Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Խաչելություն

Քրիստոսի խաչելությունը, որի հիշատակն է այսօր, հավիտենական խորհուրդ ունի: Այսօրվա խորհուրդը մեզ բացահայտում է մարդկային չարիքը և Աստծո սերը: Չէ՞ որ Ինքը՝ Քրիստոս մեզ սովորեցրեց չարիքը բարությամբ հաղթահարել: Քրիստոսի խաչելության պատմության մեջ մարդը հանդես է գալիս իր ողջ չարությամբ և այդ չարությունն էլ դարձավ մարդու ողբերգությունը՝ թե այն ժամանակ, թե այսօր: Թեև այդ ողբերգությունը տարբեր կերպ է արտահայտվում, սակայն էությունը դրանից չի փոխվում:

Այսօր հիշում ենք Հուդայի օրինակն, ով մատնեց Հիսուսին: Չնայած Հուդան զղջաց, սակայն Քրիստոս արդեն դատապարտված էր մահվան և հուսահատությունը նրան մղեց մյուս՝ ճակատագրական սխալի՝ ինքնասպանության: Հուդայի օրինակը մեզ հիշեցնում է, որ եթե մեղք ես գործել, այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Իսկ արդյունքում մարդը սկսում է ատել այն ինչ ձեռք է բերում մեղքի արդյունքում: Հուդան դավաճանեց Հիսուսին և այն երեսուն արծաթը, որը ձեռք բերեց, իր համար այլևս իմաստ չուներ:
Հուդայի օրինակը ահազանգ է ամենքիս: Մենք հեռու չենք Քրիստոսին դավաճանելու գայթակղությունից: Երջանիկ կյանքի փափագը, երբեմն մեզ ստիպում է մեղանչել՝ հասնելով «արգելված պտղին»: Սակայն երբ ստանում ենք այդ «արգելված պտուղը», անմիջապես ցանկանում ենք ազատվել դրանից, քանի որ այն այլևս իմաստ չունի:

Հիշում ենք նաև Պիղատոսի օրինակը: Պիղատոսը Քրիստոսի նկատմամբ ատելություն չուներ, սակայն անցյալի մեղքերը, չարիքը, խանգարեցին նրան տեսնելու Ճշմարտությունը: Պիղատոսը կարծես ցանկանում է ազատ արձակել Հիսուսին, սակայն վախեցավ ամբոխից, վախեցավ, որ հրեաները կբողոքեն կայսեր, քանի որ Քրիստոսին ներկայաված երեք մեղադրանքներն էլ քաղաքական բնույթ ունեին: Հիսուսի նկատամաբ հիմնական մեղադրանքը աստվածհայհոյությունն էր, սակայն հրեա ղեկավարները շատ լավ էին պատկերացնում, որ այս մեղադրանքով Պիղատոսը Քրիստոսին մահապատժի չէր դատապարտի: Այդ պատճառով քաղաքական ենթատեքստով երեք մեղադրանք առաջադրվեց.

• Քրիստոս հեղափոխական-խռովարար էր
• Ժողովրդին սովորեցնում էր կայսեր հարկեր չվճարել
• Ինքն իրեն թագավոր էր համարում

Իհարկե, մեղադրանքներից և ոչ մեկը իրականությանը չէր համապատասխանում, սակայն այս մեղադրանքներն իսկապես Պիղատոսին կստիպեին Հիսուսին դատապարտելու մահվան: Ավետարանից տեղեկանում ենք, որ Պիղատոսը փորձում էր իր խղճի ձայնին հետևել, սակայն վախենում էր նաև, որ եթե չկատարի հրեաների պահանջը, ապա վերջիններս կայսեր կբողոքեն իր կաշառակերության, դաժանության, անարդարության մասին և ինքը ստիպված էր լինելու կայսեր բացատրություններ տալու: Ուստի Պիղատոսը որոշեց լվանալ ձեռքերը: Պիղատոսը գիտեր, որ Քրիստոս անմեղ է, սակայն անցյալի իր հանցանքները հրեաներին հնարավորություն տվեցին ստիպելու իրեն՝ գնալ խղճի ձայնին հակառակ:

Այն, որ Պիղատոսը լվաց ձեռքերը, իր անզորության վկայությունն էր, ոչ թե ազնվության: Նա հասկանում էր, որ Հիսուս ոչ հեղափոխական էր, ոչ խռովարար և ոչ էլ հավակնում էր աշխարհիկ իշխանության: Քրիստոսի խորհրդավոր լռության արդյունքում անհարմար վիճակում էր հայտվել Պիղատոսը, կարծես ինքն էր կանգնած դատարանի առաջ: Նա անում էր ամեն ինչ Հիսուսի աստվածային զորությանը չենթրկվելու համար: Բայց դա միակ փրկության հնարավորությունն էր, որը բաց թողեց` ձեռքերը լվանալով: Չէ՞ որ մենք էլ ենք այդպես վարվում. վախենում ենք լինել քրիստոյա, հասկանալով, որ դա է մեր միակ փրկությունը:

Ձեռքերը լվանալու ավանդույթը հրեական էր: Հրեաները ունեին նման սովորույթ. երբ գտնում էին ինչ որ մեկի դին ու հայտնի չէր, թե ով է մարդասպանը, ապա այդ վայրին մոտ գտնվող քաղաքի ծերերը պետք է զոհ մատուցեին և լվանային ձեռքերը, որպեսզի մաքրվեին մեղքից: Այն ժամանակ կարծես անհայտ էր, թե ով սպանեց Քրիստոսին և այդ անհայտությունը շարունակվում է մինչև այսօր: Մենք էլ հաճախ անտարբերորեն լվանում ենք մեր ձեռքերը` ցույց տալով, որ մենք չենք Քրիստոին խաչողը, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այդ կերպ չենք կարող խուսափել պատասխանատվությունից: Պիղատոսի օրինակով մենք էլ, հաճախ, չկարողանալով ազատվել մեր անցյալի մեղքերի բեռից, դառնում ենք անզոր` ճիշտ որոշումեր կայացնելու և ճշմարտությունը պաշտպանելու հարցում: Սա էլ կարևոր ազդակ է ամենքիս` ժամ առաջ խոստովանությամբ ու ապաշխարությամբ թոթափելու մեր մեղքերի բեռը և Աստծո ողորմությամբ լվանալու ոչ թե մեր ձեռքերը, այլ` հոգին ու սիրտը:

Խաչելության պատմությունը մեկնաբանության կարիք չունի, մենք կարող ենք պարզապես վերապրել այդ իրողությունը, քանի որ խաչի զորությունը հենց խաչելության պատմության մեջ է: Քրիստոս խաչվեց երկու ավազակներիր հետ: Նա մինչև վերջ եղավ մեղավորների կողքին: Շատերը ծաղրում էին Քրիստոսին. իջիր խաչից և մենք կհավատանք քեզ: Սակայն մենք հավատում ենք Տիրոջը հենց նրա համար, որ չիջավ այդ խաչից: Հրեաները Աստծո մեջ կարող էին տեսնել միայն Նրա զորությունը, իսկ Հիսուս ցույց տվեց, որ Աստված զոհաբերվող Սեր է:

«Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»: Այս սաղմոսն էր, որ հնչեց Հիսուսի շուրթերից խաչելության ժամանակ: Կարծես հուսահատություն և կասկած կար այս խոսքերի մեջ: Գուցե կար, սակայն այդ հուսահատությունն ու կասկածը մեր ողբերգությունն էր, ոչ թե Քրիսոսի: Հիսուս այդ պահին կարծես թափանցեց Աստծուց հեռացած մարդու ողբերգության մեջ` այստեղ էլ մեզ մենակ չթողնելով: Այսպիսով Տերը մեր կյանքն ամբողջությամբ, թե ուրախությունը և թե դժբախտությունն իմաստավորեց Իր օրհնաբեր ու հավիտենական ներկայությամբ:

Քրիստոս Իր հոգին ավանդեց բացականչելով` ամեն ինչ կատարված է: Սա Տիրոջ հաղթանակի վկայությունն էր, Ով կատարեց Իր առաքելությունը և հաղթեց աշխարհին: Այս ձայնը կարծես ծնվում է խավարի մեջ և ցրում այդ խավարը: Հիսուս ավանդեց Իր հոգին հաղթանակի այս ճիչը շուրթերին: Եվ եթե մենք հավատարիմ մնանք Քրիստոսին մինչև վերջ, նունիսկ այն ժամանակ, երբ կթվա, որ Աստված մեզ լքել է և մեր հավատքը` սասանվել, վստահ եղեք, որ կծագի Աստծո լույսը և կհաղթահարենք մեր կյանքի խավարը: Կհաղթի նա, ով երբեք չի ընդունի, որ Աստված լքել է իրեն: Կհաղթի նա, ով երբեք չի դադարի հավատալ, եթե նունիսկ ոչ մի հիմանվորում չգտնի հավատալու համար: Կհաղթի նա, ով միշտ հավատարիմ կլինի Աստծուն, թեկուզ ուժերը հատվեն: Չէ՞ որ Քրիստոս հենց այսպես վարվեց, Որին վայել փառքն ու պատիվը հավիտյան. ամեն:

Տ. Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Holytrinity.am