Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Վազգեն Շուշանյան. «Կարևորը խիզախությամբ ապրելն է»

Հատվածներ օրագրից (1939-1941)

…Ատ երկիրը մեր երկիրն է, մեր կյանքին միակ երաշխիքը, մեր միակ հրճվանքն ու մեր միակ ապագան, մեր միակ Հայաստանը։

♦♦♦

…Ե՞րբ պիտի ըմբռնենք, թե մեր կեանքին միակ խարիսխը մեր երկիրն է, մեր ժողովուրդը, թե ապագա հաղթանակներու միակ երաշխիքը մեր ճիգն է, մեր անձնուրացությունը։

♦♦♦

Կեանքը զվարթ երեւույթ մը չէ, ոչ ալ թեթեւ։

Լուրջ ու ծանրակշիռ է ան։ Զայն արժանավորությամբ ապրելու համար մնայուն, գիտակից ու հարաճուն քաջություն մը անհրաժեշտ է, ինչ որ կը պակսի շատերուն ամբողջովին ու հաճախ՝ մասամբ բոլորիս։

♦♦♦

Հայոց լեզու, որքա՜ն կը սիրեմ քեզ։ Հավատարմությունը, որ կը զգամ քեզի հանդեպ, ավելի զորավոր է, քան մեր այս եղկելի կեանքը։ Կուզեի քեզ սովրիլ մինչեւ վերջին վայրկյանը, սովրիլ քու ներքին երաժշտությունդ ու քու գծած ճամբադ պատմության մեջ։ Դո՛ւն որ մեր աղոթքն ես ու մեր հաճույքը, Հայոց լեզու, կը սիրեմ քեզ։

♦♦♦

Մեր աչքերուն կրակը ձգենք ապագայի վրա։ Կարեւորը ճշգրտությամբ մեր աշխատանքը կատարելն է։

♦♦♦

Ո՛չ թե զուր հպարտություն, այլ լոկ խորին երախտագիտություն է, որ կը զգամ հայ ծնած ըլլալուս պատճառավ բոլոր անոնց հանդեպ, որ այս քաղցր լեզուն ժառանգած են մեզի։ Ու այս անհատականությունը, որ ինքնատիպ է, որ լոկ հատուկ է մեզի։

♦♦♦

Ֆաշականության (ֆաշիզմի) աղտեղի երեսը արժանի է լոկ լորձունքի։ Ազատության կուսակից մարդուն համար չկա ավելի գարշ թշնամի մը, քան ֆաշականությունը։

♦♦♦

Մեր պարտականությունն է մեր ժողովրդի բարոյականությունն անխախտ պահել կարելիության սահմաններուն մեջ, ընդունելով զոհաբերությունը, որ ատկե կը հետեւի։

♦♦♦

Կարեւորը ներուժությամբ եւ խիզախությամբ ապրելն է։ Ու ո՛չ մեկ երիտասարդ արժանի չէ այս փառքի տիտղոսին, եթե կրակ չունի իր աչքերուն խորքը, հաղթութեան բոց չունի իր դեմքին վրա։

♦♦♦

Հավատարմություն հայ ազգութեան, հայ լեզվին ու հայ մշակույթին, ներշնչում հայ անկախ պետականութեան մը անհրաժեշտութեան□ ահա գաղութներու մեջ հիմնված տիպար նախակրթարանի մը հիմնական գծերը։

♦♦♦

Չկորսնցնել ապրելու հրճվանքն այս գեշ օրերուն, քաջությունը ունենալ կեանքը գեղեցիկ գտնելու՝ ահա՛ կարեւորը։ Կարեւորը հավատալն է կեանքին։

Աղբյուր՝ Hayzinvor.am