Այսպէս է ասում Տէրը. «Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը» (Եսայի 41:2)

«Իմ արյունը թափվում է շատերի մեղքերի թողության համար»

(Մատթ.26.17-25, Մարկ.14.12-25, Ղուկ.22.7-23, Հովհ.13.21-30, Կոր.11.23-25)

Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկի գառն են մորթում, Հիսուսը, Բեթանիայից գալով Երուսաղեմ, իր աշակերտների հետ սեղան է նստում (որպես փառքի աթոռին նստելու խորհրդանիշ): Մինչդեռ աշակերտները ուտում էին, Հիսուսն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26-21): Հիսուս այդ ասաց, քանի որ ցանկանում էր ճիշտ ուղու վրա բերել մատնիչին, բայց ավելի շատ տխրեցին մյուս աշակերտները: Այդ ժամանակ Հիսուսն ասաց.«Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու» (Մատթ. 26-23): Հուդան իր ձեռքը մտցրեց պնակի մեջ, բայց աշակերտները չնկատեցին և Տերն ասաց. «Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրված է, բայց վա՛յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթե այդ մարդը ծնուած չլինէր» (Մատթ. 26-24): Այդ ժամանակ Հուդան, որ հետո պիտի մատներ Հիսուսին, հարցրեց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Եվ Տերն ասաց` դու ասացիր (Մատթ. 26-25):

Հաղորդության խորհրդի հաստատում

(Մատթ.26.26-30, Մարկ.14.22-26, Ղուկ.22.14-20, Կոր.11.23-25)

«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ Մարմինը»: Դրանով Քրիստոս ցույց տվեց, որ ինքնակամ եկել է երկիր` չարչարանքով սպանվելու` մարդկանց փրկություն ու կենդանություն տալու նպատակով:
«Եվ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար»: Հին ուխտում անասունին մորթելուց հետո վերցնում էին բաժակով արյունը և ընծայում, իսկ նոր ուխտում Տերն Իր Արյունը տվեց, որը խաչի վրա թափվեց մարդկանց փրկության համար:
Վարդապետներն ասում են, որ հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդն է, ինչպես մկրտությունը` հավատի, իսկ ապաշխարությունը՝ հույսի:

Աղոթք Գեթսեմանում

(Մատթ.26.36-46, Մարկ.14.32-42, Ղուկ.22.31-46, Հովհ.13.36-38)

Զատկական ընթրիքից հետո Հիսուս Իր աշակերտների հետ բարձրանում է Ձիթենյաց լեռը և ասում. «Դուք ամէնքդ այս գիշեր Իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ` հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն»: Այնուհետև աշակերտներին քաջալերելու համար հավելում է. «Եւ իմ յարությիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»: Բայց Պետրոսը, վստահ լինելով իր հավատարմության մեջ, ասաց. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»: Եվ Տերը հանդիմանեց նրան. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: Իսկ Պետրոսը թե. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Եվ նրա հետ համաձայն էին մյուս աշակերտները:
Այնուհետև նրանք գնացին Գեթսեմանի պարտեզ, և Հիսուս Պետրոսի և Զեբեդեոսի երկու որդիների հետ գնաց աղոթելու: Սրանով Հիսուսը մեզ սովորեցնում է փորձությունների ժամանակ առանձնանալ և աղոթքով հաղթահարել նեղությունները: Եվ Նա աղոթում է. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ ինչպէս ես եմ կամենում, այլ` ինչպէս դու»: Այդպես Քրիստոս հրաժարվում է Իր կամքից և հոժարությամբ կատարում Հոր կամքը, քանի որ նույնն է Հոր, Որդու և Սուրբ Հոգու էությունը, ուստի և` կամքը:
Հիսուսը աղոթքից հետո վերադառնում է աշակերտների մոտ, բայց նրանց քնած տեսնելով արթնացնում է և հորդորում աղոթել, որ փորձության մեջ չընկնեն: Ապա կրկին գնում է աղոթելու և վերադառնալով նրանց քնած է գտնում: Նորից կրկնում է Իր խոսքերը: Երրորդ անգամ աշակերտներին քնած տեսնելով ասում է. «Ննջեցէ’ք այսուհետեւ ու հանգստացե’ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում»:
Այդ ժամանակ սրերով ու մահակներով զինված ամբոխի հետ գալիս է Հուդան և Հիսուսին համբուրելով մատնում ձերբակալության: Աշակերտները հասկանում են, որ Տերն Իր կամքով է մատնվում, թողնում են Նրան ու փախչում: Հիսուսին տանում են Կայիփա քահանայապետի մոտ:

Պետրոսի ուրացումները

(Մատթ.14.66-72, Մարկ.14.66-72, Ղուկ. 22.56-62, Հովհ. 18.15-18, 25-27)

Երբ Հիսուսին տանում են Կայիփա քահանայապետի մոտ, Պետրոսն ու Հովհաննեսը հեռվից հետևում են Նրան, որպեսզի ականատես լինեն իրադարձությունների ընթացքին: Տիրոջը ներս տանելիս նրանց հետևում է նաև Հովհաննեսը, ով ծանոթ էր քահանայապետին: Հետո Պետրոսին էլ ներս տարան: Երբ աղախինը ճանաչում է նրան, վախենում է ներս թողնել: Այդ ժամանակ Պետրոսն ուրանում ու ասում է, թե չի ճանաչում Հիսուսին: Գավթում նրան նորից են հարցնում, թե արդյոք նա գալիլիացի է, և Պետրոսը նորից ուրանում է: Երբ երրորդ անգամ են նույն հարցը տալիս նրան, սկսում է նզովել ու երդվում է, որ չի ճանաչում Հիսուսին:
Երբ Պետրոսը երեք անգամ ուրանում է Տիրոջը, աքաղաղը կանչում է: Պետրոսը հիշում է Տիրոջ խոսքը, որ ասել էր, թե՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: Եվ հիշելով իր համառությունն ու հակառակվելը` դուրս է գալիս ու դառնորեն լալիս: Կրկին կատարվում է Տիրոջ կանխատեսումը:

Կազմեց Լուսինե Մխիթարյան
Աղբյուր՝ Holytrinity.am