Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Հակոբոս 1:16

16.Մի՛ խաբիք եղբա՛րք իմ սիրելիք:

Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք:

Ասաց, թե երանելի են նրանք, ովքեր փորձություններին համբերում են և նրանում ընտիր գտնվում և փոխարենը խոստացավ պսակը: Եվ բամբասանքից ազատեց Աստծո դատաստանը՝ ասելով. Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Նաև ցույց տվեց մարմնավոր փորձությունների պատճառը, որ ցանկությունից են ծնվում, իսկ ցանկությունը՝ մեղք է առաջացնում, մեղքն էլ՝ մահ: Այնուհետև զգուշացնում է, որ մարդու բնությունը դյուրախաբ է և թե որոնք են բանսարկուի արվեստները, որ բազմաթիվ անգամներ չարը բարու կերպարանքով է ներկայացնում, իսկ բարին՝ չարի, իր խաբեությամբ թաքցնում է բարու և չարի սկիզբը, թե որտեղի՞ց և ինչի՞ց են առաջանում: Եվ հատկապես, երբ երկուսն էլ՝ թե բարին և թե չարը նույն տեղից են առաջանում, ինչպես օրինակ, փորձությունից, իսկ նա խաբում է մտքին՝ ասելով, թե բոլոր փորձությունները չար են, կամ հակառակը՝ բոլոր փորձությունները բարի ցույց տալով և մտքին թույլ չի տալիս քննել և ընտրել փորձությունների մեջ, թե ո՞րն է Աստծուց և որը՝ աշխարհակալից, և այն իսկապես բարի համարել, իսկ աշխարհակալինը, որ ցանկություններից է առաջանում, հայտնապես չար է, ուստի և ասում է. իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք:

Տարբեր են, ասում է, բանսարկուի պատրանքները և բոլորը թվացյալ են և մտքի խաբկանք, ըստ որի էլ կեղծավորաբար մեջտեղ է ընկնում սիրո օրենքով և հոգու համար քաղցրացնում է անցավորը և ցավերով լի կյանքը, ինչպես առաջին մարդու համար՝ ծառի պտուղը, որի պատճառով իրապես կորցրեց փառքը և դատապարտվելով ընկավ այս անեծքներով լի երկիրը: Նման ձևով նաև մեզ տեսնելով վերստին Աստծո պատկերն առած՝ նոր Ադամի գալստյամբ, մեզ խաբելու զանազան միջոցներ է հորինում՝ ոչինչը մեզ համար էական դարձնելով և ճշմարիտ էությունը մեր մեջ խափանելով: Ուստի և ասաց. իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք:

Եվ քանի որ պատրաստվում էր նրանց առջև մեծամեծ և անճառելի բաներ դնել, այդ պատճառով էլ նրանց պատվելով ասում է. իմ սիրելի՛ եղբայրներ:

Վերևում, երբ պատվիրում էր փորձություններն ուրախությամբ կրել, միայն եղբայրներ էր ասում նրանց, քանզի դեռ սկիզբն էր, իսկ այստեղ ավելիով է պատվում նրանց՝ իմ սիրելի՛ եղբայրներ ասելով:

Արդ, ինչո՞ւ է այսպես ասում. [նախ] հորդորեց նրանց և ամրապնդեց չարիքներին դիմակայելու համար, բոլոր ցանկություններից առավել վեր բարձրացրեց և կանգնեցրեց Աստծո պարգևների մոտ, և ապա ասում է, որ եթե հաստատուն և առանց խաբեության մնաք Աստծո շնորհների մեջ և իմանաք, թե փորձությունների ժամանակ ինչ անեք, և որ վշտերն ու փորձությունները աստվածպաշտության համար են, և շնորհ են Աստծուն խոստովանելու և պարգև՝ մարդկանց ապրեցնելու, իսկ որ ցանկությունից են առաջանում՝ չարից են և կործանիչ հոգուց, մեկին պետք է արհամարհել և երես դարձնել, իսկ մյուսին սիրել, գրկաբաց ընդունել և նորից աղոթելով ետ դարձնել: Եթե այս ամենը պահեք, ասում է, ոչ միայն իմ եղբայրները կլինեք, այլև սիրելիներ, ժառանգակից և հաղորդակից Քրիստոս Աստծո փառքին: Քանզի արդարև մեծ սիրո և երանության են արժանի նրանք, ովքեր չխաբվեցին ապականիչ օձից, առաքինությամբ Աստծո որդեգրության շնորհը չկորցրեցին և ոչ էլ նախապատկերի կնիքը, որ ավազանի միջոցով ստացան. ո՛չ խաբեությամբ, ո՛չ պատրանքով, ո՛չ մարմնի հեշտությամբ և ո՛չ էլ չար ցանկություններով չապականեցին կամ չարհամարհեցին: Քանզի, ինչպես օրինեակ, եթե մեկը տրորում կամ կոտրում է թագավորի պատկերը, թագավորին է արհամարհում և մահվան է արժանի, ապա նույնպես մահվան է արժանի նա, ով Աստծո պատկերը՝ իրական մարդուն ոտնակոխ է անում, մեղքով սպանում և սկզբնատիպին արհամարհում: Եվ դա նկատի ունենալով՝ Պողոսն ասաց. «Չխաբվե՛ք, Աստված չի ծաղրվում» (Գաղատ. 6:7): Տեսնո՞ւմ ես չարի գերազանցությունը, քանզի մտքի խաբեությունն Աստծո պատկերն ապականելն է, իսկ հոգու իմաստությունը՝ այն մաքուր և անարատ պահելն է, որ ստացավ ավազանից, և ոչ միայն այդպես անել, այլև եթե ստորաքարշ բնության մեջ աղտեղության որևէ մաս լինի, ապա, օրեցօր փորձությունների միջոցով, ինչպես ոսկին՝ հրով, սրբել, մաքրել և առավել ևս պայծառացնել:

Հետևապես ասաց. Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք, քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր:

Այստեղ մեզ աղոթքներ են հարկավոր, խնդրանքներ և Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի գրվածքի միտքը տեղին և ճիշտ հասկանանք և ընդհանուր տեղեկությամբ ճշմարտությունն ըմբռնենք: Քանզի նայելով աստվածային ճառի տեսության վեհագույն իմաստին՝ տարակուսեցի և զարմացա: Ինչպես որ մեկը բարձրադիր վայրում կամ սրածայր վեմի վրա կանգնած, որի ներքևում խոր անդունդներ են՝ սարսափելի և երկյուղալի և ինքը ոտքի տակ հենարան չունի, և վերևից նայելով անդունդի խորքում գեղեցիկ մարգարիտներ կամ պատվական քարեր նշմարի, ապա ոչ միայն չտեսնելու կտա, այլև սարսափից զարհուրած կթմրի: Նույն զգացողությունն ունի նաև իմ միտքը՝ կանգնած ընթերցվածքի բարձրադիր վայրում կամ սրածայր սուրբ վեմին, որի վրա հաստատել է Տերը, սակայն բարձրանալով նայեցի վարագույրի ներսի կողմը՝ տեսնելու նրանում ամբարված իմաստը, որ ցանկացած մարգարիտից գեղեցիկ է և պայծառ՝ պատվական քարերից, և երկյուղի ահից թմրեցի, և ոչ մի իմաստ չնշմարեցի, որ ամբողջ միտքս ճշմարտության վրա հաստատեր և երկյուղի մեջ ընկնելով՝ առաջնորդ Հոգուն ապավինեցի, որպեսզի միտքս, արժանիքներից դուրս, հաստատի խոսքի ճշմարիտ տեսության վրա: Այդ իմաստը հատկապես նրանք կհասկանան, ովքեր Սուրբ Հոգով են առաջնորդվել, ինչպես սքանչելի Հակոբոսը, կամ ովքեր առաքինություններով մոտ են սրան և չեն խավարել մեղքերի պատճառով:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am