Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Սիրում եմ Քեզ , ո՜վ Յիսուս (Յովհ․ 21,15)

Տարօրինակ մի պահ էր այսօր։ Կանուխ՝ արշալոյսին, արթնացել էի ու հիացումով դիտում էի արեւածագը՝ խորասուզուած բնութեան հրաշալի գոյների եւ թռչունների զիլ ձայների մէջ, որոնք յատուկ եղանակներով զարդարում եւ գոհաբանում էին աստուածային տիեզերական Ստեղծիչին։

Այս ուրախ ու անդորր վիճակի մէջ յանկարծ զգում եւ լսում եմ մի խորհրդաւոր ձայն, չգիտեմ՝ երեւակայական թէ իրական, հոգեբանական թէ աստուածային մի ձայն էր։ Ձայնը խառնուում էր գաղափարներիս հետ։ Գաղափարները յուշում էին ինձ Աւետարանի մի դէպք՝ Յիսուսի խօսքերը՝ Պետրոսին ուղղուած (Յովհաննէս 21,15)։ Վերջապէս կարճ կերպով ասեմ՝ ամբողջական ուշադրութիւնս ընկղմուել էր այն տարօրինակ ձայնի ալիքների մէջ, ու սկսել էի բնազդաբար ինձ ուղղուած հարցումներին պատասխանել։ Գլխաւոր հարցումը սիրոյ մասին էր։

Անունս հնչեցնելով՝ հարցնում էր՝ սիրու՞մ ես ինձ։

Վճռական ու հաստատ պատասխանեցի․ «Այո՜, Տէ՜ր, սիրում եմ Քեզ, Դու իմ փրկութիւնն ես, ու ես ու՞մ գնամ»։

Այս արտերկրային կամ աստուածային ձայնը, եւ քանի ես քրիստոնեայ եմ, հետեւաբար Յիսուսի ձայնին վերագրելով, շարունակում էի լսել Նրա ձայնը, որ կրկին ու կրկին հարցնում էր՝ ասելով․ «Եթէ հաշմանդամ լինէիր, պիտի սիրէի՞ր Ինձ»։

Մի քիչ շուարած հարցումից՝ նայեցի ոտքերիս, ձեռքերիս, մարմնիս ու ես ինձ սկսեցի հարցնել․ «Ի՜նչ բաներ պիտի չկարողանայի անել, եթէ հաշմանդամ լինէի»։ Թէեւ տատամսոտ, սակայն քաջութեամբ պատասխանեցի այն խորհրդաւոր ձայնին՝ ասելով․ «Տէ՜ր, դժուար պիտի լինէր ինձ համակերպուել հաշմանդամութեանը, բայց եւ այնպէս՝ այո՛, պիտի ասէի՝ սիրում եմ Քեզ սիրել»։

Վստահ եմ, որ շատերիս հետ պատահել են նման հոգեվիճակներ, պահեր, ուր մեր հոգու խորը, խորհրդաւոր զգացմունքներ կամ եղանակներ ենք ունեցել եւ չենք իմացել կերպը նրանցից ազատուելու եւ չենք կարողացած ազատուել երբեմն օրերով։ Նոյն վիճակի մէջ էի։ Լսում էի այն խորհրդաւոր ձայնը՝ իմանալով, որ Յիսուսի ձայնն էր, քանի սիրոյ բառի վրայ էր կենտրոնացել, եւ ես աշխատում էի դուրս գալ այս գոյավիճակից՝ դիտելով արեւի արշալոյսը, շնչելով գարնանային անուշ զեփիւռը։ Սակայն ի դերեւ։ Յիսուս շարունակում էր ինձ հարց տալ․ «Եթէ կոյր լինէիր, ինձ պիտի սիրէի՞ր»։

Մտածում էի աշխարհի կոյրերի մասին, ու աչքիս դիմաց եկան բազմաթիւ կոյրեր, որոնք, ի գին իրենց կուրութեան չարչարանքի, հաւատարմօրէն ապրում էին իրենց հաւատքը եւ շարունակում էին յաճախել պաշտամունքի տեղեր, Եկեղեցիներ, տաճարներ ու ժողովարաններ՝ զԱստուած փառաբանելու համար։ Դժուար էր պահը, ու տատամսելով պատասխանեցի․ «Թէեւ դժուար է ինձ երեւակայել կամ ընդունել նման մի գոյավիճակ, սակայն պիտի շարունակեմ ասել՝ սիրո՜ւմ եմ Քեզ, ո՜վ Փրկիչ իմ»։

Այս պատասխանով կարծում էի դուրս գալ այս անվերջ հարցումներից ու դառնալ՝ բնութեան հրաշալիքները վայելելու։ Սակայն, ի հեճուկս իմ համակերպումի, ձայնը մնաց իմ ականչի մէջ՝ չդադարեց։ Այն շարունակում էր ինձ յուշել եւ ծովի ալիքների նման խփում էր ուղեղիս, ու տեղատարափ անձրեւի նման հարցումները գալիս ու գալիս էին իմ գլխի մէջ։ Այն տարօրինակ եւ խորը մտորումները, կարծես, ուզում էին ինձ մի իրականութեան դիմաց դնել, հետեւաբար շարունակուում էր հարցարանը․ «Եթէ խուլ ու համր լինէիր, Ինձ պիտի սիրէի՞ր»։

Այստեղ յիշեցի Յիսուսի եւ Պետրոսի միջեւ պատահած երկխօսութիւնը, երբ երեք անգամ Քրիստոս հարցրեց Պետրոսին․ «Սիրո՞ւմ ես Ինձ աւելի, քան դրանք» (Յովհ․ 21,15), ու Պետրոսը, շուարած ու մի քիչ վիրաւորուած, հաստատօրէն պատասխանում էր․ «Այո, Տէր, եւ Դու գիտես, որ Քեզ սիրում եմ» (Յովհան․ 21,16)։ Ես էլ, Պետրոսի նման լրիւ շուարած ու ինքս ինձ հետ պայքարելով, աշխատում էի կերպը գտնել դուրս գալու այս վիճակից, որդեգրելով Ս․ Յովհաննէս առաքեալի ընդհանրական առաջին Թուղթի խօսքերը, ուր ասում էր․ «Որդեակներ, խօսքերով եւ լեզուով չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ» (Յովհ․ ըդհանր․Ա, 2,18-19) պատասխանեցի․ «Այո, սիրում եմ Քեզ, Տէ՜ր, եւ Դու գիտես, որ սիրում եմ ու դարձեալ պիտի սիրեմ»։ Վերջին փորձս էր դուրս գալու այս չարչարանքից, քանզի նման պարագաներում դժուար է առանց լսողութեան եւ խօսելու կարողութեան լսել ու փառաբանել զԱստուած։ Բայց հետաքրքրական երեւոյթը այն էր, որ ես ինձ հետ շարունակում էի դեռ պատասխանել․ «Աստուածային այս ձայնին կրկելով Յովհաննու Առաքեալին խրատը ասելով միայն շրթունքով չէ, որ կարող եմ զԱստուած փառաբանել, այլ եւ սրտով ու գործով նաեւ»։ Ու բարձրաձայնելով միտքս՝ ասում էի․ «Դու էիր, ո՛վ Տէր, որ Եսայիի բերանով ասում էիր․ «Այս ժողովուրդը մօտ է ինձ բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից» (Եսս․29,13)։

Այս պահից արդէն աւելի հանգիստ էի։ Դուրս եկայ քայլելու, ըմբոշխնելու գարնանային ծաղիկների բուրումն ու թռչունների ձայների կազմած տիեզերական գերագոյն համերգը։ Երջանիկ էի։ Կարծում էի, թէ Աստծու հետ հաշտ կարող եմ արդէն բնականոն օրս շարունակել, երբ յանկարծ նոյն ձայնը կը վերադառնայ, ու մի հարցում եւս գլխիս մէջ, բայց կտրուկ շեշտով․ «Իսկապէս Ինձ սիրու՞մ ես ամբողջ կամքովդ, սրտովդ ու կարողութեամբդ»։

Այստեղ ես ինձ անդրադառնալով ասում էի․ «Այս ի՜նչ խենթ ու խելառ մտքեր են անցնում իմ գլխով»։ Աշխատեցի ինքս ինձ հաւաքել ու աչքերս բնութեան վրայ սեւեռելով՝ աշխատեցի ցրել այս մտասեւեռումը, կարճ ու վերջնական պատասխանել, ասեցի․ «Այո՜, Տէ՜ր, սիրում եմ Քեզ, քանզի Դու ես ճշմարիտ Աստուածը»։

Այս պատասխանին յիշեցի Ս․Պետրոսի պարագան, երբ Յիսուս աշակերտներին հարցրեց․ «ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում․ Ես ո՞վ եմ»։ Ու աշակերտները կարգով պատասխանեցին․ «Յովհաննէս Մկրտիչը․ եւ ոմանք Եղիան եւ․․․»(Ղուկ․ 9,19)։Բայց Յիսուս չգոհացաւ պատասխաններից,ու ինչպէս ինձ հետ պատահում էր, նոյնպէս այդ պահին էլ, Յիսուս ուղղակի նրանց հարցը ուղղեց․ «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում»։ Այդ պահին Պետրոս առաքեալը, ոտքի կանգնելով, հարցեց․ «Դու ես Որդի Աստուծուն» (Ղուկ․ 9, 20)

Կարճ լռութիւնից մի պահ յետոյ դարձեալ նոյն ձայնը դարձաւ, բայց այս անգամ աւելի մեղմ ու քաղցրիկ շեշտով հարցնում եւ անուղղակի խրատում էր ինձ՝ ասելով․ «Եթէ այնքա՜ն վստահ կը պատասխանես Ինձ, ինչո՞ւ էիր հեռանում Ինձնից, երբ ամէն ինչ լաւ էր քեզ մօտ, իսկ եւ երբ դժուարութեան մէջ լինէիր, դիմում էիր ինձ աղօթագին»։ Ուղեղս սառեց, ու Զաքարիայի նման պապանձուեցի, լեզուս չորացաւ, ու աչքերիցս առատահոս արցունքները սկսեցին վազել։ Ամաչում էի ես ինձնից, մանաւանդ, երբ ինձ յիշեցնում էր անձնասիրութիւնս ու հապճեպով կատարած աղօթքներս, մինչ բարեկամներիս հետ երկար ու անվերջ պարապ ժամեր էի պարպում․ «Քանի անգամներ ապարդիւն օգնութիւններ էիր խնդրում աջից ու ձախից, մինչ Ես սպասում էի քեզ օգնելու, սակայն Դու Ինձանով ամաչում էիր քո ընկերների դիմաց»։ Ուզում էի պատասխանել, բայց ոչինչ չունէի ասելու․․․ Աւետարանի Մաքսաւորի պատմութիւնը յիշեցի, ու նրա նման գլուխս քարշ առած՝ լացում էի իմ մեղքերն ու դաւաճանութիւնները։ Յիսուս շարունակեց քաղցրածոր շեշտով ու զեղուն սիրով ինձ ասել․ «Օրհնում եմ Քեզ, զաւակս, եւ յիշիր՝ քեզ տուեցի ամէն ինչ, որ ունէի, առանց ամաչելու քեզանով»։

Այստեղ եւս յիշեցի Ս․Պետրոս առաքեալի դաւաճանութիւնը, երբ Յիսուսին բռնեցին ու դատելու տարան, Պետրոսն այնտեղ կանգնած էր, իսկ իրեն ճանաչողներն ասում էին․ «Դու էլ Յիսուսի հետ էիր», եւ նա ուրացաւ բոլորի դիմաց (Մատթ․ 26,69-70)։ Այո, Պետրոս ուրացաւ՝ ասելով, թէ այդ մարդուն չի ճանաչում, մինչեւ Յիսուսին դուրս բերելը, ուր Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքերը եւ դառնապէս լաց եղաւ։ Նոյն դառնութեամբ լցուած, աչքերս գետնին, լացելով փոքր երեխայի նման ու կրկնելով՝ ներողութիւն էի հայցում։ Մեղա՜յ, մեղա՜յ էի կրկնում․ ես անարժան եմ քո զաւակը կոչուելու, Տէր, քանի այսքա՜ն մեղանչել եմ Քո դէմ։

Օրը յառաջանում էր, ու արեւը արդէն զգացնում էր իր ջերմութիւնը, ու ես, բնութեան եւ յաւիտենական Փրկչի ջերմութեամբ ողողուած, լսում էի դեռ Յիսուսի ձայնը, որ շարունակում էր փսփսալ ականջիս․ «Թողնելու չեմ քեզ առանձին, երբ լացում ես, լացում եմ քեզ հետ, երբ ուրախ ես, խնդակցում եմ քեզ հետ, իսկ երբ յուսահատուած ես, պիտի քաջալերեմ քեզ, երբ ընկնես, քեզ պիտի վերցնեմ, եւ երբ յոգնես, պիտի ուսերիս վրայ դնեմ ու շարունակեմ քայլել դէպի յաւիտենական երջանկութիւնը։ Ես քեզ հետ եմ լինելու եւ սիրելու մինչեւ աշխարհի վերջը»։

Կեանքիս մէջ չի պատահել նման դէպք, որ այսպիսի ալեկոծ խոկումների մէջ կորած եւ առանձնութեան մէջ խորասուզուած, լացելով՝ ապրեմ յաւիտենական րոպէներ։ Ինչպէ՜ս կարող եմ պաղ մնալ նման աստուածային անհուն ջերմութեան եւ սիրոյ դիմաց։ Ինչպէ՜ս կարող էի նման սիրողին վիրաւորել․․․ Այսօր ապրում մեր հոգեւոր կեանքի դաւաճանութիւնների պատկերը։ Այսօրուայ ախտաճարակը պատկերն է մեր մարդկային կենցաղի պտղի։ Այսօր խուճապի մատնուած՝ վազում ենք առ Աստուած, աղաչում ենք Նրան, որ փրկի մեզ, բայց ինչքանո՞վ անկեղծ ենք, ինչքանո՞վ նմանուում ենք Պետրոս առաքեալի զղջման արցունքին, ինչքանո՞վ ենք դառնում Պետրոսի ներումին ու առաքելութեան։

Սիրելի՜ եղբայրներ ու քոյրեր ի Քրիստոս, Ձեզ նուիրում էմ խորհրդածութիւնը՝ վերականգնելու մեր հոգեւոր կեանքն ու նուիրելու առաքելութեան՝ ժառանգելու համար յաւիտենական կեանքի դափնեպսակը։

10/04/2020

Արհիապատիւ Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասեանի մտորումները

Աղբյուր՝ Vaticannews.va