Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Տիրոջը հուսացողները չպիտի զղջան

«Փրկէ Տէր զանձինս ծառայից իւրոց, մի զղջասցեն ամենեքեան, ոյք յուսացեալ են ի նա»:

«Տերը փրկում է Իր ծառաներին և բոլոր նրանք, որ հույս են դնում Նրա վրա, չպիտի զղջան»: (Սաղմոս 33:23)

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

​Մենք բոլորս ունենք մեր առօրյա բազմաբնույթ խնդիրներն ու հոգսերը, բայց անչափ կարևոր է, որ աշխարհիկ հոգսերը, զբաղմունքներն ու անցուդարձերը ամբողջովին չկլանեն մեզ: Հարկ է, որ մենք ժամանակ գտնենք՝ օրվա ընթացքում աղոթք մրմնջալու, ինքներս մեր խղճի հետ առանձնանալու, ջանքեր գործադրենք՝ Աստծո հետ երկխոսելու: Աստված մեզ պարգևել է ամենակարևորը՝ ժամանակ, և պետք է այդ ժամանակը արժևորենք՝ Աստծուն հավատալով: Երբեմն մենք փորձում ենք առաջնահերթ լուծել մեր խնդիրները, հետո փնտրել Աստծուն, բայց հակառակն է պետք անել, նախ՝ փնտրել Աստծուն, իսկ մնացածը ավելիով կտրվի մեզ: Սիրաքի իմաստության մեջ ասվում է. «Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք բարիքներ, հավիտենական ուրախություն և ողորմություն» (Սիրաք 2:9):

Հավատքն Աստծու նկատմամբ հիմնովին փոխում է մեր կյանքը, հավատքի շնորհիվ Աստված դառնում է մեր կյանքի անմիջական մասնակիցը, հոգում մեր կարիքները, մեզ համար նորանոր դռներ բաց անում, շտկում մեր սխալները, ներում մեր տևական մեղքերը, հարթում մեր ճանապարհները: Երբ սիրում ենք ու հայացքներս հառում ենք Աստծուն, այդժամ մեզ համար բոլորովին այլ կողմերով են բացահայտվում կյանքն ու աշխարհը: Մեր հավատքի շնորհիվ է, որ կյանքը ավելի է գեղեցկանում, և զգում ենք կյանքի ջերմությունն ու գույները: Մենք մեր շուրջը եղած ամեն ինչի մեջ պետք է տեսնենք Քրիստոսի հավատքի լույսը: Մեր աչքերը լուսավորվելով՝ բացահայտում են Աստվածային սերը և Աստծուց բխող կենսատու լույսը, և մեր կյանքում ամեն ինչ այդ հավատքի լույսով նոր իմաստ է ձեռք բերում: Մեր հոգու մեջ ջերմության նոր ալիք է գալիս և վերափոխում է մեզ:

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մեծագույն հրաշագործն է, հրաշագործն է ոչ միայն արտաքին երևույթների, այլ նաև մարդկային հոգիների: Նա Աստվածային Իր բարձունքից Իր սիրով խոնարհվեց դեպի մարդը: Եկավ և բնակվեց մեր հոգիների մեջ: Նա փոխում և վերակերտում է մեզ, որի շնորհիվ մենք՝ մահկանացուներս, նմանվում ենք Անմահ Աստծուն: Նա նոր ծնունդ է պարգևում մեզ, մեր հոգիներին, ի հայտ է բերում մեր մեջ եղած լավագույն հատկանիշները:

Հիսուս Քրիստոսով մարդը ձգտում է մաքրել իր հոգին Աստծուն ընդունելու համար, նա ձգտում է վերափոխել իր կյանքը: Ահա սա է իսկական քրիստոնեական լույսի ներգործությունը մեր խորհուրդներում և հոգիներում, մեր սրտերում և մեր գործերում, մեր ընտանիքներում և մեր փոխադարձ շփման մեջ: Աստվածային սիրո կենարար ազդեցությամբ ի հայտ են գալիս նրա պտուղները՝ խաղաղությունը, համբերատարությունը, հոգատարությունը, ներողամտությունը, հույսն ու ըմբռնումը, հանգիստն ու անդորրը, վերանում են թշնամանքն ու անհանդուրժողականությունը, վեճերն ու կոնֆիլկտները, հիշաչարությունն ու վրեժը, բամբասանքն ու դատելը: Եվ կյանքը այլ նշանակություն է ստանում մարդու համար, քանի որ հավատքով փոխվում են մարդկային կյանքի ելևէջները: Մարդը սկսում է այլ աչքերով նայել ամեն ինչին, ինքն իրեն, իր ընտանիքին, իր ընկերներին և ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ չնեղացնի մարդկանց, անտարբեր չանցնի ուրիշների հոգսերի ու կարիքների կողքով, չնչին բաների համար վեճեր չստեղծի, ունեցածից բաժին հանի չունեցողին, թշնամիներ ձեռք չբերի, անկեղծ սիրով հարթի իր ճանապարհները և ոչ ստորաքարշությամբ, աղոթի՝ իր աղոթքի կարիքն ունեցողների համար, անտեղի ու զուր չվիրավորի մերձավորին, բարկությանը տուրք չտա, այլ ազնվորեն փորձի քաղցր խոսքով մոտենալ մարդկանց:

Մոլորակի վրա ամեն ինչ իր տեղում է, և ամեն ինչ Աստված արարել է ի պետս մարդկանց, սակայն ամեն ինչ իրար է ներդաշնակվում միմիայն Արարիչ Աստծու շնչով, Աստծո կամքով և ներկայությամբ. «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը Նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը Նրան չնվաճեց» (Հովհաննես 1:3-5): Հիսուս Քրիստոսով ամեն ինչ գեղեցիկ է այս աշխարհում ու քաղցր, որովհետև Նա աշխարհի և մեր կյանքի ներդաշնակությունն է: Նա ամեն ինչ կարգավորում է, ամեն ինչ Իր ներկայությամբ սրբագործում է, լրացնում և հստակեցնում է, մաքրագործում է, զորացնում և պայծառեցնում է:

Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթքում Աստծուն դիմելով ասում է.

Դեմքդ տալիս է լուսավորություն, երեսդ՝ բերկրանք,

Բարությունը Քո հոգով է լինում,

Սփոփանքը՝ Քո սուրբ յուղի օծմամբ,

Զվարթությունը՝ շնորհիդ ցողով.

Դու ես պարգևում մխիթարություն,

Վհատությունը հանձնում մոռացման,

Վշտի խավարը փարատում անհետ,

Ողբն ու հառաչը փոխում ծիծաղի» (Բան Թ):

Ուստի, սիրելինե՛ր, պետք չէ այլուր որոնել բերկրալից կյանք, ձախորդությունների ու հաջողությունների համար դիմել զանազան սնահավատական միջոցների, հարցերի պատասխաններ որոնելով՝ գրբացների դռները ծեծել: Սուրբ Գրքից բազմաթիվ օրինակներ գիտենք, որ Աստված-մարդ փոխհարաբերության մեջ մարդու հույսը Աստծո հանդեպ արդարանում է, և Աստված կատարում է մարդու բարի խնդրանքները: Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում, հույսը երբեք չի ամաչեցնում (Հռոմեացիներ 5:5): Հետևաբար՝ երկմտել պետք չէ: Աստված ամեն ինչ է մեզ համար և ամեն ինչ կարող է մեզ համար անել՝ ըստ Իր բարի կամքի: Ոչ մի ճանապարհ մեզ համար լուսավոր ու երջանկաբեր չի լինի, քան այն, որ տանում է դեպի Ճշմարիտ Աստված՝ դեպի Հիսուս Քրիստոս:

Սիրելի՛ հավատացյալներ, մաղթում եմ, որ ձեր ամեն օրն ու ժամը լցված լինեն Աստուծով: Թող որ ողողվենք Աստծո արդարության կենարար ճառագայթներով, ջերմանանք Նրա մաքրագործող սիրով և ջերմացնենք նրանց, ովքեր մրսում են միայնության և չքավորության մեջ: Մեր աչքերի տեսողությունը թող ներծծված լինի Քրիստոսի պայծառ լույսով, որպեսզի կարողանանք տեսնել, ինչ որ անհրաժեշտ է տեսնել, և մեր կարողությունների վրձնով հույս նկարենք՝ հույսը կորցրածների հայացքի առաջ: Քրիստոսի կենաց աղբյուրից ըմպելով՝ դառնանք Նրա հորդահոս վտակները և ջուր բաշխենք պապակ սրտերին, ճշմարիտ հավատքի հորդորը ախորժալուր և քաղցրահնչյուն դարձնենք հավատքը կորցրածների համար: Զորանանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան Սուրբ Հաղորդությամբ, որպեսզի Նրան ճաշակելու բերկրանքը կարողանանք պարգևել Արքայության խնջույքին հրավիրվածներին ու կանչվածներին:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am