Սուրեն Մուրադյան. Աղվեսը պահմտոցի է խաղում
Հեքիաթներ
Աղվեսը տանձուտում մի տոպրակ է գտնում: Դա հասարակ տոպրակ չէր, ինչքան էլ նայեիր՝ սովորական աչքով չէր երևում, անտեսանելի էր: Երևի կախարդ պառավն էր կորցրել՝ տանձ հավաքելիս: Աղվեսը շատ պատահական է գտնում այդ տոպրակը. վազելիս ոտքը ընկնում է տոպրակի մեջ ու երկար ժամանակ չի կարողանում հասկանալ, թե դա ինչ է: Երբ գլխի է ընկնում, որ անտեսանելի տոպրակ է, շատ է ուրախանում:
Տոպրակը վերցնում է ու գնում հավերի մոտ:
- Ուզո՞ւմ եք պահմտոցի խաղանք, հավեր, - ժպտալով հարցնում է աղվեսը:
- Պահմտոցի՞, - զարմանում է Չալիկ հավիկը, - իսկ դու մեզ վնաս չե՞ս տա:
- Ի՞նչ ես ասում, Չալիկ-մալիկ, ես չափազանց կուշտ եմ, պարզապես ուզում եմ ձեզ հետ մի քիչ խաղալ, ուրախանալ:
- Խաղա՛նք, խաղա՛նք, - բացականչում են ճուտիկները՝ Դեղնակտուցն ու Ճերմակաթևը:
- Որ ուզում եք՝ խաղանք, - համաձայնում է Չալիկ հավիկը:
- Պատրաստվեցեք, սկսում ենք խաղը, - ասում է աղվեսը: - Ես փակում եմ աչքերս, իսկ դուք թաքնվում եք:
Աղվեսը փակում է աչքերը. աքլորը, հավերն ու քառասուն ճուտիկները թաքնվում են:
Աղվեսը տոպրակը ձեռքին ընկնում է դեսուդեն, նրանց փնտրում տան հետևում, մարագում, այգում, մարգերի մեջ: Ահա երկու ճուտիկ իրար գրկած կուչ են եկել տակառի հետևում: Աղվեսը՝ հա՛փ, բռնում է նրանց ու մտցնում անտեսանելի տոպրակի մեջ:
Տոպրակը գցում է ուսին ու սլանում անտառ:
Երեկոյան հավ մայրիկը հաշվում է, տեսնում ճուտիկներից երկուսը չկան:
- Խեղճ իմ ճուտիկներ, ինչ ավազակի բաժին դարձաք, - թևերով գլխին է տալիս հավիկը:
Հաջորդ օրը նորից է գալիս աղվեսը ու ասում.
- Էլի պահմտոցի խաղանք:
- Իսկ ինչո՞ւ երեկ խաղը կիսատ թողեցիր ու չքվեցիր, աղվե՛ս,- հարցնում է հավիկը:
- Վազելու ժամանակ ոտքս մի սուր փուշ էր մտել, գնացի տուն, հարևանները միացյալ ուժերով հանեցին:
- Պա՛հ, պա՛հ, պա՛հ, ի՞նչ ես ասում, սանամեր, - կարեկցանքով ասում է հավը, - էլի՞ է ցավում ոտքդ, իսկ ինչպե՞ս կխաղաս:
- Արդեն լավ է: Կարող եմ խաղալ, տեսեք վազում եմ, - խորամանկում է աղվեսն ու սկսում վազվզել:
- Հիմա էլ ես աչքերս կփակեմ,- մեջ է մտնում մի թմբլիկ ճուտ, դուք թաքնվեցեք՝ ես գտնեմ:
- Փակիր, ինչ կա որ…Ես էլ այնպիսի խիտ մարգի մեջ կթաքնվեմ՝ չես գտնի, - համարյա իր թաքստոցը հուշելով ասում է աղվեսը:
Թմբլիկ ճուտիկը փակում է աչքերը:
Աղվեսը թաքնվում է լոբու մարգի մեջ ու դիտմամբ պոչը դուրս գցում: Ապա շրջվում է, որ փախչի ու թո՛ւ, թո՛ւ կանչի, աղվեսը հափ է անում ու բռնում թմբլիկ ճուտիկին: Մտցնում է տոպրակի մեջ ու սլանում դեպի անտառ:
Երրորդ օրը աղվեսը չքմեղ ձևանալով, նորից է գալիս հավերի մոտ:
- Պահմտոցի չխաղա՞նք…
Բայց կարմրակատար աքլորը, որ արդեն հասկացել էր աղվեսի խորամանկությունը, ասում է.
- Կխաղանք, աղվես, սակայն մի պայմանով: Տեսնո՞ւմ ես այն զանգը:
- Տեսնում եմ, աքլոր, հետո՞:
- Այս զանգը կկախենք քո վզից, նոր միայն պահմտոցի կխաղանք:
- Չեմ հասկանում ձեր նպատակը,- զարմանում է աղվեսը:
- Մենք ոչ մի նպատակ էլ չունենք, ուղղակի մեր ճուտիկներից երկուսը վատ են լսում, երբ զանգի ձայնը լսեն, կզգան, որ խաղն սկսված է:
Աղվեսը թեև ոչինչ չի հասկանում աքլորի բացատրությունից, այնուամենայնիվ գլխով է անում, որ համաձայն է և երկու անգամ ասում է.
- Ձեր ասածը լինի, ձեր ասածը լինի…
Աքլորը զանգը կախում է աղվեսի վզից և սկսվում է խաղը: Աղվեսը փակում է աչքերը, հավերն ու ճուտիկները թաքնվում են: Աղվեսը բացում է աչքերը ու զանգը զնգզնգացնելով փնտրում է հավերին, ճուտիկներին:
Աղվեսը հենց մի քայլ է անում, զանգի ձայնը իսկույն մատնում է նրան: Հավերն ու ճուտիկները զանգի ձայնի հետ անընդհատ փոխում են իրենց տեղերը: Աղվեսն երկու ժամ այս ու այն կողմ է վազում, բայց ոչ մի հավի կամ ճուտի չի կարողանում գտնել: Վերջը հալից ընկնում է: Փորձում է զանգը հանել վզից, բայց՝ ապարդյուն:
- Անիծվա՛ծ աքլոր, երկաթե շղթայով է կապել զանգը, - բարկանում է նա ու հոգնած ճամփա ընկնում դեպի անտառ:
Էլի մի երկու անգամ էլ աղվեսը զանգը վզից կախած «պահմտոցի» է խաղում հավերի ու ճուտիկների հետ ու երկու անգամ էլ պարտվում է խաղում:
Աղվեսը շատ է խնդրում կարմրակատարին, որ առանց զանգի «պահմտոցի» խաղան, բայց աքլորը չի համաձայնում:
Աղվեսը շատ է նեղանում աքլորից ու բոլոր հավերից և մինչև հիմա էլ խռով է նրանց հետ: