Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

«Վնասի կեսից հետ դառնաս, օգուտը քոնն է»

Որովհետև շատերը,- որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում,- ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի Խաչի (Փիլ. 3. 18-19):

Պողոս աստվածախոս առաքյալը կարծես մեր օրերի համար ասած լինի այդ: Շատ անգամ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք Տիրոջ փրկարար խաչի խորհրդանիշը իրենց վրա կրելով` բազում ու բազմաթիվ մեղքերի մեջ են ընկղմված` շնության, գողության, կաշառակերության, ընչաքաղցության...

Խաչը դատաստան է նրանց համար, ովքեր անարգում են այն, և փրկություն նրանց համար, ովքեր երկրպագում են: Եթե նախկինում մարդիկ իրենց կյանքն էին նվիրաբերում հանուն Քրիստոսի` նահատակության պսակը կրելով հավիտենական կյանքի համար, ապա այսօր պատկերը փոխվել և աստվածհայհոյության է վերածվել: Խաչանարգ ու աստվածամերժ այս դարում մարդիկ մոռացել են Քրիստոսի գթառատ սերը և լցվել ատելությամբ, ասում են, թե քրիստոնյա են, բայց անարգում են Քրիստոսին և նրա կենսաբեր խաչը իրենց անբարո կեցվածքով, ասում են, թե Աստված կա, բայց աստվածհայհոյության մեջ են կորչում իրենց հակառակը վկայող գործերով: Մարդ սովոր է արդարացնել ինքն իրեն, որ արդարացնի մեղքը, ինչը հատուկ է սատանային: Անաստված այս դարում աստվածապատկեր մարդը դարձել է դրսից աստվածապաշտ, իսկ ներսից աստվածանարգ, իսկ ոմանք` անաստված: Կորցրել ենք երկյուղն Աստծո հանդեպ և չենք էլ մտածում, որ մեղքերի մեջ ենք և դեպի դժոխք ենք ուղղորդում մեր ընտրած կյանքի ուղին: Կյանքի հորձանուտը անդունդ է նետել մարդ արարածին, կորացրել մեղքերի մեջ և ուղղորդել աստվածանարգության: Հետ նայենք ու կտեսնենք, որ մեր հայրերը իրենց կյանքի ողջ իմաստը Խաչի մեջ են տեսել: Մեր սուրբ հայրերը հստակ գիտակցում էին, որ հրաժարվել Խաչից նշանակում է հոգեպես մերկանալ ու բարոյազրկվել: Խաչի խորհուրդը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատքը` նախ Քրիստոսի, ապա մեր սրբազան Եկեղեցու և նրա ավանդույթների նկատմամբ: ՈՒ եթե այսօր մենք ցավեր ու դժբախտություններ, ներքին խռովք ու տագնապներ ունենք, նշանակում է` Խաչից հեռացել ու Նրա խորհուրդն ենք ուրացել, և որ առավել սոսկալի է` անարգել ենք մեր անօրեն ապրած կյանքի իրականությամբ:

Դարեր ի վեր մեր նվիրումը Քրիստոսի վարդապետության հանդեպ, մեր հավատքը Նրա կենսաբեր Խաչին պահպանել են մեր հայ տեսակը և առավել ևս թույլ տվել որպես ազգ, որպես ժողովուրդ գոյատևել: Երբ ծառը կտրես արմատից` կչորանա, երբ այրես` կմոխրանա: Մենք աստվածուրացության մեղքի մեջ ընկնելով` չորանում ենք, անարգելով Տիրոջ փրկարար խաչը` մոխրանում, և որ առավել ցավալի է` կամաց-կամաց դադարում ենք որպես ազգ, ժողովուրդ գոյատևելուց:

Երբ որևէ մեկին լքում է բանականությունը, սկսում են գերիշխել բնազդը և բնազդային կրքերը, որ հատուկ են չորքոտանի կենդանիներին, հետևաբար, նման մարդուց խաղաղություն, անշահախնդրություն, սեր, նվիրվածություն սպասելը միամտություն կլինի, իսկ եթե մարդ բանականության և հավատքի մեջ է, նրա մեջ գերիշխում են հավատը և դրանից բխած աստվածահաճո բարի գործերը, որով նա վերահաստատում է Քրիստոսի, Նրա փրկարար Խաչի հանդեպ իր հավատի նվիրումը:

Մենք մեր ողջ կյանքի ընթացքում մշտապես ընտրության առջև ենք կանգնած, և մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին, ըստ մեր ընտրածի` ստանում համարժեք պատասխան:

Եթե հարատևենք անհավատության և աստվածանարգության մեջ, մեկ օր պետք է զղջանք, բայց ուշացած, անօգուտ և այլևս ենթակա Աստծո դատաստանին: «Մինչ հիվանդանալը հոգ տար քեզ համար»,- ասում է իմաստունը, իսկ ժողովրդական ասացվածքն ասում է. «Վնասի կեսից հետ դառնաս, օգուտը քոնն է»: Աստված մեր առջև կրակ և ջուր է դրել ընտրության իրավունքով` մեկով կզովանանք, իսկ մեկի մեջ ընկնելով` կայրվենք։

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Աղբուր՝ Irates.am