«Նրանք մեզ համար, մենք էլ՝ ուրիշի»
Հեքիաթներ
Մի անգամ երեք երեխա ճանապարհին խաղալով գնում էին: Ճանապարհի եզրերին տանձի ու խնձորի ծառեր կային՝ մրգերով ծանրաբեռնված: Երեխաները բարձրանում են ծառերը, տանձ ու խնձոր քաղում, ուտում, գրպաններն ու ծոցերը լցնում, իջնելիս էլ ճյուղերը ջարդում, թափում գետնին: Մեր ծառը չի, անտեր-անտիրական է՝ ասում են ու վազելով շարունակում իրենց ճանապարհը:
Մի քիչ որ անցնում են, մի անծանոթ ծերունի է պատահում: Ծերունին, ձեռնափայտին հենվելով, դիմում է երեխաներին:
- Այ որդիք, շատ եմ ծարավել, բերանս չորացել է, գուցե ջուր կունենաք կամ աղբյուրի տեղը ցույց կտաք:
Երեխաներից մեկն ասում է.
- Նստիր հանգստացիր, պապիկ:
Գրպանից մի կարմիր խնձոր է հանում, տալիս ծերունուն՝ ասելով.
- Կեր, պապիկ, ծարավդ կանցնի:
Ծերունին խնձորն ուտում է ու ասում.
- Օրհնվի հիշատակդ, այ խնձորի ծառ տնկող:
Հետո մատներով գետինը փորփրում է, թափված խնձորի կորիզները հողի տակ ծածկում:
Երեխաները հարցնում են՝ պապիկ, ի՞նչ ես անում:
Ծերունին պատասխանում է.
- Որդիք ջան, ձեր տված խնձորը կերա, ծարավս անցավ, ծառ տնկողին էլ հիշեցի ու օրհնեցի: Հիմա էլ էս կորիզը ցանեմ, որ խնձորի ծառ դառնա, մի ծարաված մարդ էլ կգա, խնձոր կքաղի, կուտի ու ինձ կհիշի:
Երեխաներից մեկը, թե.
- Պապիկ, ինչքա՞ն պիտի ապրես, որ ցանած սերմը ծառ դառնա ու դու տեսնես:
- Որդիս, - հանգիստ ու սիրալիր պատասխանում է ծերունին, - ծառ ու տունկը բարիք է, պետք է աճեցնել, բազմացնել, խնամել ու պահպանել. տես՝ ուրիշները ծառ են տնկել, մենք միրգը վայելում ենք, մենք էլ տնկենք, որ ուրիշներն օգտվեն:
Աղբյուր՝ Impoqrik.am