Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Հայկական դասական կերպարվեստ (XVII-XVIII դդ)

Միջնադարյան պայմանական ձևերը հետզհետե տեղի են տվել նոր, ռեալիստական ձևերին ու գեղարվեստական արտահայտչամիջոցներին։ Նկարչության մեջ ուժեղացել է իրական աշխարհի զգացողությունը։ Մանրանկարչությանը և որմնա- նկարչությանը զուգընթաց զարգացել են կերպարվեստի նոր տեսակներ և ժանրեր՝ հաստոցային գեղանկարչություն, դիմանկարչություն, կենցաղային թեմաներով պատկերներ, ռեալիստական բնանկարներ։ Այս ժամանակաշրջանում ազգային կերպարվեստի զարգացումը գլխավորապես ընթացել է Հայաստանի սահմաններից դուրս՝ հայկական գաղթավայրերում։

XVII դ. կեսերին Նոր Ջուղայում ստեղծագործել է դիմանկարիչ, գրքի ձևավորող ու նկարազարդող, փորագրող Մինասը (գրավոր աղբյուրներից հայտնի «Բազեակիրը» դիմանկարը, Հակոբջան և Ոսկան Վելիջանյանների դիմանկարները)։ Ժամանակակիցները նրա ստեղծագործու- թյուններում բարձր են գնահատել բնորդի կատարյալ վերարտադրումը, բնության, առարկաների և կենցաղի համոզիչ պատկերումը։ Նրա մոնումենտալ ստեղծագործություններից հայտնի են Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիների և առանձնատների որմնանկարները, ինչպես նաև Սպահանում և նրա շրջակայքում Իրանի շահի պալատային ու ամառանոցային շենքերի զարդանկարները։ Նոր Ջուղայում է ստեղծագործել նաև նկարիչ, գրող, փիլիսոփա-աստվածաբան, հռետոր Հովհաննես Մրքուզը (1643- 1715), որը նկարել է մեծ մասամբ աստվածաշնչային թեմաներով։ Նրա գլխավորությամբ են ստեղծվել տեղի Ամենափրկիչ եկեղեցու որմնանկարները։ Նրան են վերագրվում Ս. Ամենափրկիչ և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում պահպանված մի շարք պատկերներ։

XVII դ. ականավոր հայ նկարիչներից է նորջուղայեցի Բոգդան Սալթանովը (Աստվածատուր Սալթանյան), որը խոշոր դեր է կատարել հայկական և ռուսական կերպարվեստի փոխադարձ հարստացման գործում։ Ռուս թագավոր Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով նա 1666-ին մեկնել է Մոսկվա և ավելի քան 35 տարի աշխատել Կրեմլի զինապալատում, դարձել առաջին նկարիչներից մեկը և որոշ ժամանակ գլխավորել արվեստագետների աշխատանքը, իր արվեստն ուսուցանել երիտասարդ ռուս նկարիչներին։ Ստեղծագործություններից հայտնի են՝ Ալեքսեյ Միխայլովիչի, նրա որդի Ֆեոդորի դիմանկարները, «Ս. Կոստանդինը», «Ս. Հեղինեն Ալեքսեյ Միխայլովիչի, թագուհի Մարիա Իլյինիչնայի և պատրիարք Նիկոնի հետ» խմբանկարը, սրբանկարներ, «Սիբիլլաների գրքի» նկարազարդումները, պալատների որմնանկարազարդումներ ևն։ Նա ռուս նկարիչներին սովորեցրել է «կերպասային (տաֆտայի) նկարչությունը» և օլիֆ պատրաստելու տեխնիկան։

XVIII դ. մի քանի հայ նկարիչներ ստեղծագործել են Երուսաղեմի հայկական գաղթավայրում։ Հովհաննես Տիրացուի 23 նկարները գտնվում են Երուսաղեմի Ս. Հակոբյանց եկեղեցում։ XVIII դ. կեսին Կահիրեում ստեղծագործել է Հովհաննես նկարիչը (ստորագրել է՝ «Յուհաննա», «Հաննա», «Հաննա հայազգի երուսաղեմցի»), որի 324 սրբապատկեր (այդ թվում՝ Գրիգոր Լուսավորչի) պահպանվում են Կահիրեի ղպտիական եկեղեցիներում և ղպտիական արվեստի թանգարանում։ Նկարել է կտավի և նախաներկված տախտակի վրա, մեղմորեն ներդաշնակելով հիմնականում ոսկեգույն դեղինն ու աղյուսագույն կարմիրը, իսկ որպես ֆոն՝ ոսկեգույնը։

XVII դ․ վերջին, XVIII դ․ Մանասե և Հովնաթանյան տոհմերի տաղանդավոր ներկայացուցիչների ստեղծագոր- ծությունը նշանակալից ավանդ էր հայկական կերպարվեստի զարգացման գործում։ Մանասե տոհմի առաջին նկարիչների (Բարսեղ, Ռաֆայել, Մինաս Մանասեներ) գործունեությունը ընթացել է գլխավորապես Կ․ Պոլսում, Հովնաթանյանները ապրել և ստեղծագործել են արլ․ իրականության մեջ։ Նաղաշ Հովնաթանը (1661 - 1722) զբաղվել է մանրանկարչությամբ և որմնանկարչությամբ, ստեղծել է նաև թեմատիկ պատկերներ։ 1680-ական թթ․ ստեղծել է Երևանի Պողոս-Պետրոս, Ագուլիսի, Շոռոթի, Ապրակունիսի եկեղեցիների զարդանկարները, նկարազարդել «Տաղարանի» առաջնաթերթը (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, № 3628)։ Նրա բարձրարվեստ որմնանկարչության առանձին հատվածներ պահպանվել են Էջմիածնի տաճարի թմբուկին։ Նաղաշ Հովնաթանի սկզբնավորած դպրոցի առաջին ներկայացուցիչներն էին նրա որդիներ Հակոբ և Հարություն Հովնաթանյանները, որոնց համատեղ ստեղծագործություններից հայտնի են Ապրակունիսի Ս․ Կարապետ եկեղեցու որմնանկարազարդումները (1730) և մի Հայսմավուրքի (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, № 1533) նկարազարդումները (1725-30)։

Հակոբ Հովնաթանյանի որդի Հովնաթան Հովնաթանյանը (1730-1802) ստեղծագործել է որմնանկարչության, դիմանկարի ու ավետարանական սյուժետային պատկերի ժանրերում։ Նա 1783-86-ին (որոշ ընդմիջումներով) իր որդի Մկրտումի և աշակերտների հետ հիմնովին նորոգել է Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները։ Հովնաթան Հովնաթանյանին է վերագրվում Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի դիմանկարը։ 1776-ին նա հրավիրվել է վրաց Հերակլ Բ թագավորի արքունիքը, որպես պալատական նկարիչ։

XVII-XVIII դդ․ տարբեր գաղթավայրերում ստեղծագործել են հայ նկարիչներ, Լվովում՝ Պավել Բոգուշը և նրա երկու որդիները՝ Հակոբ (Յան) և Սիմոն Բոգուշները, Լեհաստանում և Լիտվայում՝ դիմանկարիչ Հովհաննես (Յոնաս) Ռուստեմը (1762-1835) և ուրիշներ։

XVII-XVIII դդ․ զարգացել է գրքի ձևավորման ու նկարազարդման արվեստը՝ գրքի գրաֆիկան։ Հայ գրքի հրատարակիչներից ու նկարիչներից հայտնի են Հակոբը և Հովհաննեսը (Նոր Ջուղա), Հովհաննես Անկյուրացին և մեկենաս Խոջա Նահապետը (Վենետիկ), Մատթեոս Ծարեցին, Գրիգոր Մարզվանեցին, Աստվածատուր դպիրը, Բարսեղ և Հակոբ Սեբաստացիները, Հովհաննեսը և Պոդոսը (Կ. Պոլիս), Հարություն Վաղարշապատցին, Հարություն Շմավոնյանը և Խաչիկ Զառիփյանը (Մադրաս), Մխիթար Սեբասաացին։

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը, որը 1666-68-ին Ամստերդամում հրատարակել է Ոսկան Երևանցին իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ, XVII դ․ հայ գրքարվեստի պսակն է․ արլ․ մոտիվներով դրոշմազարդված կաշեկազմով, 1470 մեծադիր երկսյուն էջով, 160 պատկերով, որոնք վերարտադրում են գերազանցապես եվրոպական դասական նկարիչների, այդ թվում Ռաֆայելի, Դյուրերի՝ վան Զիխեմի փորագրությունները։ Գեղարվեստական խոշոր հետաքրքրություն են ներկայացնում նկարիչ և փորագրող Գրիգոր Մարզվանեցու՝ 1706-ին Կ․ Պոլսում հրատարակած Հայսմավուրքի փայտափորագրությունները։ Այդ և բազմաթիվ այլ հրատարակություններում Գրիգոր Մարզվանեցին ազգային ոճով է ձևավորել ու նկարազարդել գիրքը, կատարելագործել փայտափորագրության տեխնիկան՝ գծային փայտափորագրությանը զուգընթաց ստեղծել դրա երանգային եղանակը, որը հետագայում լայնորեն կիրառվել է։

XVIII դ․ կեսից հայերեն գրքի գրաֆիկայում կիրառվել է նաև մետաղի, գլխավորապես պղնձի վրա կատարվող փորագրությունը՝ գրավյուրան։ Տպագիր գրքի արագ զարգացման հետ հետզհետե թուլացել է պահանջը ձեռագիր գրքի նկատմամբ։ Թեև ստեղծվել են գեղարվեստական արժեք ներկայացնող շատ ձեռագրեր (մանրանկարիչ Ղազար Բաբերդցի, ծաղկող Առաքել, ծաղկող Հերապետ և ուրիշներ), սակայն դրանց նկարազարդումները իրենց արվեստով նկատելիորեն տարբերվում են նախորդ շրջանի մանրանկարներից։

XVII-XVIII դդ․ կերպարվեստը ամուր նախադրյալներ ստեղծեց XIX դարի հայ նոր նկարչության և քանդակագործության հետագա զարգացման համար։

Աղբյուր՝ Ostarmenia.com