Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Աշխարհասասան մռնչում է ազատության հեղեղը․․․

Վեհապանծ, բարձրագահ և տիեզերախոհ ոգիներից է բխում ազատությունը, որը լեռնաբարձունքներից շառաչող հզոր հեղեղի պես, ահեղագոչ շառաչում է` փշրելով սառած, անկյանք ժայռերը, կապանքներ ու օրենքներ փշրող ազատության հեղեղը, խորտակելով գրաբիտե և բրոնզե հագերը ` ջրվեժի պես ընկնում է դաշտի վրա, ցոլացնելով իր մեջ արևի շքեղությունը և հրացայտ մտնում է դաշտը, ճեղքում է տաղտուկ տափակությունը և ոտքի կանգնեցնելով ամբոխին, ընմոստացնելով նրան բռնակալների և օրենքների դեմ ` արշավում է առաջ, առաջ` դեպի անսահման ազատության մեծ օվկիանոսը, ուր ամեն կաթիլ ազատ է ու ինքնակամ, ուր ամենքը ունեն իրենց մեջ մի ամբողջ արև, ուր ամենքը երազում են երկինք սլանալ, դեպի տիեզերական անսահման, ենեզր ազատությունը...

Բայց կարմիր ու բոսորավառ է հեղեղը - մարդկային նվիրական զոհերի թանկ արյունով է վառվում, և լի են նրա հոսանքում զոհերի անվերջ շարքեր - թարմ, գեղեցիկ նահատակներ (հերոսներ)` վիրավոր ճակատներով և կրծքերով...

Աշխարհասասան մռնչում է ազատության հեղեղը. ո՛չ մի ուժ չի հանդգնում նրան դիմագրավել․ անպարտելի է նա և ամեն մի արգելին - նա ավելի ուժգին է հարվածում. ամեն ինչ ենթարկվում է նրա հոսանքին - մեռած դիակներն էլ են քշվում այդ հոսանքով - անշարժ ժայռերն էլ գլորվում են, և հուժկու ալիքները իրար ջարդելով, տանում են ամեն ինչ ...

Ահա՛ ես ևս ընկնում եմ ազատության հոսանքի մեջ և գնում եմ, և գնում եմ...

1906թ.

Ասվածների հավաքածու

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ