղմոսավանքում հիմնադրել է դպրոց: 1267-ին Գևորգ Սկևռացին ընդօրինակել է Տոնապատճառ ժողովածուն (ներկայումս Ս. Էջմիածնում է): Սաղմոսավանքի դպրոցում կարճ ժամանակ դասավանդել է Գրիգոր Տաթևացին:

Սաղմոսավանքը եղել է գրչության կենտրոն: Պահպանվել են այստեղ գրված և ընդօրինակված մի քանի ձեռագրեր: Ուշագրավ են Մարկոս և Մխիթար գրիչների 1185–88-ին ընդօրինակած Ճառընտիրը, 1436-ին Կարապետ վարդապետի արտագրած Մաշտոցը, 1496-ին Հովհաննես աբեղայի ընդօրինակած Ավետարանը և այլ ձեռագրեր: Սաղմոսավանքի գրիչներին ձեռագրեր են պատվիրել Մեծոփավանքը և Սանահինի վանքը: 1611-ին Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը Երուսաղեմում հանդիպել է տրապիզոնցի Կիրակոս քահանային. միասին վերադառնալով Հայաստան՝ հիմնել են Սյունյաց Մեծ անապատը: 1661-ին Սաղմոսավանքի առաջնորդ է դարձել Ոսկան Երևանցին: 1669-ին Սաղմոսավանք նորոգել է Գաբրիել վարդապետը: Վանքի եկամուտներն ստացվել են հիմնականում Նիգ գավառի տարածքի կալվածքներից և գյուղերից: