Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների» (Հովհաննեսի 10:1-2)

Կախարդական երեքնուկը

Իմ ձեռքին մնացել էր կախարդական երեքնուկի վերջին՝ երրորդ թերթիկը: Երկու ցանկություններն արդեն կատարվել էին: Ո՞րն էր երրորդը: Այդպես մտածելով քայլում էի անտառում: Բայց չգիտես ինչու, ծառերը գլխիկոր էին, ծաղիկները նույնպես: Ի՞նչ էր տեղի ունեցել:

- Իմ գեղեցիկ անմոռուկ, հրաշք կակաչ ու նարգիզ: Ու՞ր են ձեր գույները, ինչո՞ւ են խամրել:

Պատասխան չկար:

- Ինչ լավ եղավ, որ այստեղ եկա: Գուցե ինչ-որ բանով կարողանամ օգնել ձեզ: Այնքա՜ն ուրախ կլինեմ:

Կախարդական երեքնուու՜կը... Իմ ձեռքին դեռ մեկ թերթիկ էլ կա: Օ՜հ, բայց եթե քույրս իմանա, ա~յ թե կբարկանա ինձ վրա, չէ՞ որ շքեղ զգեստն է նրա երրորդ ցանկությունը: Առաջինը՝ ոսկյա զարդ, երկրորդը՝ փայլուն կոշիկ, հիմա էլ զգեստ: Միթե կարելի է միայն սեփական ցանկությունների մասին մտածել: Աչքերս արցունքոտվել էին և չէի նկատել, թե ինչպես եմ հասել գետակի մոտ: Գետակը պղտոր էր, ջրի մեջ ոչինչ չէր երևում: Ի՞նչ անեմ, Աստված իմ: Ես փորձեցի ձեռքս ջուրը մտցնել և հանկարծ...երեքնուկի թերթիկը ընկավ, չհասցրի աչքս թարթել, ջուրը տարավ նրան: Վազեցի գետափով, մտածում էի կկարողանամ թերթիկը հանել ջրից: Բայց, ա~յ քեզ հրաշք: Գետակը քիչ-քիչ վարարում էր: Ես կանգ առա:

Ջուրը մաքուր էր, զուլալ: Հոսում էր արագ, առատ ու գոլորշի դարձած երկինք բարձրանում, անդադար բարձրանում, կուտակվում ու ամպ էր դառնում: Այնքան, մինչև սկսեց անձրև տեղալ: Անձրևի կաթիլները ընկնում էին հողին, հետո դառնում թիթեռներ, որոնք լույսի հատիկներ ու գույներ էին փռում իրենց շուրջը: Ես զարմանք կտրած նայում էի թիթեռներին, և նրանց հետևելով նորից անտառ հասա:

Ծառերը թավ կանաչ էին հագել ու մեղմ քամուց օրորվում էին: Ծաղիկները բարձրացրել էին գլուխները և արևի ջերմությունն էին փնտրում: Ես օգնել էի նրանց, ես փրկել էի անտառը: Իմ ցանկությունը կատարվել էր: Թեթևացած շունչ քաշեցի և ուրախ-ուրախ քայլեցի դեպի մեր խրճիթը:

Քույրս անհամբերությունից դուրս էր եկել և ճոճանակի վրա նստած ինձ էր սպասում: Երբ մոտեցա նրան, ասացի.

- Գիտե՞ս, քույրիկ...

Նա արագ ընդհատեց ինձ.

- Գիտեմ, սիրելի եղբայր:

Եվ այդ պահին նորից մի կախարդական երեքնուկ ընկավ մեր ոտքերի առջև: Քույրս անմիջապես ձեռքը վերցրեց այն ու շշնջաց.

- Խնդրում եմ, կատարիր իմ երեք ցանկությունները: Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մայրերն ու հայրերը միշտ երջանիկ լինեն: Թող աշխարհի բոլոր մանուկները միշտ անհոգ ժպտան: Եվ թող արևն էլ ավելի ջերմացնի մեր մոլորակը:

Եվ ես հասկացա...

Այն վերջին երրորդ թերթիկի օգնությամբ փրկվել էր ոչ միայն անտառը, այլ ամբողջ աշխարհը: Բարությամբ էին լցվել մարդկանց սրտերը, հոգիները: Եվ այդ ամենը՝ մեկ սրտի ցանկությամբ: Ցանկացեք բարին ձեզ, և անշուշտ, յուրաքանչյուրին:

Անահիտ Հովհաննիսյան

Աղբյուր՝ Impoqrik.am