Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Բարոյականությունը նպատակ չէ

Բոլորս էլ խոսում և հարցեր ենք տալիս բարոյականության մասին: Թեման հետաքրքիր է: Սակայն ավելի շատ մեզ հետաքրքիր է դիմացինի՛ բարոյականության չափն ու դրսևորումները: Բարոյական կյանքի մասին խորհելիս, նախ մեր հայացքը պիտի ուղղվի դեպի Աստված, ապա մեր անձը: Ցավոք, հասարակության մեջ բարոյականության մասին տարածված ընկալումների համատեքստում, Աստված ընկալվում է որպես Մեկը, Ով հետևում է, թե ով ինչպես է ապրում, և եթե որևէ մեկը մեղավոր կյանքով է ապրում, պատժում է: Արդյունքում մարդկանց մոտ պատկերացում կա, որ Աստված և Աստծո բարոյականության պատգամները խանգարում են վայելել այս կյանքը:

Իրականում Աստվածային պատվիրանները, բարոյական նորմերը ոչ միայն ղեկավարում են մեր միտքը, այլև տալիս են հնարավորություն բարոյականության մե՛ր պատկերացումները ձևավորելու: Գուցե թվա, որ մոտեցումը սուբյեկտիվ կլինի, սակայն խնդիրը հենց այն է, որ բարոյականության մեր պատկերացումները պետք է ոչ միայն ձևակերպվեն գեղեցիկ շարադրանքով, այլ նաև ապրվեն: Այստեղ պահանջվում է պատասխանատվություն, ազնվություն և սեր: Ահա ազատության մեր բաժինը: Ազատությամբ ապրելու փոխարեն սիրում ենք ազատ ձևանալով ասել՝ ես ուզում եմ վայելել կյանքը, իսկ Աստված չի թողնում:

Խոսում ենք բարոյականության իդեալների մասին, բարոյական կենցաղավարությամբ ապրելու հնարավորությունների մասին խոսելու փոխարեն: Բարոյականությունը սահմաններ չունի: Որևէ իրողություն կամ իր չի կարող դառնալ մեր բարոյականության սահմանը: Բարոյականությունն իդեոլոգիա չէ, այլ իրական հնարավորություն՝ մեր կոչումն ու առաքելությունն իրականացնելու:

Որքան սահմանում ենք կամ իդեալականացնում բարոյականությունը, այնքան սահմանափակում ենք մե՛ր՝ կատարելության ձգտումը: Մյուս կողմից, սխալ է բարոյականության նորմերը պահող մարդուն անվանել իդեալիստ:

Մեր կյանքի նպատակը բարոյականությունը չէ, այլ՝ կատարելությունը: Պարզապես հաճախ բարոյականության ճանապարհին ինչ-որ բան կորցնում ենք, երբ մարդկային հարաբերություններում բախում է լինում կամ ինչ-որ բան մարդու մեջ կոտրվում է: Վերցնենք նավատորմի օրինակը: Որպեսզի այն ամբողջական լինի, նախ կարևոր է, որ նավատորմի բոլոր նավերն իրարից ճիշտ հեռավորության վրա լինեն՝ ո՛չ շատ մոտ, ո՛չ շատ հեռու: Ինչպես նաև կարևոր է, որ յուրաքանչյուր նավ լինի տեխնիկապես անթերի:

Բարոյական կյանքի հիմքը ազնվությունն ու ներդաշնակ հարբերություններն են, ներքին խաղաղությունը և նպատակի հստակ գիտակցումը:

Մեզ թվում է, որ բարոյականությունը վերաբերում է հասարակական կյանքում մեր դրսևորումներին: Բայց ի՞նչ օգուտ, եթե դիմացինի հետ ազնիվ ենք, բայց ինքներս մեզ հետ՝ ոչ: Կամ ի՞նչ օգուտ, եթե մեր բարոյականության նպատակը դիմացինին դուր գալն է: Սա պարզապես ձևապաշտություն է: Բարոյականությունը սկսվում է սեփական անձից, անդրադառնում հասարակական կյանքին և ձգտում դեպի Աստված:

Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Qahana.am