Այսպէս է ասում Տէրը. «Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը» (Եսայի 41:2)

Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի (Հովհ. 8.32)

Ճշմարտության վերաբերյալ ըմբռնումները բազմաթիվ են: Ընդհանուր առմամբ, ընդունված է այն կարծիքը, որ ճշմարտությունը գիտելիքի համապատասխանությունն է իրականությանը, այսինքն՝ ճշմարիտ է այն, ինչը նույնական է իրողության հետ: Եթե ուշադրություն ենք դարձնում, ճշմարտություն հասկացության ընկալումը աշխարհիկ մարդը հարմարեցնում է իր պատկերացումներին և գիտելիքներին, որտեղից էլ է բխում է, թե ինչն է ճշմարիտ և սխալ, արդար և անարդար, թեև այս դիտանկյունից՝ կարող է լինել այնպիսի մի իրողություն, որը համապատասխան լինի գիտելիքին կամ իրականությանը՝ համարվելով ճշմարտություն, սակայն այդ իրողությունը լինի դաժան և անարդար այլ մարդու համար:

Հին Հռոմեական ժամանակներում ստրկատիրությունը և ստրուկներին դաժանաբար պատժելը դիտվել է արդարացի և ճշմարիտ, թեպետ ստրուկները նույնպես մարդիկ էին և պայքարում էին իրենց ազատության և կյանքի իրավունքի համար: Հետևաբար, ճշմարտության, արդարության հասկացությունների վերաբերյալ խոսելիս պետք է նկատի ունենանք, որ այս հասկացությունները տարբեր հասարակարգերում և դարերում մեկնաբանվել և մեկնաբանվում են տարաբնույթ կերպերով: Իսկ երբ ուզում ենք խոսել քրիստոնեական ճշմարտության մասին, այն լիովին տարբերվում է մարդկային այս ըմբռնումներից:

Անցողիկ աշխարհում մահկանացու մարդու համար ճշմարտությունը դառնում է հարաբերական հասկացություն, քանի որ որևէ ժամանակում այն կարող է ճշմարիտ համարվել, իսկ մեկ այլ ժամանահատվածում` սխալ և դատապարտելի: Արդ, երբ փնտրում ենք ճշմարտությունը, պիտի հասկանանք, թե մեր որոնումներն ինչպիսի աշխարհընկալման մեջ ենք փնտրում, որովհետև մարդկային ճշմարտությունը, արդարությունը լիովին տարբերվում են աստվածային ճշմարտությունից և արդարությունից: Սբ. Գր. Տաթևացին հետևյալ հետաքրքիր դիտարկումն է կատարում` նշելով, թե ինչ է ճշմարտությունը. ճշմարտությունը նույն պարզ և աստվածային խոսքն է, որ չունի ոչ մի ստություն և հակառակ չէ ինքն իրեն: Եվ սրանով զանազանվում է ճշմարիտը ճշմարտությունից, այսինքն՝ մասը ամբողջից, ինչպես մարդը՝ մարդկությունից: Դարձյալ՝ ճշմարիտ է մարդու խոսքը, և ճշմարտություն է աստվածային խոսքը: Դարձյալ՝ ճշմարիտը երբեմն ստի է փոխվում, ինչպես իմաստասերների խոսքը, իսկ ճշմարտությունը չի փոխվում, ինչպես հավատքի լույսը: Ավետարանը շեշտում է, որ Աստծո խոսքը ճշմարտություն է (Հովհ. 17.17): Սակայն ճշմարտությունը ճանաչելու ու հասկանալու համար անհրաժեշտ է ապաշխարություն, ինչպես սբ. Պողոս առաքյալն է նշում Տիմոթեոսին ուղղված նամակում. «Որ թերևս նրանց ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը» (Բ Տիմոթ. 2.25):

Հավատքն առ Աստված այն ուղին է, որը մարդու առջև բացահայտում է ճշմարտությունը: Հովհաննես առաքյալն Ավետարանի հենց սկզբում նշում է, որ օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Քրիստոսի միջոցով եղան (Հովհ. 1.17): Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված նամակում շեշտում է, որ Քրիստոսով է, որ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը (Եփես. 1.13): Ուշագրավ է Ավետարանի այն խոսքը, որտեղ Հիսուս ասում է. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8.32): Եվ դեռ ավելին, այնուհետև տեսնում ենք, որ Քրիստոս նշում է, որ ինքն է Ճշմարտությունը (Հովհ. 14.6): Մաղաքիա արք. Օրմանյան պատրիարքը նշում է, որ Աստված կյանք է, կամ թե կյանքը Աստծով է, կյանքի իրականացումը` ճշմարտության հետևելով է ստացվում, իսկ ճշմարտության ուսուցիչն` Ինքը` Հիսուս է: Ուրեմն Ինքը, Հիսուս է Աստծուն հասնելու ճամփան, և ճշմարտությունն էլ և կյանքն էլ Իրենով է իրականանում և ստացվում, որով էլ Ինքը լինում է ճշմարտություն և կյանք տվողը կամ թե նույնիսկ ճշմարտությունն ու կյանքը: Հետևաբար, ինչպես Պողոս առաքյալն է նշում. ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են, այլևս ոչ մի դատապարտություն չկա նրանց համար (Հռոմ. 8.1), քանի որ Աստծու ճշմարտությունն ազատում է մարդուն մեղքի գերությունից և մոլորության սարդոստայնից: Այս մասին Հիսուս ազդարարում է, երբ ժողովարանում կարդում է Եսայի մարգարեությունից, ուր ասվում է, որ եկել է գերիներին ազատում քարոզելու, կեղեքվածներին ազատ արձակելու (Ղուկ. 4.19): Իսկ նա, ով մեղք է գործում, մեղքին է ծառա (Հովհ. 8.34): Հիսուս Քրիստոսով մարդ կարողանում է ազատվել մեղքի կապանքներից, ինչպես Հիսուս նշում է՝ արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք (Հովհ. 8.36): Ուստի, կարևոր է, որ ճանաչենք Ճշմարտությունը՝ Քրիստոսին և ճշմարտությունը՝ մեր մասին, այսինքն՝ մեր մեղավոր վիճակը տեսնենք և ճանաչենք, որպեսզի ապաշխարությամբ մոտենանք ու լիապես հաղորդակից լինենք Աստծուն և ազատություն ձեռք բերենք, ինչպես առաքյալն է ասում. «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. 3.17): Եվ Ավետարանի միջոցով ասվում է, որ Ճշմարտության Հոգին ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ (Հովհ. 16.13):

Հետևաբար, հոգևոր իմաստով ճշմարտությունը պարզապես իմացաբանություն չէ, այլ Աստծո հայտնությունն է Հիսուս Քրիստոսի միջոցով և Սբ. Հոգու կողմից վկայվում է, և Սուրբ Հոգին ուսուցանում և լուսաբանում է Ճշմարտությունը բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են Աստծուն և կյանքի ճշմարտությունը: Հովհաննես առաքյալն այսպես է հորդորում. «Որդյակնե՛ր, խոսքերով և լեզվո՛վ չսիրենք, այլ՝ գործով և ճշմարտությամբ։ Եվ հենց դրանո՛վ ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, և Նրա առաջ կանգնելու վստահություն կունենան մեր սրտերը» (Ա Հովհ 3.18-19):

Հովհաննես Մանուկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am