Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

«Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»

Ամեն մարդ ձգտում է կատարյալին: Կյանքը լի է անկատարություններով: Մարդիկ դժվարությունների և նեղությունների են հանդիպում: Կատարյալ քրիստոնյա գոյություն չունի:

Մեր Տերը միայն կատարյալ անձանց չսիրեց. «Ես եկա, որպեսզի մեղավորին փրկեմ»: «Երկինքը ցնծությամբ է լցվում, երբ մի մեղավոր ապաշխարում է»:

Կատարելության ձգտումը շարունակական է: Հավատացյալը չի կարող ասել, թե կատարյալ դարձա, այլևս փնտրելու կարիք չկա, կարող եմ հանգստանալ:

«…Աղոթե՛ք նրանց համար,- ասում է Հիսուս,- որ չարչարում են ձեզ ու հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:44-48):

Անշուշտ, անկարելի է Աստծու նման կատարյալ լինել։ Փրկության ճանապարհը Նրան նմանվելու և Նրա շնորհքով մեծանալու աննահանջ հոգևոր մի քայլարշավ է, մի թռիչք է մեղքից դեպի Քրիստոս, գերությունից` ազատություն, խավարից` լույս, կորստից` հույս, և մահից դեպի կյանք գնալու համար:

Այս պատմությունը հետաքրքիր է. «Մի զորահրամանատար ապստամբում է թագավորի դեմ: Զինվորները նրան բռնում են ու շղթայակապ տանում խաչելության վայրը, խաչի վրա մահվան դատապարտելու: Սակայն խաչելության վայրը հասնելով, զորահրամանատարը զարմացած ու սարսռած տեսնում է խաչված այն թագավորին, որի դեմ ապստամբել էր: Այդ թագավորը նրա հայրն էր, որն իր օրենքների դեմ չգործելու և արդարադատությունը պաշտպանելու համար հանձն էր առել խաչվելու, պատիժը կրելու իր որդու փոխարեն` նրան փրկելու համար»:

Ահա այսպիսին է կատարյալ Աստծու արդարությունը և սերը մարդու հանդեպ: Աստված արդար է և չի կարող անտեսել մեղքը, որի վարձը մահն է: Բայց կատարյալ Աստված նաև սեր է և փրկում է մարդուն` հատուցելով նրա փոխարեն… «Մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմ. 6:23):

Վանքում մի սուրբ ճգնավոր կար, բոլոր միաբանները փորձում էին նրա օրինակին հետևել, և երբ աշակերտներից մեկը նրան հարց է տալիս իր սրբակյաց կյանքի մասին, նա համեստորեն պատասխանում է. «Տղա՛ս, ես դեռ նոր սկսեցի, նոր սկսեցի»:

Եթե ուզում ենք առողջ և եղբայրական հարաբերություններ հաստատել մեր միջև, պայման է, որ ամեն բանից առաջ մենք տեսնենք մեկս մյուսի լավ կողմերը, հատկություններն ու արժանիքները: Եթե լավի կողքին թերություններ էլ կան, դրանք թող մի քիչ սպասեն: Մենք նախ տեսնենք լավ կողմերը:

Բայց, անշուշտ, այստեղ անմիջապես մեր դիմաց է դուրս գալիս անողոք ճշմարտությունը. ցանկանալն այլ բան է, գործադրելը` ուրիշ:

Մեր առօրյա կյանքում ճանաչում ենք մարդկանց, ովքեր իրենց նմանների մեջ անպայման բացասական բան են փնտրում: Նրանք նման են այն ոստիկաններին կամ դատախազներին, որոնց բնական պարտականությունն է կասկածել մարդկանց` փնտրելով նրանց հանցանքը: Մենք պիտի ասենք, թե դժբախտ է այն մարդը, որն անհամբեր սպասում է, թե իր նմանը երբ պիտի սխալվի: Դժբախտ է նա, եթե հիվանդագին երջանկություն է զգում այդ թերությունները բացահայտելուց: Դժբախտ է, որովհետև մարդու հոգին միայն լավ ու գեղեցիկ բաներով է լուսավորվում, իսկ բացասական տվյալները խավար են ստեղծում հոգու մեջ: Հիսուս ասում է. «Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես` քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7:5): Մարդն իսկապես չար է դառնում, եթե շարունակ սխալ, կեղտոտ, տգեղ բաներ է փնտրում ու դրանից հաճույք ստանում: Ո՜վ գիտե, թերևս մենք էլ շատ անգամ ենք գործել նույն սխալը, նախընտրել ենք մոռանալ նրանց լավ կողմերը: Ի՛նչ է, նրանք լավ կողմեր չունե՞ն: Անշուշտ, ունեն: Զարմանալու բան չկա, եթե նրանց մեջ գտել ենք նաև ժխտական գծեր:

Աշխարհի վրա միայն անմիտ ու միամիտ մարդիկ կարող են պնդել, թե մարդը հարյուր տոկոսով մաքուր ու կատարյալ է: Ամենասուրբ մարդն անգամ, հավանաբար, մի մեղք կամ մի թերություն ունի: Անթերի մարդ չկա: Աստված չէր կարող ստեղծել մեկին, որը նաև լավ կողմ չունենար: Ճիշտ է, կույր չենք և, բնական է, որ պիտի տեսնենք սխալներն ու թերությունները, բայց դրանից առաջ շատ կարևոր է, որ մեր աչքերը լայն բացենք, որպեսզի տեսնենք լավ կողմերը: Կարծում ենք, որ լավ է հիշել հետևյալը. ճիշտ է, մարդիկ երբեմն չարիքներ են գործում, ունեն սխալներ ու թերություններ, բայց այս աշխարհի վրա ինչքա՜ն լավ բան, որ իրականացվել է կամ իրականություն է դառնում, կատարվել է ու հիմա էլ կատարվում է մարդկանց լավ կողմերի ու բարի հատկությունների շնորհիվ: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am