Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Ս. Մարտին Թուրացու վարքը եվ գնդերեցությունը

«Կապելլան» տերմինն առնչվում է Ս. Մարտին Թուրացու կամ Ողորմածի անվանը: Սուրբը ծնվել է 4-րդ դարի սկզբին՝ 316թ., Պանոնիայի Սավարիա քաղաքում (ժամանակակից Հունգարիայի տարածքում): Գրեթե մանկուց երազել է վանականության մասին՝ իբրև օրինակ ունենալով Անտոն Մեծի հերոսական կերպարը: Մարտինը, սակայն, մեծանում է ոչ քրիստոնեական ընտանիքում և հոր ստիպմամբ դառնում զինվորական: Հենց այդ կարգավիճակով էլ սուրբը հայտնվում է Գալլիայում՝ ծառայելով որպես սպա: Ըստ ավանդության՝ սուրբը մի օր հանդիպում է մի մերկ աղքատի, որն սկսում է աղաչել սրբին նրա հագուստներից ինչ-որ բան նվիրել իրեն՝ ծածկվելու: Ս. Մարտինն իր թիկնոցը երկու մասի է բաժանում և մեկը հանձնում աղքատին: Հաջորդ գիշեր սուրբը երազում տեսնում է Հիսուս Քրիստոսին, և Տերն ասում է, որ հենց ինքն էր հայտնվել նրան իբրև մուրացկան:

Ծառայության շրջանում իր սուրը գործադրում է միայն հանցագործներին պատժելու համար, իսկ երբ գալիս է զորացրվելու ժամանակը, Մարտինը ճգնության է քաշվում Լիգուժե անապատ, որ Պուատեի մոտ էր, և այնտեղ շուտով փոքրիկ մի վանք է կազմավորվում: Սուրբի վարքի հեղինակը վանքը ներկայացնում է որպես Գալլիայում վանական կյանքի ակունք, և այն կանգուն է մինչև օրս։ Կարևոր է նշել, որ Մարտինը Արևմուտքում տարածում էր արևելյան, եգիպտական վանականության ավանդույթները՝ բոլոր առումներով հետևելով Անտոն Մեծին:

Շատ շուտով սուրբը իբր մի հիվանդի համար աղոթք անելու համար կանչվում է Թուր և հռչակվում քաղաքի եպիսկոպոս: Մինչ այդ, նա խուսափում էր նույնիսկ սարկավագ ձեռնադրվելուց՝ նախընտրելով երդմնեցուցչի՝ դիվահարվածների վրա հատուկ աղոթքներ կարդացողի, առավել համեստ աստիճանը։ Ս. Մարտինին հատուկ էին հազվագյուտ բարությունն ու հոգատարությունը։ Նախկին զինվորականի առնական ու հաղթ կերպարի համադրմամբ այս հատկանիշները մարդկանց առանձնահատուկ դրական էին տրամադրում նրա նկատմամբ։ Ս. Մարտինը մշտապես հոգ էր տանում հիվանդներին, աղքատներին ու քաղցածներին, որի համար ստանում է «Ողորմած» մականունը։

Եպիսկոպոսանալուց հետո էլ Ս. Մարտինը չէր թողնում վանականության մասին իր երազանքները։ Թուրի առաջնորդանիստում հաստատվելուն գրեթե զուգահեռ Մարմուտյեում վանք է հիմնում, որտեղ հաստատվում են արևելյան վանականության համար սովորական կանոններ՝ ընդհանուր կայք, անսակարկ հնազանդություն, լռակեցության ձգտում, օրական միանգամյա սնունդ, կոպիտ ու պարզ հանդերձանք։ Վանքում, որտեղ սուրբն ինքն էլ հաճախ էր առանձնանում աղոթքի տրվելու, հատուկ ուշադրության կենտրոնում էր աղոթական սխրանքն ու Ս. Գրքի ուսումնասիրությունը։ Այս վանքը տվել է մեծաթիվ եպիսկոպոսներ, որ քրիստոնեություն են տարածել կելտական հեթանոս ցեղերի մեջ։ Ս. Մարտինի գործունեության ծավալի մասին է վկայում նաև այն հիշատակությունը, որ նրա թաղման արարողությանը ամբողջ տարածաշրջանից մոտ 2000 վանական է հավաքվում։

Ս. Մարտինը ննջել է 397թ., Կանդ քաղաքում։ Քաղաքի բնակիչներն ուզում էին նրա մարմինն ամփոփել տեղում, սակայն Թուրի բնակիչներն առևանգում են այն և գետի հոսանքով անխոչընդոտ վեր լողում։ Չնայած աշնանային եղանակին, նրանց ճանապարհին ծաղկում էին ծաղիկներն ու դայլայլում թռչունները։ Ֆրանսիայում ամենասիրված այս սուրբի մարմինն ամփոփված է Թուրի Սուրբ Մարտին եկեղեցում:

Մերովինգյան դինաստիայի գահակալության շրջանում կես թիկնոցը մասունք է դառնում և կոչվում «կապա» (մինչ այդ կապան կաթոլիկ քահանաների հագուստի մաս էր): Ֆրանկների թագավորները կապան վերցնում էին ռազմական արշավների ժամանակ, որը նրանց փրկում էր վտանգներից: Զորքի հետ ռազմարշավի մեկնող քահանան էլ անվանվեց «կապելլան», այսինքն՝ «կապայի պահապան»: Սուրբի տոնն ուղղափառները տոնում են հոկտեմբերի 25-ին, իսկ կաթոլիկները՝ նոյեմբերի 11-ին:

♦♦♦

Հայաստանում քրիստոնեության ընդունումից ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Եկեղեցու գլուխը՝ Հովսեփ կաթողիկոսը, և հոգևորականաց դասը՝ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ, իսկ Սարդարապատի ճակատամարտում հայ հոգևորականները նույնիսկ առանձին փոքր գունդ են ունեցել: Հիշարժան է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գևորգ Զ Ամենայն Հայոց կաթողիկոսի (1945-1954թթ.) ջանքերով և Եկեղեցու միջոցներով կազմավորած ու ռազմի դաշտ ուղարկած «Սասունցի Դավիթ» և «Դավիթ Բեկ» տանկային շարասյուները: Հայ հոգևորականը Արցախյան ազատամարտի օրերին ևս առաջին գծում էր՝ զինված ոչ միայն Աստծու խոսքով։

Զինված ուժերում լայնածավալ գործունեության հնարավորություններ ստեղծվեցին մեր երկրի անկախացումից հետո՝ զետեղելով այն պաշտոնական հողի վրա։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունն ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Բանակի հոգևոր ծառայության առաջին պատասխանատուն Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանն էր, որն այսօր առաջնորդում է կառույցը արդեն եպիսկոպոսի հանգամանքով:

Գնդերեցներն (կապելան) այսօր էլ, ինչպես պատմության հոլովույթներում, հայ զինվորի ու զորականի կողքին են՝ քաջալերելով նրանց հատկապես առաջնագծում`մի ձեռքին ունենալով Քրիստոսի հաղթական Սուրբ խաչը, իսկ մյուսին էլ, անհրաժեշտության դեպքում, ոսոխին պատժող զենքը:

Սարգիս սարկավագ Հարությունյան

Շիրակի կայազորի գնդերեց

Աղբյուր՝ Hayzinvor.am