Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աղասի Այվազյան. «Ծովից ծով Հայաստա՞ն, թե՞ օվկիանոսից օվկիանոս Հայություն»

Երկրագնդի այս մասում, ուր շարժումը առավելագույնի է հասել, ուր շենքերը միտում են դիպչել երկնքին` մարդկային այս խառնարանում դեգերում է հայաստանցի մի Հարցական: Հարցականը թող հատուկ անուն դառնա, քանզի այն հայալեզու մտավորականի ամենաբնորոշ գոյավիճակն է այսօր:

***
Հարցականի հայեցի ականջները` ականորսի հատկություն ձեռք բերած, արձագանքում են միայն հասկանալիին: Թեպետ Լոս Անջելեսը լեզվախառնարան է, իսպաներենը իր տակն է առել Բրոդվեյը: Եվ ոչ միայն փողոցն Է խոսում, այլև սփռվում է մեքսիկական երգը, և ահագին երկնաքերներ ոչինչ անել չեն կարող իրենց անգլոսաքսոն հզորությամբ: Թվում է, ահա, ուր որ է, իսպաներենը պիտի ձայն տա վերին հարկերից, իսպաներենի արանքում, գոնե Բրոդվեյում, անգլերենն է ալիք տալիս… Չինարենն է տեղատվության և մակընթացության մեջ… Ու այս լեզվախառնարանում երբեմն-երբեմն հայերենի փսփսոցն է Հարցականի լսողությանը հասնում. մի տեղ` փոքր-ինչ բարձր, մի տեղ` որբավարի… Արևմտահայերենն ու պարսկահայի երկարաձգվող ձայնավորը, բաքվեցու ռուսերենը և, վերջապես, երևանցու խոսքը… Հայաստանցու խոտոր, պարտադրված անգլերենի կողքին հայերենը նրա տնավարի զրույցն է, հոգու հանգիստը: Բայց խոսողների քայլքը երկչոտ չէ… Երևանի «խառոշ» տղերքն են, որ Հայաստանի մի պատառն են բերել Բրոդվեյ: Ամեն ինչից երևում է, որ նրանցից և ոչ մեկը հոմլեզ չի դառնալու, մուրացկանություն չի անելու: Կարելի է կանխատեսել, որ նրանցից ոմանք մեծ բիզնեսով կզբաղվեն, կմտնեն քաղաքականության ոլորտը, որտեղ աշխարհի բախտն է ուղղություն ստանում, որի մեջ է իրենց հայրենիքը, ավելի հասարակ` ծննդավայրը, և չեն մոռանա նրա մասին:
Նոր հայաստանցիների ճամփան ավելի կարճ է, քան առաջին գաղթականների, որոնք փախչում էին օսմանյան սրից, և երկար ժամանակ էր պետք, որ դուրս գային իրենց արյունոտ շապիկի միջից, կազմեին համայնք և հավաքվեին եկեղեցու շուրջը: Նորերը 88-ի շունչն են կրում: Սկիզբն ուրիշ է, ժամանակը` ուրիշ: Ճամփան` մի այլ բանի համար: Նրանք գալիս էին նվաճված քաղաքակրթության կենտրոնը, և նրանց փախստական անվանելը մեղք է: Նրանք ինչ-որ բանով նման էին Ամերիկայի առաջին պիոներներին, որոնք ոսկու և ազատության համար էին գալիս, իսկ մերոնք, ավա՜ղ, թերևս` բարեկեցության: Երևույթը բնական է, հասկանալի. ճապոնացին է այստեղ գալիս, և՛ գերմանացին, և՛ ֆրանսիացին: Եվ ազգային ամբիոնից դատափետելը կենսահաստատ բանականությունից դուրս է: Իհարկե, եթե չլիներ մի հանգամանք: Այդ հանգամանքի մասին երկմտանքը ես` Հարցականս, կառաջաբանեմ մի, ինձ համար բանաձևանման, մտքով: Հրեան քանդվում է արտաքնապես՝ ներսում պահպանելով իր անիմանալի ազգային խորհուրդը, հայը` պահպանելով իր արտաքինը, քանդվում է ներսից: Իսկ ներսում գտնվում է իր նախագոյը, որը իր պապերն են և իր երեխաները, թոռներն ու ծոռները, մեծ հաշվով` իսկական ինքը: Եվ միայն Մեծ Մարմնով կարելի է մտնել նեղ դռան միջով անվերջանելիություն: Լոս Անջելեսը, այս աղմկոտ փողոցները, այս առարկայական լիու­թյունը ևս կվերջանան, երկնքի չափերով` շատ շուտ, և պետք կլինի այստեղից ևս մեկնել լույսի տիրույթ…
Բրոդվեյի ոսկերչական խանութների փայլի տակ մեծամասամբ հայեր են: Հոսով ենք, որ մամոնան կուլ չի տա նրանց: Քանզի գերեզմանը, միևնույն է, փայլ չունի, և Աստծո մոտ ասեղի անցքով անցնելու հարկ չի լինի:
Հայությունը տակավին պահպանած հայերը և, հատկապես, նոր հայաստանցիները դեռ երկար ժամանակ պիտի կարոտախտից տառապեն, բնական է… Նրանց մի բան է մնում` դեպի Հայաստան ճանապարհը (ես չեմ հանդգնում ասել անիրական բառը` վերադարձ) հեշտ լինի և Հայաստան ասելու և կարոտելու փոխարեն հայություն ասեն և կարոտեն իրար: Ահա այստեղ է, որ ես ինձ մխիթարում եմ ապագայի հարցով և ինքս ինձ, մի քիչ խեղճացած, մի քիչ ուտոպիայով տարված, նեղ վիճակից դուրս պրծնելու ճիգերով երկբայում եմ` «Ծովից ծով Հայաստա՞ն, թե՞ օվկիանոսից օվկիանոս Հայություն»: Եվ ձեզ եմ ներկայացնում այս լավատեսական երկմտանքը, քանզի ուրիշ ելք չունեմ, ես` ոչ քաղաքական գործիչս, Հարցականս, որ իմ նախնիներից շատերի նման, հայկական տառապանքի ծուղակն եմ ընկել և միջոցներ եմ փնտրում դուրս պրծնելու համար: Եվ որ այսօր հետապնդում եմ պարանոյա դարձած ցանկությունս, քանզի դա է միայն մնում իմ ուտոպիայի համար. հայը չպետք է քանդվի իր ներսում:

Աղբյուր՝ Grakantert.am