Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների» (Հովհաննեսի 10:1-2)

Հեքիաթ լուսացույցի դասը բաց թողած Շկոդայի ու դասը սովորած Նիսսանի մասին

Լինում է, չի լինում, մի կամակոր մեքենա է լինում, անունը՝ Շկոդա: Նա չէր սիրում ավտոդպրոց հաճախել, թեեւ ծնողները մշտապես բացատրում էին, թե որքան վտանգավոր է փողոց դուրս գալ, առանց երթեւեկության կանոնները սովորելու: Բայց Շկոդան շատ համառն էր եւ ինքնահավան:

Մշտապես կրկնում էր, որ ինքն ամեն ինչ գիտի եւ իրեն հարկավոր չէ դասն ու դպրոցը: Իսկ ահա Շկոդայի մեծ եղբայրը՝ Նիսսանը, պարտաճանաչ հաճախում էր բոլոր դասերին եւ փողոցը հատում էր՝ հետեւելով երթեւեկության բոլոր կանոններին: Նա դասերին պարտաճանաչ ներկայանում էր, կատարում էր տնային հանձնարարությունները եւ միշտ գերազանց գնահատականի էր արժանանում, ինչի համար երեկոյան անակնկալներ էր ստանում ծնողներից:

Մի անգամ առավոտյան, երբ ծնողները վերջին անգամ եղբայրներին ուղեկցում են ավտոդպրոց, Շկոդան սկսում է համոզել Նիսսանին, թե երբ մաման ու պապան հեռանան, արի թաքուն գնանք անտառ եւ անիվներով խշխշացնենք գունավոր տերեւները: Նիսսանը, ճիշտ է, շատ էր սիրում աշունն ու անտառը, տերեւներն ու խշշոցը, բայց հրաժարվում է: Փորձում է եղբորը համոզել, որ նա էլ չբացակայի դասից, այլապես հաջորդ օրը՝ արդեն միայնակ դպրոց գնալիս, խախտում կկատարեն, ոստիկանն էլ կտուգանի:

Այդ օրը նրանք պետք է սովորեին՝ ինչպես պետք է վարել մեքենան, երբ լուսացույցի գույները փոխվում են: Իսկ հաջորդ օրվանից Շկոդայի ու Նիսսանի ծնողներն այլեւս չէին ուղեկցելու փոքրիկներին. նրանք միայնակ էին գնալու դպրոց:

Այդուհանդերձ Շկոդան չի համոզվում եւ ասում է եղբորը.

- Չես ուզում, մի արի, ես գնում եմ անտառ: Այ տես, ես լավ ժամանակ կանցկացնեմ, կվայելեմ տերեւների խշշոցը, իսկ դու անխելքի պես կնստես դասարանում,-ասում է Շկոդան:

- Եղբայր Շկոդա, ես էլ կուզեի գալ, բայց չէ՞ որ ուսուցիչը մեզ է սպասում, եւ մենք այսօր կարեւոր դաս ունենք սովորելու: Բացի այդ, դու շատ լավ գիտես՝ ինչքան վատ արարք է ծնողներին խաբելը: Հանգստյան օրերին նրանք մեզ կտանեն անտառ, այդ ժամանակ էլ կխշխշացնենք տերեւները,-փորձում է համոզել Նիսսանը:

Բայց ապարդյուն, Շկոդան չի համոզվում:

- Դե դու մնա, չհամոզեցիր, իսկ ես գնում եմ, - պատասխանում է կամակոր Շկոդան:

Այսպես Նիսսանը մնում է դպրոցում, իսկ Շկոդան գնում է անտառ:

Նիսսանն ուշադիր հետեւում է դասին եւ սովորում, թե ինչպես պետք է վարվել լուսացույցի կարմիր, դեղին, կանաչ լույսերի դեպքում: Օրվա ավարտին նա արդեն գիտեր, որ կարմիր լույսի դեպքում պետք է կանգ առնել, դեղինի դեպքում նախապատարաստվել, իսկ կանաչի դեպքում անցնել ճանապարհը: Ուշադրություն՝ դեղինի դեպքում չի կարելի տեղից շարժվել, այս գույնն ազդարարում է այն մասին, որ շուտով կվառվի կանաչ կամ կարմիր լույսը: Կանաչի դեպքում պետք է շարժվել, կարմիրի դեպքում՝ սպասել:

Դասի ավարտին դպրոցին է մոտենում Շկոդան, եւ ծնողները, որոնք եկել էին պստիկ մեքենաներին տուն տանելու, չեն էլ կասկածում, որ իրենց փոքր տղան դասին չի մասնակցել: Նիսսանը, իհարկե, խաբարբզիկություն չի անում, բայց Շկոդային թաքուն փորձում է համոզել, որ գոնե տանը սովորի լուսացույցի գույները, այլապես միայնակ փողոց դուրս գալիս վտանգավոր կլինի:

Շկոդան անտեսում է մեծ եղբոր խնդրանքը եւ երեկոյան առանց դասը սովորելու պառկում է քնելու:

Առավոտյան մեքենաներն արթնանում են, լվացվում, խոզանակում ատամները, նախաճաշում եւ ստանալով ծնողների պաչիկները՝ առաջին անգամ միայնակ ուղեւորվում դպրոց: Մոտակա խաչմերուկում կանաչ լույսին հաջորդում է դեղինը. Նիսսանը, հիշելով նախորդ օրվա դասը, որ դեղինի ժամանակ պետք է սպասել, կանգ է առնում: Իսկ ահա Շկոդան շարունակում է ճանապարհը: Նիսսանը բղավում է.

- Շկոդա՜՜՜, կանգնիր:

Բայց արդեն ուշ էր: Շկոդան հատել էր ճանապարհը ու բախվել մեկ այլ մեքենայի: Ու թեեւ բարեբախտաբար շատ չէր վնասվել, բայց այլեւս չէր կարող շարունակել ճանապարհը, ձեռքը շատ էր ցավում: Բացի այդ, նրան են մոտենում ոստիկանները եւ տանում տուգանային հրապարակ: Եվ միայն ծնողների միջամտությունից եւ տուգանքը վճարելուց հետո են նրան բաց թողնում:

Ծնողները, իհարկե, գլխի են ընկնում, որ իրենց կրտսեր որդին՝ Շկոդան, նախորդ օրը բաց է թողել դասը եւ մի լավ պատժում են. հանգստյան օրը Շկոդային թողնում են տանը, իսկ Նիսսանին տանում են անտառ՝ տերեւները անիվներով խշշացնելու:

Շկոդան տխուր-տրտում նստում է տանը եւ լաց լիներով՝ սովորում դասը, իսկ Նիսսանը վայելում է աշունը եւ համտեսում մայրիկի կարկանդակները:

Աղբյուր՝ Impoqrik.am