Այսպէս է ասում Տէրը. «Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը» (Եսայի 41:2)

Տիրամայրը

«Մեկն է իմ Աղավնին, իմ կատարյալը, իր մոր միակն է նա, իր ծնողի ընտրյալը. նրան դուստրերը տեսան և երանի տվեցին» (Երգ Երգոց Զ 8):

Աստվածային կատարելությունների չափն անսահման է. Տիրամայրն այդ կատարելությունները կենտրոնացրել էր իր մեջ, որոնց շնորհիվ էլ նա մի այնպիսի կատարյալ կյանքով ապրեց, որ մինչև իսկ Աստծու Մայր կոչվեց: Տիրամայրը մոր տիպար է, որը ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով պիտի քայլի յուրաքանչյուր կին: Սովորություն է դարձել ասելը, որ կինը տկար արարած է, սակայն կա մի բան, զորավոր մի բան, որը բարձրացնում ու զորություն է տալիս կնոջը. սիրտն է այդ: Սրտի մեջ ապրող զգացմունքն ու սրտի զորությունն է, որ ազնվացնում է կանանց: Սրտով «զգալու» կարողության զորությունն է՛լ առավել կանանց մեջ է կենսատու, ինչպես Մարիամի դեպքում, ում սիրտը լի էր հույզերով ու ապրումներով: Տղամարդուն չի կարելի ավելի զգացմունքային համարել, քան կնոջը. մտքի ուժն է առավել զորավոր տղամարդու մեջ, իսկ կինը սրտի՛ անբավ զորություն ունի: Իմաստուն, կատարյալ, «աղավնի» կինը նա է, ով ի զորու է իր կյանքի ազնիվ ընթացքով արթնացնել իր մեջ այդ նրբազգացությունը:

Մարիամը մեկն էր, որ իր որդուն ներշնչեց մաքուր ու երկնային մի զգացում՝ աստվածային սերը: Հիսուսի մեջ դրսևորված անեզր ու անհուն աստվածային սիրո զգացումը Մարիամինն է… Կնոջ կոչումը իր զավակներին ազնիվ ու մաքուր զգացումներ ներշնչելն է. կնոջ կոչումը մայրությունն է: Հասարակության մեջ կինը կարող է ներկայանալ իբրև ամեն տեսակի ձիրքերով օժտված մեկը: Կանայք կարող են տղամարդկանց նման գործել, հաշվարկներ անել, տրամաբանել, կառավարել, տիրապետել և այլն, սակայն սրանցից և որևէ մեկը կնոջ կոչումը չէ: Իսրայելի պատմության մեջ հանդիպում ենք բավականին ուշագրավ կանանց, որոնք մեծ դեր են ունեցել Իսրայելի ճակատագրի հարցում, բայց և նրանք ևս իրենց կոչման, այսինքն՝ մայրության մեջ միայն պիտի կարողանային հավիտենանալ:

Եսթերն իր գեղեցկությամբ փրկեց վտանգված հրեությանը: Հայելն իր քաջությամբ փառք ու պարծանքը դարձավ իր ազգի, և սոսկում ու արհավիրք՝ իր թշնամու համար: Դեբորան իր դատողականությամբ և օրենսգիտությամբ պատիվ բերեց կանանց սեռին, սակայն մի՞թե կնոջ կոչումը գեղեցկությունը, քաջությունը և դատողականությունն է: Անտարակույս է, որ գեղեցիկ, արիասիրտ և դատող կինը սիրելի ու հարգելի է, բայց եթե այդ հատկություններին չի լծակցվում մայրությունը, այդ հատկությունները կորցնում են իրենց հմայքը:

Տղամարդն իր անձի հաջողության երեք ասպարեզ ունի՝ ընտանիքը, պաշտոնը և հայրենիքը, մինչդեռ կնոջ համար միայն ու միայն մեկ ասպարեզ գոյություն ունի, որն է ընտանիքը: Կնոջ համար ընտանիքն էլ, պաշտոնն էլ, հայրենիքն էլ իր ընտանեկան հարկի ներքո են: Քաղաքական ասպարեզը, անհատական, արվեստագիտական բնագավառները գրեթե փակ պետք է լինեն նրանց առջև, սակայն արդյո՞ք նրանք, ովքեր մայր լինելու ընդունակ չեն, պետք է իրենց առջև փակ գտնեն այդ ասպարեզները: Այսօր թե՛ իմաստասիրությունը և թե՛ պատմությունը գալիս են վկայելու, որ լինի անհատական ձեռնարկներում, թե քաղաքական հարթակներում կինն ամենամեծ հաջողությունները կարող է ունենալ՝ նույնիսկ գերազանցելով տղամարդուն: Ուրեմն իրավունք չունենք մայրանալու անընդունակ կանանց դասակարգին երբևէ ասել, թե՝ «դու իրավունք չունես քաղաքական և հրապարակային կյանքին մասնակցելու»:

Մայրերն են, որ կաղապարում ու ձևավորում են իրենց զավակների խոսքը, լեզուն, զգացմունքները, գաղափարը, թռիչքը, հայացքը, շարժուձևը, միով բանիվ՝ միայն ու միայն մայրն է, որ ամեն բան շնորհում է իր զավակին ու ձևավորում է նրան: Մայրն է, որ զավակների մեջ սերմանում է բարեսրտություն, գթություն, կարեկցանք, շնորհ և այլն: Մայրն է, որ իր զավակին ներշնչում է սեր. որքա՜ն գեղեցիկ կատարելություններ կան միմիայն այս բառի մեջ: Նաև՝ կնոջ բարոյական արիությունն անհամեմատելի է տղամարդու արիության հետ: Եթե որևէ վտանգի դիմագրավելու, արյուն թափելու հարկ է լինում, տղամարդը համարձակորեն մարտի է նետվում, մինչդեռ կինը սարսռում է: Տղամարդն էլ, սակայն, չգիտի վշտերի բեռը կրել ու համակերպվել. հիվանդությունները հուսահատեցնոմ են նրան, կորուստներն՝ ընկճում, մինչդեռ կին-մայրերը հաղթանակում են և անգամ դժբախտության մեջ քաղցրասիրտ են մնում, և ոչ միայն իրենց, այլև ուրիշների աղետներին էլ են համբերությամբ դիմագրավում:

Մոր սիրտը սահման չունի. այն չի սահմանափակվում որևէ կերպով: Սրտի իշխանությունը միայն մայրերին է բնորոշ: Սիրտը, այո՛, սիրտն է, որ արիացնում է մայրերին իրենց պարտականության մեջ, սիրտն է, որ մորն ամբողջ գիշեր շարունակաբար հսկել է տալիս իր զավակի հիվանդության ժամանակ: Այդ այն դեպքում, որ ամենազորավոր հայրը, մի քանի ժամ անքուն մնալուց հետո, ի վերջո, ոգեսպառ քուն է մտնում մահամերձ զավակի կողքին, մինչդեռ սիրտը արիացնում է մորը:

Ի՞նչը կարող է մարդուն ավելի շատ օգնել կատարելագործման և այս երկրի վրա երջանկության հասնելու գործում, մի՞տքը, թե՞ սիրտը. սիրելը մտածել է, բայց մտածելը սիրել չէ: Ի՞նչ են իմաստասիրական գրությունները, բոլոր ընկերական երևակայությունները, բոլոր քաղաքական մտածումներն ու բոլոր մտածված ստեղծագործությունները: Շատ անգամ դրանք վաղանցուկ բաներ են: Մտքի ստեղծագործություններից այսօր վսեմ համարվող որևէ մտածում վաղը գուցե ամուլ կամ ծաղրանքի արժանի դառնա: Այն ի՞նչ արժեք ունի պաշտելի ու անփոփոխ հավիտենական առաքելության՝ Սիրո համեմատ, որը չունի ո՛չ թվական, ո՛չ տարիք, ո՛չ ծերություն ու ո՛չ անկում, այլ միմիայն մեզ իրապես մոտեցնում է Աստծուն:

Վաղը, եթե հանճարն էլ այս աշխարհից վերանա, աշխարհը դարձյալ իր Ստեղծողի աչքերի առջև լինելուն արժանի պիտի լինի, սակայն եթե սերը, բարի գործերը ջնջվեն՝ երկիրը դժոխքի կվերածվի: Մայրերն են, որ այդ սերը ներշնչում են որդիներին: Իսկ նա, ով առանց կնոջ կամ մոր խնամքի է մեծացել, գրեթե միշտ որևէ թերություն է ունենում իր սրտի, զգացումների ու հավատքի մեջ: Վեստյան կույսերի պես մայրերն են, որ անշեջ են պահում սիրո կրակը: Եթե մարդ մինչև իսկ ամենամեծ հանճարն էլ լինի, սակայն մանուկ հասակում մայրական գուրգուրանքի ու խնամքի առարկա եղած չլինի, դժվար կլինի նրանից ազնիվ զգացումներից բխող գործեր սպասելը: Մեծագույն դեմքերին, ձեզ ծանոթ հայտնի մարդկանց հերթով անցկացրեք ձեր մտքով. եթե կամենաք նրանց կյանքի գաղտնիքների մեջ թափանցել, այնտեղ կգտնեք նրանց մայրերին, որոնք իրենց կյանքում ամենամեծ ներշնչողներն են եղել:

Այժմ էլ, երբ ես խոսում եմ ձեզ հետ, իմացե՛ք, որ իմ ձայնի մեջ, իմ խանդավառության մեջ զմայլեցուցիչ, անլսելի մի ձայն ու անիմանալի մի ավյուն կա. մորս ձայնն է այդ, մորս խանդավառությունը: Մայրը ստվերում թաքնված մի խորհրդավոր էակ է: Մարդն ինքն իրենով կատարյալ չէ, այլ՝ իր մոր միջոցով. «Քո մայրը անեղծ մարմին կծնի»: Մայրերը գիտեն ուրիշի համար ապրել, ասես բնատուր է նրանց մեջ անձնվիրությունը: Նրանք գիտեն միայն բարիք գործել, սակայն բարերարին ծածուկ պահել: Սովորել, որպեսզի ուրիշն ուսանի իրենցից, մտածել, որպեսզի ուրիշը խոսի, լույս փնտրել, որպեսզի ուրիշը փայլի: Այս ամենից ավելի գեղեցիկ ճակատագիր գոյություն չունի մոր համար, քանի որ այս ամենն անձնվիրություն է նշանակում, իսկ անձնվիրությունից առավել ազնիվ ի՞նչ կոչում գոյություն ունի: Ամենահուսահատ մարդն էլ մոր շնորհիվ ոգևորությամբ է լցվում: Առանց մոր, առանց կնոջ մարդ ընկճվում է, սակայն ապրելու եռանդով է պարուրվում, երբ մայր ու կին է ունենում իր կողքին:

Համայն տիեզերքում մայրերին մի պատվավոր դեր է վերապահված, այն է՝ մարդկային բոլոր օրենքների ու սահմանումների մեջ սեր ներշնչելու դերը: Նրանք են, որ այսկերպ մեր օրերի քաղաքակրթությունը պիտի վեր բարձրացնեն ու հասցնեն իր ամենից վեհ մակարդակին: Այսկերպ է, որ մայրերը մեր սովորական կյանքին օգտավետ մի ազնվություն են հաղորդում, որը, հիրավի, հիացմունք է առաջացնում:

Ո՞վ ներշնչեց, ո՞վ ուժ տվեց, ո՞վ ոգևորեց, ո՞վ դյուցազուններ տվեց մարդկությանը՝ մայրը: Ո՞վ մարդկությանը սիրտ, հոգի, եռանդ, խանդավառություն ու ոգևորություն տվեց՝ մայրը: Շատ անգամներ ասվում է, թե հռչակավոր մարդիկ իրենց մորից են կրթություն ստացել: Շիլլերի, Լամարթինի, Անդրե Շենիեի անունները վկայում են այդ մասին: Մերոնցից օրինակներ չեմ բերում, քանի որ մենք կենսագրական ստույգ վկայություններ չունենք: Ինչևէ, մայրերն են, որ նրանց մեջ հեղում են Սուրբ Հոգին, առանց որի, անտարակույս, «մեծ մարդ» չկա:

Մայրերից ավելի լավ ո՞վ կարող է մեզ սովորեցնել, որ հայրենիքից անդին մի աշխարհ կա, որը մարդկությունն է, և որ մարդկությունը հայրենիքից էլ վեր է, իսկ մարդկությունից վեր էլ գոյություն ունի մեր պաշտամունքի առաջին ու ամենասուրբ առարկան, որ Աստված է: Միմիայն մայրերը կարող են մանկանն Աստծուն սիրել սովորեցնել: Եթե Հորատիոսը մոր կողմից կրթված լիներ, Կամելլային չէր սպանի: Եվ կամ ո՞վ հավատքի բերեց սուրբ Օգոստինոսին. նրա մայրը: Ո՞վ կրթեց սուրբ Ոսկեբերանին. նրա մայրը: Ո՞վ փրկեց սուրբ Բարսեղին. նրա մայրը: Ո՞վ սրբացրեց սուրբ Լյուդովիկոսին. նրա մայրը: Մայրերն են, որ կազմել են գառնուկի և առյուծի «խառնուրդ» մարտիրոսների վսեմ ու սքանչելի դասակարգը:

Արդ, հարցնում եմ ձեզ. ո՞վ ներշնչեց, ձևավորեց ու կաղապարեց Հիսուսի հոգին ու սիրտը: Ո՞վ ձևեց ու կերպավորեց Հիսուսի լեզուն, խոսքը, զգացմունքները, գաղափարը, թռիչքը, հայացքն ու շարժուձևը: Ո՞վ Նրան տվեց սերը, մաքուր հոգին ու սիրտը. Իր Մայր Մարիամը… Մարիամն առաջինը եղավ, որ աշխարհին ցույց տվեց, թե՝ կնոջ կոչումը մայրությունն է, և մայրությամբ է, որ կինը պիտի փրկի իր պատիվն ու ազատագրվելով՝ իր արժանիքներով դառնա տղամարդուն համահավասար և դեռ մի բան էլ հասարակության մեջ առավել թանկ ու պատվելի:

Առաջին օրինակը Մարիամն ի՛նքը եղավ: Նա պատրաստեց, ստեղծագործեց մի զավակ, որ աշխարհի Փրկիչը եղավ, անձնվեր մի հոգի, մի ազատագրիչ: Հիսուսի խոսքերում չե՞ք լսում գուրգուրանքի, խանդաղատանքի մի ձայն. ո՞ւմն է այդ ձայնը: Հիսուսի ձայնի մեջ անիմանալիորեն զուգախառնված է Նրա մոր ձայնը: Մարիամն իր աղքատիկ խրճիթի միջից, իր սակավ միջոցներով կարողացավ փրկել, ազատագրել աշխարհը՝ պարգևելով աշխարհին լավագույն ձիրքերով ու առավելություններով օժտված մի Մանուկ, Աստծու շնորհներով օծված մի Որդի:

Զավակի պատմությունը կարդալով` ճանաչում ենք նաև մոր սիրտը, անձնվիրությունն ու սրբությունը և նրա մայրության վեհությունը: Մենք պետք է պատվենք Սուրբ Աստվածածնին ոչ թե այն բանի համար, որ նա իր արգանդում սնեց ու կրեց մարդացյալ Աստծուն, այլ քանի որ նա իր աստվածային շնչով, իր մաքրամաքուր զգացումներով այնպիսի շունչ, ոգի ու սիրտ տվեց իր զավակին, որ կարողացավ Նրան ընծայել մարդկությանը որպես կատարյալ մարդ և կատարյալ Աստված: Եվ, հետևաբար, որքա՜ն լավ ու վայելչորեն են պատշաճում Մարիամին Առակաց գրքի այս տողերը.

«Շատ դուստրեր հարստություն ձեռք բերեցին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից» (Առակաց ԼԱ 29):

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am