Այսպէս է ասում Տէրը. «Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում:Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել:Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով» (Առակներ 20:11-13)

ՆԱՅԵ՜Ք, ՆԱՅԵ՛Ք ԱՐԱՐԱՏԻՆ

Նայե՜ք, նայե՛ք Արարատին, թևերը լայն բացած, հայացքը սևեռած Սուրբերով Նորացած Հայաստանի վրա: Կանչում է մեզ մեր Բիբլիական Հսկան, տխուր՝ գերության մեջ, բայց և հպարտ իր զավակների սխրանքով, ովքեր իրենց ամենանվիրականը՝ կյանքը զոհեցին Հավատքի և Հայրենիքի համար:
Հպարտ իր վեհացած Սուրբ Էջմիածնով, որտեղ Իջավ Աստծո Միածինը, որպեսզի Իր որդիները սրբացած բարձրանան երկինք և պարուրեն Արարատին:
Իջե՜ք, իջե՜ք երկնքից մեր հայրեր ու մայրեր, մերօրյա սուրբեր՝ վկաներ մեր նոր կյանքի՝
ձեր ՀԱՎԱՏՔԻՑ մի կաթիլ անձրևեք մեր սրտերում և հոգիներում,
ձեր ՔԱՋՈՒԹՅՈՒՆԻՑ հեղեք մեզ վրա ձեր նահատակությանը արժանի լինելու,
ձեր ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ ցողեք մեր կյանքին անդավաճան ապրելու մեր Հայրենիքի, Եկեղեցու և ժառանգության նկատմամբ,
ձեր ՍԻՐՈՎ գրկեք մեզ, որպեսզի այդ սիրուց սիրով սիրառատված կյանք ունենանք և ավելիով ունենանք:
Թող ձեր ՀԱՎԱՏՔԸ, ՔԱՋՈՒԹՅՈՒԸ, ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ և ՍԵՐԸ դառնան զղջումի, ապաշխարության, ինքնաքննության, նվիրումի, ներելու և նոր կյանքի սկիզբը մեզ համար:
Թող մեր կյանքից վերանան ողբն ու սուգը, ատելությունն ու անտարբերությունը, ամբարտավանությունն ու անգթությունը, դավաճանությունն ու կեղծիքը, հղփացածությունն ու հափռածությունը...
Զորավիգ եղե՛ք ձեր Նոր Սերունդին ու Նոր Հայաստանին...
Արժանացրե՜ք մեզ այդ ՄԵԾ ՏԵՍԻԼՔԻՆ...
Քրիստոս Աստված մեր Քո Սուրբ Խաչի և Մեր Սուրբ Մարտիրոսների բարեխոսությամբ օրհնիր մեզ...
ԱՐԺԱՆԱՆԱ՜ՆՔ ԱՐԱՐԱՏԻՆ...

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան