Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Հատակում

Հատակում, 1987 թվականին «Երևան» ՀՖՍ-ի կողմից նկարահանված հայկական ֆիլմ` Մաքսիմ Գորկու համանուն պիեսի մոտիվներով։

Սյուժե

Գործողությունները ծավալվում են հասարակության «հատակում»` օթևանատանը, որի բնակիչները գոյության ամենօրյա պայքարը լրացնում են կյանքի իմաստի շուրջ տարվող հուսահատական վեճերով։

Գլխավոր դերերում

Մարդու որդի - Սոս Սարգսյան
Բարոն - Մհեր Մկրտչյան
Դերասան - Վլադիմիր Մսրյան
Լեդի - Թամար Հովհաննիսյան
բանվոր - Կարեն Ջանիբեկյան
տանտիրուհի - Անահիտ Թոփչյան
Գողի որդի - Ալեքսանդր Խաչատրյան
ծերուկ - Ազատ Շերենց
դերձակ - Հ. Հայրապետյան
Աննա - Ա. Սարգսյան
քույր - Ա. Մարտիրոսյան
տնատեր - Վահրամ Եղշատյան
«գորոդովոյ» - Արմեն Խոստիկյան
կին - Է. Պետրոսյան,
բեռնակիր - Հենրիկ Ալավերդյան
թաթար - Ս. Մկրտչյան
փողոցային - Մուրադ Ջանիբեկյան

«Հատակում»ֆիլմի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, Life.panorama.am-ի «Մեր կինոն» շարքից։

1987 թվականին Մհեր Մկրտչյան դերասանի տաղանդի նոր դրսևորումներն արդեն սպասված էին Սովետական Միությունում և դրանից դուրս: Այն, որ ամեն անգամ Ֆրունզիկը բեմերի վրա ու էկրաններին հայտնվում էր նորովի, մարդկանց արդեն չէր զարմացնում: Առհասարակ, նրանից կարելի էր սպասել ամեն ինչ, ու Ֆրունզն ամեն անգամ արդարացնում էր այդ սպասելիքները: Բացառություն չէր լինելու նաև նրա հերթական նախաձեռնությունը, բայց այս անգամ դրան հավատալը, մեղմ ասած, դժվար էր:

Երբ նույն թվականին դերասանն ու իր ընկերները բախեցին Հայաստանի Հեռուստապետկոմի դռները, մեծ եղավ նախագահ Ստեփան Պողոսյանի զարմանքը, ինչին հաջորդելու եկավ նրա թերահավատությունը՝ իրեն ներկայացրած առաջարկի վերաբերյալ: Բանն այն է, որ դերասանը որոշել էր ի կատար ածել իր վաղեմի երազանքը և փորձել իր ուժերը՝ որպես կինոռեժիսոր: Այս նպատակով նա աչքի տակ էր առել իր սիրելի պիեսներից մեկը՝ Մաքսիմ Գորկու «Հատակումը», որն արդեն Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել էր` իր մասնակցությամբ: Բայց այս անգամ նա վճռել էր էկրանավորել ֆիլմը և հանդես գալ զուտ որպես ռեժիսոր: Այս ցանկությունն իրականացնելու համար, սակայն, մեծ գումար էր անհրաժեշտ, որն այդ պահին ապահովել հնարավոր չէր: Հեռուստապետկոմի նախագահը պատրաստ էր տրամադրել միայն 80 հազար ռուբլի, որը շատ քիչ էր՝ որակյալ ֆիլմ ստանալու համար: Բայց Ֆրունզիկը վստահ էր, որ ինքն ու իր ընկերները նույնիսկ այդ, ֆիլմի համար չնչին գումարով կարող էին արդյունքի հասնել: Ինչպես ժամանակը ցույց տվեց, նա չէր սխալվել:

Ամենակարևորն այն էր, որ բոլորը հավատում էին Ֆրունզիկի հավատին, հետևաբար, հաջողության հասնելու վերաբերյալ քննարկումներին փոխարինեցին արդեն գործնական քայլերը: Իր նպատակին հասնելու համար նա վերջին պահին ստիպված եղավ նույնիսկ հրաժարվել ռուսական «Մարդը՝ Կապուցինների փողոցից» Ֆիլմում նկարահանվելուց, որտեղ պետք է կերտեր հնդկացիների առաջնորդի դերը: Ֆրունզիկն ամբողջովին տարվել էր պիեսի էկրանավորման մտքով, և հետաքրքրական է, որ որպես սկսնակ ռեժիսոր՝ չէր ընտրել թեթև ու փոքր մի գործ, որն ավելի հեշտ կլիներ էկրանավորել: Հետևաբար, ավելի դժվար էր լուծել տեխնիկայի, լուսավորություն ապահովելու, համապատասխան վայր ընտրելու և որ ամենակարևորն է՝ լավ դերասանական կազմ հավաքելու հարցերը:

«Հեղնար աղբյուր» ֆիլմի նկարահանումներից հետո հիշողությանս մեջ մնացել էր մի նկուղ, որը գտնվում էր Հին Նորքում, այնտեղ փոքրիկ էպիզոդ էինք նկարահանել, և ընդամենը մեկ պատուհան ունեցող այդ նկուղը դարձավ մեր ֆիլմի նկարահանման վայրը՝ «Հատակումի» օթևանատունը»,-պատմում է ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը: Նկարահանման վայրն ընտրելուց հետո թիվ մեկ խնդիրն արդեն «Հատակումի» միջավայրը, պիեսի տրամադրությունը ստանալն էր. «Մենք այնքան փող չունեիք, որ հատուկ զգեստներ պատվիրեինք. ինչքան ճղված շոր, հատակի փալաս կար՝ բերում կամ հագնում էինք, կամ էլ պատերից էինք կախում: Նույնիսկ մի քանի անգամ ինքս շենքերից հատակի շորեր եմ գողացել, բերել մեզ մոտ, բայց մի նրբություն կար՝ դրանք բոլորը գունային ներդաշնակության մեջ էին՝ խամրած ու պիեսի մթնոլորտին համապատասխան»,-այսօր արդեն ծիծաղով հիշում է օպերատորը:

Փաստորեն, ֆիլմում տաղավար, որպես այդպիսին, չկար, և նկուղն այնքան փոքր էր, որ անգամ շարժվելու հնարավորությունը չնչին էր, հետևաբար միզանսցենաները բացառված էին: Եվ միայն ռեժիսորի, օպերատորի (ընդ որում՝ առանց օգնականի), ու նկարչի՝ Ռաֆայել Բաբայանի ջանքերով հնարավոր եղավ այդ բացը փակել: Նախ՝ դերասանների հետ աշխատելիս ճիշտ լուծումները գտնելով և հետո՝ հետաքրքիր դեկորացիաներ ստանալու միջոցով:

Մեկ սենյակում, կարելի է ասել՝ ոչնչից ֆիլմ ստանալու գրավականներից գլխավորը այն դերասանական կազմն էր, որը հավաքվել էր. «Ստեղծվեց հանճարեղ դերասանների մի փունջ, որի նմանը կարող եմ ասել, որ ունեցել ենք մեկ էլ «Տժվժիկի» ժամանակ,-փաստում է Լևոն Աթոյանցը,-նրանք, բացի այն, որ չափազանց տաղանդավոր էին, նաև շշմելու աստիճան հավատարիմ էին իրենց գործին. որևէ մեկը փողի մասին չէր խոսում»:

Դերասանական հիմնական կազմն ընտրելու գործընթացը, սակայն, մի առումով անկանխատեսելի ընթացք է ստանում: Բանն այն է, որ նախապես վճռվել էր՝ բարոնի դերում պետք է հանդես գար Խորեն Աբրահամյանը: Բայց, այդպես էլ անհայտ պատճառներով նա հրաժարվում է մասնակցել նկարահանման աշխատանքներին այն դեպքում, երբ դրանք արդեն 15 օր էր, ինչ մեկնարկել էին: Երբ արդեն անհնար էր կողմնորոշվել՝ ինչ անել այդ պարագայում, Ֆրունզիկը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը և որոշում է, որ բարոնի դերը կխաղա հենց ինքը: Փաստորեն, զուտ որպես ռեժիսոր հանդես գալու նրա ցանկությունը չիրականացավ, և անխուսափելի եղավ նրա մասնակցությունը պիեսում՝որպես դերասան:

«Զարմանալի հատկություն ուներ Ֆրունզը. նրան միաժամանակ և´ սիրում էին, և´ հարգում: Սոսը, որ Սոսն էր, երեխայի պես ենթարկվում էր նրան: Այս հանգամանքն էր նաև, որ ստիպում էր դերասաններին անել անհնարինը: Ասեմ նաև, որ ինձ համար հեշտ էր նրա հետ աշխատել, մինչև «Հատակումը» մենք ծանոթ էինք «Սովի ժամանակները», «Ուրախ, տխուր մարդը», «Զինվորն ու փիղը» և այլ ֆիլմերից»,-հիշում է Աթոյանցը:

Ազատ Շերենցի, Սոս Սարգսյանի, Վլադիմիր Մսրյանի, Կարեն Ջանիբեկյանի, Մհեր Մկրտչյանի և նրա կնոջ՝ Թամարա Հովհաննիսյանի կողքին երիտասարդ դերասաններ էին ՝ Ալեքսանդր Խաչատրյան, Անահիտ Թոփչյան, Սոսի դուստրը՝ Անահիտ Սարգսյանը և այլոք:

Դերասան Կարեն Ջանիբեկյանը կարոտով է հիշում այդ ժամանակները, իր ընկերներին, որոնցից մի քանիսը, նրա խոսքով, իրենց հետ անվերադարձ տարան բարձր արվեստը.

«Հատակումը» համախմբեց դերասանական ուժեղ կազմ՝ մի սենյակում: Բանվորը մի յուրահատուկ տրագիկ կերպար էր, որը, կարծում եմ, կարողացա վերապրել: Հիշում եմ, որ իմ խաղի ժամանակ Ֆրունզիկն ասաց՝ «Ցավդ տանեմ, ապրես», հուզվեց, եկավ ճակատս համբուրեց...Թատրոնում պիեսը բեմադրելուց հետո ասելիքն այնքան էր խմորվել, որ ի վերջո նկարահանվեց նաև ֆիլմը»,-վերհիշում է Կ.Ջանիբեկյանը:

Միմյանց հետ ներդաշնակ դերասանական խաղ էին կերտում նաև այն ժամանակ երիտասարդ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանն ու Անահիտ Թոփչյանը, որոնք միմյանց ճանաչում էին դեռևս թատրոնից:

«Հիշում եմ՝ Ալիկը խաղում էր գողի որդու դերը, Անահիտը՝ տանտիրուհու: Մի տեսարան կար, որտեղ նրանք միասին մտնում են խուցը, և ամուսինը բռնեցնում է այդ երկուսին: Չեք պատկերացնի՝ ինչ ջանքեր պահանջվեց ինձնից՝ այդ տեսարանը նկարելու համար. ես այդ երկուսի հետ մի խցում էի, բացարձակ չէինք տեղավորվում, մի կերպ ֆիքսել եմ կադրերը՝ փոշու ու կեղտի մեջ կորչելով»,-պատմում է ֆիլմի օպերատորը:

Նա հիշում է նաև, որ պիեսի ամենամաքուր կերպարին՝ Աննային, որին կերտում էր Անահիտ Սարգսյանը, պետք էր յուրահատուկ ձևով ներկայացնել: Որոշ ժամանակ մտածելուց հետո Աթոյանցը գտնում է լուծումը՝ հատուկ լուսավորության ներքո ցույց տալու միջոցով արտահայտել նրա ներաշխարհը:

Աթոյանցը պատմում է, որ ֆիլմի լուսավորությունն ապահովելու հարցն այնքան էլ դյուրին չէր. «Հիմնականում լույսը նկուղից ներս գցում էի մոտակա մայթեզրից»,-ասում է նա:

Նկարահանման վայրը նաև Չարենցի փողոցի տներից մեկն էր, որի առաստաղն այնքան ցածր էր, որ օպերատորն ու դերասանները ստիպված էին մի շարք հնարքների դիմել. «Երբ դրսից նկարում էի դերասաններին, պետք էր այնպես ներկայացնել, թե իբր նրանք կանգնած են, բայց դա անհնար էր, քանի որ տունը շատ ցածր էր, ու շատ տեսարաններում նրանք նկարահանվել են ծնկաչոք»,-պատմում է Աթոյանցը:

Ով դիտել է ֆիլմը՝ կհիշի նաև մի էպիզոդ. գնացքում նստած են հարուստները, «Հատակումի» բնակիչները նայում են ու նրանց փոխարեն պատկերացնում իրենց: Որտեղի՞ց գտնվեց այդ գնացքը և ինչպե՞ս այն հասավ Երևան: Պարզվում է՝ Գյումրիում (Լենինական) այդ ժամանակ մի գնացք է եղել, որն այդ պահին չէր աշխատում: Երևան, մասնավորապես՝ Հաղթանակի զբոսայգի է տեղափոխվել գնացքի ընդամենը երկու վագոնը. «Մեզ անհրաժեշտ էր ցույց տալ ամբողջական շարժվող գնացք, բայց, որպեսզի չզգացվեր, որ գործ ունենք ընդամենը երկու վագոնի հետ, սկզբում նկարահանել եմ միայն անիվները, հետո դերասաններից ամեն մեկին առանձին նստեցրել եմ վագոնի մեջ ու այդպես նկարահանել, քանի որ միասին անհնար էր դա անել»,-բացատրում է օպերատորը:

Աթոյանցը մինչև այժմ էլ դժվարանում է բացատրել՝ ինչպես նրանց հաջողվեց երկու մասից բաղկացած ֆիլմ նկարահանել ընդամենը կես տարում, այն էլ՝ նման պայմաններում, այն էլ՝ գունավոր: Իհարկե, այն ժամանակ իրենք էլ չէին պատկերացնում, թե ինչ հաջողություն է ունենալու «Հատակումը», և թե ինչպես իրենց զարմանքը չեն կարողանալու զսպել նախկին թերահավատները՝սկսած Մշակույթի նախարարությունից:

Այսպիսով, ֆիլմի պրեմիերայից շուրջ մեկ տարի անց՝ Մինսկում տեղի ունեցած Համամիութենական ֆիլմերի մրցույթ-փառատոնում «Հատակումը» արժանանում է առաջին մրցանակի՝ «Ռուսական կլասիկայի լավագույն էկրանավորում» անվանակարգում: Ուշագրավ է, որ ռուսներն իրենք 10-15 անգամ էկրանավորել էին պիեսը, բայց նման հաջողություն երբևէ չէին գրանցել:

«Ռուսները մեզ պես նկարել չէին կարող...մերոնք «Հատակումը» մեկնաբանեցին իրենց ձևով, եթե կուզեք իմանալ՝ ֆիլմում հենց «հայկական հատակն» է: Չնայած որ, մերոնք կարողացան դրան համամարդկային հնչեղություն հաղորդել»,-ասում է ֆիլմի օպերատորը: Նա հիշեցնում է, որ Ֆրունզիկն իր սովորության համաձայն այս դեպքում ևս դիմեց էքսպերիմենտների: Նա բեմադրեց որոշ տեսարաններ, որոնք, առհասարակ, բացակայում էին պիեսում: Ֆիլմի վերջում մի փիլիսոփայական էպիզոդ կա. երբ «Հատակումի» բնակիչները բարձրանում են կտուրները և սկսում են հաչալ մարդկանց վրա. սա Ֆրունզիկի մտածածն էր, որը հետագայում մեծ արձագանք գտավ:

Եվ այնուամենայնիվ, այս պատմության մեջ մի հարց մնում է անպատասխան. ինչու՞ Մհեր Մկրտչյանը որոշեց էկրանավորել հենց Գորկու «Հատակում» պիեսը: Կարծիքներից մեկն այն է, որ դերասանի մանկությունն անցել է ծանր պայմաններում, Ֆրունզիկը վատ է ապրել ու այդ հանգամանքը նպաստել է, որ այս պիեսը նրան հոգեհարազատ դառնա: Այնուամենայնիվ, այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ, ու, թերևս, պետք էլ չէ. փաստն այն է, որ, ինպես Լևոն Աթոյանցն է ասում, ոչնչից ստեղծեցին ֆիլմ ու այն էլ՝ ինչ ֆիլմ:

Հ.Գ. «Հատակում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1987-ի հոկտեմբերի 9-ին՝ Երևանում: Գունավոր այս ֆիլմի տևողությունը 140 րոպե է: Հեղինակ, բեմադրիչ և ռեժիսոր՝ Մ. Մկրտչյան, բեմ. Օպերատոր Լ. Աթոյանց, բեմադրող նկարիչ՝ Ռ. Ս. Բաբայան, կոմպոզիտոր՝ Ա. Բոյամյան, հնչյունային օպերատոր՝ Հ. Հակոբյան, ռեժիսոր՝ Պ. Դնոյան, օպեր.՝ Կ. Բաբայան, զգ. նկ.՝ Ա. Գրիգորյան, նկ. դիմ.՝ Խ. Զահալյան, մոնտ. ՝Ա. Պողոսյան, խմբ. ՝ Տ. Դաշտենց, տն.՝ Ռ. Ներսիսյան: Դերերում. Մարդու որդի՝ Սոս Սարգսյան, Բարոն՝ Ֆ .(Մ.) Մկրտչյան, Դերասան ՝Վ. Մսրյան, Լեդի՝ Թ. Հովհաննիսյան, բանվոր՝ Կ. Ջանիբեկյան, տանտիրուհի՝ Ա. Թոփչյան, Գողի որդի ՝Ա. Խաչատրյան, ծերուկ՝ Ա. Շերենց, դերձակ՝ Հ. Հայրապետյան, Աննա՝ Ա. Սարգսյան, քույր՝ Ա. Մարտիրոսյան, տնատեր՝ Վ. Եղշատյան, «գորոդովոյ»՝ Ա. Խոստիկյան, կին՝ Է. Պետրոսյան, բեռնակիր՝ Հ. Ալավերդյան, թաթար՝ Ս. Մկրտչյան, փողոցային՝ Մ. Ջանիբեկյան: Գործողությունները ծավալվում են հասարակության «հատակում»` օթևանատանը, որի բնակիչները գոյության ամենօրյա պայքարը լրացնում են կյանքի իմաստի շուրջ տարվող հուսահատական վեճերով:

Բացառիկ լուսանկարները՝ Լևոն Աթոյանցի արխիվից:

Հեղինակ Աննա Բաբաջանյան