Այսպէս է ասում Տէրը. «Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում:Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել:Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով» (Առակներ 20:11-13)

Ռուբեն Սևակ․ Ջուր

Թերլեմեզյան Փանոս Պողոսի
Ձորագետի միացումը Դեբեդ գետի հետ

Ո՞վ պիտի երգե քու անփառունակ
Կյանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,
Որ լո՜ւյծ դայլայլի մը պես շարունակ
Կը փրփրիս, կ'երթաս դաշտերուն մեջ ուր՝
Դարե՜ր դարերով ե'րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմե վազքերդ մշտոլոր՝
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՜վ պիտի ցույց տա փրփուրներուդ խոր,
Հև ի հև կյանքիդ իղձերն հոգևար,
Վետ-վետ սեզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,
Ո՜վ պիտի պատմե խիճերուդ լեզուն,
ՈՒ հեքիաթունակ սերն ուռենիին,
Երբ մութ գիշերով իրեն աղազուն
Ոստերը, փաղչող հոգվույդ կը հայի'ն...

Միամի՜տ վտակ, դարերե ի դար
Դուն մամռոտ ճամբեդ կ'երթաս անմոլոր.
ՈՒ երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝
Գարնայնի գույն-գույն ծաղիկներդ բոլոր,
Երկու քարի մեջ կ'երգես անդադար:

Երնե՜կ քեզ, վտա'կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունքե մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մեջ միայնակ, արթուն,
Անսկիզբն, անվերջ, վտիտ փոսիդ մեջ
Կ'երգես, երնեկ, ջուր, վախճան չունիս դուն...

ՈՒ երբ այս տողերն մրոտող նիհար
Ձեռքեն օր մը լոկ պուտ մը հող ապրի,
ՈՒրիշ քերթող մ'ալ, ինձի չափ հիմար,
Պիտի գա հարկավ երգերըդ վայրի
Հանգի, չափի տակ առնելու համար:

Մինչև հավերժորեն կյանքո'տ, զվարթո՜ւն,
Պիտի կարկաչե քու ջուրըդ հարաշարժ՝
Հեգնելով արվեստն ու կյանքը մարդուն...
Ո՜վ անմահության ըստվեր գետնաքարշ.
Վտա'կ, երնե՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն: