Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մեր Մեծերը․ Ռուբեն Սևակ

Սևակ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի). ծնվել է 1885 թվականի հունվարի 15-ին Սիլիվրի գյուղում (Կ. Պոլսի մոտ): Բանաստեղծ, արձակագիր, բժիշկ: Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911): 1911-14-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: 1915-ին վերադարձել է Կ. Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դ. Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:

1910-ին լույս է տեսել Սևակի «Կարմիր գիրքը», որն ամփոփում է երեք պոեմ՝ «Ջարդի խենթը», «Քրդուհին», «Մարդերգութիւն»: «Մարդերգություն» պոեմի հիմքում ընկած է մարդկային գոյի խորախորհուրդ վերապրումի գաղափարը: Սևակը նպատակ է ունեցել հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրերով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա մտահղացումները:

Սևակի ստեղծագործությունն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում 20-րդ դարի սկզբի արևմտահայ գրականության մեջ: Սոցիալական անարդարության, բողոքի ու ընդվզման գաղափարն է արտահայտված «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը», «Այս դանակը», ողբերգականության հակադրությունը: Ազգային-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909-ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ: «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» և այլ քերթվածներում բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման: Սևակի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում սերը, որը, ըստ նրա, ձգտում է «բացարձակ իդեալին» («Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը»): Նրա սիրո երգերի շարքը («Երգ երգոց», «Գինով սեր», «Եկուր», «Ինչո՞ւ», «Սիրո և մահվան երգը» և այլն) աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ: Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափ, արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը:

Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են: «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» (1913) գրքում զետեղված են բժշկական զրույցներ, որոնք հետապնդում են առողջապահական, ուսուցողական նպատակներ: Դրանք («Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը», «Հարսերուն գաղտնիքը» և այլն) հեղինակի կյանքից վերցված նկարագրություններ են և պատկերված են գեղարվեստական մեծ վարպետությամբ: Մահացել է 1915 թվականի օգոստոսի 26-ին Մեծ եղեռնի զոհ: