Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

«Երկունք»

«Երկունք», 1976 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։

Սյուժե

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո հայրենիք է գալիս քաղաքական և պետական փորձված գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը՝ նոր Խորհրդային Հայաստանի կառուցումը ղեկավարելու համար։

Գլխավոր դերերում

Ալեքսանդր Մյասնիկյան – Խորեն Աբրահամյան

Դերերում

Սարգիս Լուկաշին - Արմեն Այվազյան
Ասքանազ Մռավյան - Ա. Արիստակեսյան
Պողոս Մակինցյան - Միհրան Քեչողլյան
Ավիս Նուրիջանյան - Արտեմ Ֆոդուլյան
Արամայիս Երզնկյան - Մայիս Ղարագյոզյան
Կոստի Համբարձումյան - Լ. Քոչարյան
Ալեքսանդր Բեկզադյան - Վ. Սեպետչյան
Արտաշես Կարինյան - Տ. Ասոյան
Շավարշ Ամիրխանյան - Կառլոս Մարտիրոսյան
Սերգո Օրջոնիկիձե - Վախթանգ Միխելիձե
Նիկիտա Կարա Մուրզա - Սոս Սարգսյան
Մարտիրոս Սարյան - Գ. Սարգսյան
Եղիշե Չարենց - Ազատ Գասպարյան
Շուշանիկ Կուրղինյան - Նոնա Պետրոսյան
Սերիկ Դավթյան - Սոֆիկ Սարգսյան
Սիմոնիկ Փիրումով - Կարեն Ջանգիրյան
Օսիկ Բեկ - Փիրումով - Լևոն Ներսիսյան
Քսենյա - Եկատերինա Գրադովա
Օլենինա - Վերա Ալենտովա
Ժուրավլյով - Եվգենի Ստեբլով
Սուսաննա - Էմմա Վարդանյան
Անուշիկ - Շաքե Թուխմանյան
գաղթականներ - Էդգար Էլբակյան, Յուրի Ամիրյան

Դրվագներում

Հ. Կոստանյան, Ե. Ներսիսյան, Գեն (Գ. Շահնազարյան), Գ. Ասլանյան, Վ. Բագրատունի, Վրեժ Հակոբյան, Վահրամ Եղշատյան, Ռ. Արոյան, Ի. Նագավկին, Յու. Բաբլումյան, Ռ. Ամիրգուլյան, Ի. Հովսեփյան, Թամար Հովհաննիսյան, Ս. Մկրտչյան, Ի. Գորդիենկո, Ա. Պերտիա, Ա. Գալստյան, Վ. Ստեփանյան, Ռոմեն Ավինյան, Ս. Շամխալով, Գ. Գվոզդև։

«Երկունք» ֆիլմի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, Life.panorama.am-ի «Մեր կինոն» շարքից։

Կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի տաղանդի և հայ կինոյում նրա թողած ավանդի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Վերջինիս սուր ռեժիսորական աչքի և բացառիկ տաղանդի մասին կփաստի ցանկացած դերասան, ով աշխատել է Դովլաթյանի հետ: Բայց մի հանգամանք կա, որը, հատկապես արժանի է ուշադրության. նա իր հայրենիքի պատմությունը շատ լավ գիտեր, ուստի շրջադարձային իրադարձություններ էկրանավորած ռեժիսորը հավերժ կմնա հայ կինոյի պատմության մեջ: Այդ է վկայում 1976-ին էկրան բարձրացած «Երկունք» ֆիլմը, որտեղ նկարագրվում է հայ ժողովրդի համար խիստ շրջադարձային մի պահ, երբ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո հայրենիք է գալիս քաղաքական և պետական փորձված գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը՝ նոր Խորհրդային Հայաստանի կառուցումը ղեկավարելու համար: Ինչպես մեզ հետ զրույցում նկատել է Արփենիկ Չարենցի դերակատարուհի Թամար Հովհաննիսյանը, «Երկունքը» նկարագրում է մեր ազգի համար ամենաճակատագրական պահերից մեկը՝ ամենասոսկալի կորուստներով:

«Այն, ինչ մենք պետք է անեինք և փորձում ենք անել վերջին 100 տարում, պետք է անեինք հենց այդ ժամանակ, բայց մենք այդ հնարավորությունը բաց թողեցինք: Մյասնիկյանը, ով երևելի մարդ էր, ևս տանուլ տվեց կռվի մեջ, բայց արդյո՞ք չէր ուզում հաղթել. ֆիլմը տալիս է այս հարցի պատասխանը, հենց դրանով էլ այն արժեքավոր է»,-նկատում է դերասանուհին:

Սերիկ Դավթյանի դերակատարուհին՝ Սոֆիկ Սարգսյանն իր հերթին ակնածանքով է արտահայտվում Ֆրունզե Դովլաթյանի ստեղծագործական տաղանդի մասին. «Պատմական դեպքերով հագեցած այդ ֆիլմին նա լրջագույն մոտեցում էր ցուցաբերում, միևնույն ժամանակ՝ չէր ծանրացնում այն»,-նկատում է նա:

Թամար Հովհաննիսյանը լավ է հիշում ֆիլմի շրջանակներում իր հանդիպումը Դովլաթյանի հետ: «Նա շատ գեղեցիկ և տպավորիչ արտաքին, աչքի զարնող խարիզմա ուներ, տպավորիչ էին ալեխառն մազերը՝ ճակատին ընկած, և խաժ աչքերը: Ինձ տեսավ, ասաց, որ մի բան արտասանեմ: Առանց իմանալու, թե ինչ դերաբաշխում է ինձ սպասվում, սկսեցի Չարենց արտասանել…

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,

Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն...

Արյունով եմ սիրում Չարենց, և դա գեներով է գալիս: Մեկ էլ ասաց՝ երգիր: Սկսեցի երգել…ասաց՝ դե հիմա աչքերիս մեջ նայելով երգիր, շատ տխուր…Երկրորդ տողից սկսեցի հեկեկալ…Ձեռքի կտրուկ շարժում արեց, աշխատողին ասաց. «Արփենիկ Չարենց հագցրեք»: Այդ դրվագը շատ է տպավորվել հիշողությանս մեջ»,-պատմում է դերասանուհին:

Սոֆիկ Սարգսյանն էլ ընդգծում է, որ Դովլաթյանը տաղանդավորներին գտնելու ու ասպարեզ հանելու մեծ վարպետ էր; Բացառություն չէին այն ռուս դերասանները, որոնք նկարահանվել են ֆիլմում և տարիներ հետո միայն ճանաչում ստացել. «Այն ժամանակ դեռ քչերն էին ճանաչում Ալենտովային, Ստեբլովին... բայց ինչպե՞ս էր Դովլաթյանը նկատել նրանց տաղանդը»,-ասում է նա:

Շատերը կհամաձայնվեն, որ Մյասնիկյանի դերի համար Խորեն Աբրահամյանին ընտրելը մեծապես նպաստեց, որ Դովլաթյանի ֆիլմը հաջողություն ունենա:

«Խորենը խոշոր անհատականություն էր և սիրելի դերասան Դովլաթյանի համար: Նրանք կայուն համախոհներ էին, Դովլաթյանը կասկած անգամ չուներ, որ այդ դերը հենց Խորենի համար էր: Դա ճիշտ ընտրություն էր: Միայն այն հանգամանքը, որ Խորեն Աբրահամյան անհատականությունը ներկա է ֆիլմում, արդեն իսկ մեծ արժեք է հաղորդում դրան»,-կարծում է Թամար Հովհաննիսյանը:

Սոֆիկ Սարգսյանն էլ փաստում է Խորեն Աբրահամյանի ապշելու համեստության մասին. «Հիշում եմ, որ նկարահանման հրապարակ էր գալիս Բեկ-Փիրումովի դերակատարը՝ Լևոն Ներսիսյանը՝ իր լուրջ, խոժոռ տրամադրությամբ, տեսնեիք՝ ինչպիսի ակնածանքով էր վերաբերվում Խորենը նրան, ինչ ներքին երկյուղվածություն ուներ այդ անձի նկատմամբ»,-հիշում է դերասանուհին:

Ֆիլմի կենտրոնական դեմքերից մեկն էլ բանաստեղծ Եղիշե Չարենցն է. «Ես Չարենցն եմ, ամենամեծ պոետը»,-ասում է նա: Մտածողը, խելագար հայրենասերը, պետական գործիչների հետ նստող-վերկացողը, պետական հարցերի շուրջ մտորողը, խենթը...սա էր Չարենցը: Պետք էր գտնել մեկին, ով ոչ միայն արտաքին նմանություն կունենար բանաստեղծի հետ, այլև կկարողանար ապրել Չարենցին, զգալ նրան, ցույց տալ պոետի ներաշխարհը: Դովլաթյանի ընտրությունը կանգ առավ Ազատ Գասպարյանի վրա: Կան տարակարծություններ այն հարցի շուրջ, թե արդյոք երիտասարդ դերասանին, ի վերջո, հաջողվեց Չարենց խաղալ: