Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Եղեռն

Եղեռնի մասին

Այսօր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի առջև գլուխ խոնարհելով, շատ մարդիկ հարցնում են. «Ինչի՞ համար Աստված թույլ տվեց, որ այդքան անմեղ զոհեր լինեն»: Մեր ամենամեծ սխալն այն է, որ հատկապես վաղաժամ մահվան դեպքում առաջին հերթին մեղադրում ենք Աստծուն: Աստված, բնությամբ բարի լինելով, երբեք չարի և մահվան պատճառ չէ: Մահվան պատճառներն են` մարդկանց չար կամքը, մարմնի տկարությունն ու հիվանդությունը և ծերությունը: Եվ եթե այս պատճառներից մեկի բերումով մահ է լինում, ապա Աստված չարիքը միշտ փոխում է մարդու համար բարիքի և մահվան դեպքում էլ վերցնում է ննջեցյալի հոգին ու բնակեցնում անճառելի, անպատմելի ու երանելի երջանկության մեջ: Քրիստոս երբեք չասաց Իր հետևորդներին, թե պետք է անհոգ, խաղաղ և ապահով կյանք ունենան, այլ ընդհակառակը, Նա ասաց. «Իմ անվան համար պիտի հալածվեք» (Հովհ. 15.20-21): Դա հաստատեց նաև Պողոս առաքյալը` ասելով. «Բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը» (Գործք 14.21): Քրիստոս Ինքը չարչարանքներով մեռավ: Նրա գրեթե բոլոր առաքյալները չարչարանքներով մեռան: Քրիստոսի բազում հետևորդներ, բազում քրիստոնյաներ այդպիսի չարչարանքներ ունեցան: Ժողովրդական իմաստությունն ասում է. «Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք»: Եվ ցեղասպանության ժամանակ բազում կույսեր ու կանայք իրենց զոհեցին, որպեսզի չպղծվեն այլահավատների կողմից, բազում մայրեր անապատներում մեռնելիս նույնիսկ վերջին շնչի մեջ իրենց զավակներին սովորեցրին հայոց տառերն ու քրիստոնեական հավատը: Սարսափելի է Հայոց Եղեռնը: Սակայն եթե այն ժամանակվա Եղեռնը ահավոր էր, այսօր շատերի հոգու ահավոր վիճակը այլ տեսակի եղեռն է: Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ հալածանքների ժամանանակ քրիստոնյաները հավիտենություն անցան իրենց նահատակությամբ, բայց նահատակություն է նաև կյանքի ընթացքում պայքարելը չարի դեմ` հանուն Երկնքի Արքայության: Այսօր դադարած են հայոց կոտորածները, մինչդեռ շարունակվում են չարի հալածանքները արդեն հոգևոր իմաստով: Եվ երանելի են նրանք, ովքեր ողջ և կենդանի մնալով` միևնույն ժամանանակ նահատակվում են` արժանանալով հավիտենական կյանքի և Երկնքի Արքայության:

Հայոց ցեղասպանությունը և հայոց հավատքը

Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունը, եթե Աստված կա և տեսնում էր Իրեն հավատացողների կոտորածը: Ահա այն հարցը, որ հուզում է բազում մարդկանց: Գիտությունն այս աշխարհում ամեն ինչի համար պետք է բացատրություն գտնի: Սակայն կրոնը, պատասխանելով տիեզերքի ստեղծման և դրա հետ կապված բոլոր հարցերին, պետք է բացատրի միայն մեկ բան` տառապանքի գոյությունը այս աշխարհում: Գուցե շատերիս ամենամեծ սխալն այն է, որ մահվան պատճառը անմիջապես Աստծուն ենք համարում: Մինչդեռ Աստված Իր էությամբ բարի է: Այդ իսկ պատճառով Նա երբեք չի կարող չարի պատճառ լինել: Այս իմաստով զարմանալի և օրինակելի ժողովուրդ ենք մենք` հայերս. բազում ու բազում նեղություններ ենք տեսել, սակայն երբեք չենք դադարել հավատացյալ ժողովուրդ լինելուց: Թվում է, թե հակառակը պիտի լիներ. հերոսական պատմության մեջ նաև ահավոր վշտեր տեսնելով` հայ ժողովուրդը պիտի մեղադրեր Աստծուն և դադարեր Քրիստոսին հավատալուց: Սակայն հենց այստեղ է անիմանալի հրաշքը: Սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում Եսայու մարգարեության իր մեկնության մեջ. «Եվ այս իսկ է Եկեղեցու զարմանալին, որ այսպես է հաղթում. հալածվելով, մերժվելով, պես-պես նեղություններով կոփվելով` Եկեղեցին ոչ միայն նվազում է, այլև է՛լ ավելի է աճում ու բազմանում»: Այսպիսին է նաև հայոց հավատքը, և պատմական այս հրաշալի իրողության դեմ ոչ ոք չի կարող առարկել:

Աստված, քննելով յուրաքանչյուր մարդու կյանքը, տալիս է այն, ինչ մարդուն ավելի է օգտակար. հալածանքների ժամանակ, եթե հարկավոր է, տալիս է ժամանակավոր կյանքի շարունակություն, իսկ ում որ պետք է, միանգամից է արժանացնում հավիտենական կյանքի: Չարչարանքների միջոցով էր հայտնի դառնում մեծագույն սրբերի սերը Աստծո հանդեպ: Եվ այսպես էր նաև, որ հայտնի եղավ հայերի սերն ու հավատարմությունը առ Աստված. ոմանք մեռան և փոխվեցին հավիտենական երանելի կյանքի` ըստ Աստծո հայեցողության, ոմանք փրկվեցին և ապրեցին ծնողներ դառնալով հաջորդ սերունդների, և գուցե սակավաթիվներ էլ պարզապես պատժվեցին իրենց վատընթաց կյանքի համար: Հայ ժողովուրդը երանելի Հոբի նման երբեք չկորցրեց իր հավատքը և այսօր էլ շարունակում է ապրել ու հավատալ այն Աստծուն, ով ամեն ինչ անում է մարդու ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական երջանկության համար:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am