Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

«Շիրազը սիրում էր ծննդյան օրը նշել»

Հովհաննես Շիրազի քրոջ թոռան՝ Նարինե Խաչատրյանի զրույցը «Իրավունք» թերթի հետ (2017թ․):

«Շիրազը սիրում էր ծննդյան օրը նշել, երբ գալիս էր Գյումրի` ծնունդը նշելու, բոլորը նվերներ էին տալիս: Չկա այդպիսի մի իր, որ սիրեր նվեր ստանալ, բայց ժողովրդին չնեղացնելու համար բոլորի նվերները չէր մերժում, վերցնում էր եւ Երեւան գնալիս տալիս էր տատիկիս: Նա էլ մի գրապահարան ուներ, որտեղ պահում էր այդ բոլոր նվերները: Ծննդյան օրվանից բացի, մարդիկ սիրում էին նվերներ տալ Շիրազին: Մի անգամ այցելում են սփյուռքահայեր եւ ինչպես միշտ տանում են փոքրիկ նվեր, հետո գրողներից մեկը բողոքում է, թե Շիրազին ասեք, թող նվերներ չվերցնի: Այդ մասին ասում են Շիրազին, որոշ ժամանակ անց նա կրկին հյուրեր է ունենում, որոնք էլ այս անգամ կրակայրիչ, դանակ եւ գրիչ են նվիրում: Շիրազը, տեսնելով բողոքող գրողին ու նվերները, ասում է, թե այդ կրակայրիչը տվեք մարած գրողներին, որպեսզի մեջները մի քիչ կրակ ընկնի, դանակը տվեք բութ գրաքննադատներին, որ ճիշտ քննադատեն, գրիչն էլ` տվեք ձեր կողքինին, որ թերթի մեջ գրի` Շիրազը նվերը չվերցրեց: Նրան նախանձող մարդիկ շատ կային»,- հիշեց Նարինե Խաչատրյանը, որը 28 տարեկան է եղել, երբ մահացել է Հովհաննես Շիրազը:

ԽԱՂՈՂԸ ՇԻՐԱԶԻ ՍԻՐԵԼԻ ՄԻՐԳՆ ԷՐ

Ասում է` քեռի Շիրազի հետ կապված բոլոր հիշողությունները սուրբ են, դրանցից ամեն մեկը մի գրքի պատմություն է, վստահեցրեց տիկին Նարինեն եւ դրանցից առավել տպավորված երկուսն առանձնացրեց «Իրավունքի» համար.

«Տասը տարեկան էի, որ դպրոցում սովորում էինք Շիրազի բանաստեղծությունները: Ուսուցչուհիս բացատրեց, որ Շիրազը մեծ գրող է, եւ նրա բոլոր ստեղծագորությունները պետք է անգիր սովորենք: Շատ էի ոգեւորվել, հպարտանում էի, որ մեր Շիրազ քեռին մեծ բանաստեղծ է, մինչ այդ` սովորական քեռի էր: Սկսեցի անգիր անել բանաստեղծությունները: Այդ տարի աշնանը Գոհար տատս ինձ տարավ Երեւան` Շիրազի տուն: Ինչպես միշտ, մեր բոլոր այցելություններն անցնում էին ջերմ մթնոլորտում: Այդ օրը փոքրիկ սեղանի վրա խաղող էր դրված, որը Շիրազի սիրելի միրգն էր: Մի քանի անգամ ասաց, խաղողն ուտելու համար է դրված, կերե՛ք, հետո տեսավ, որ չենք ուտում, ասաց. «Մանուկ հասակում գետնին ընկած խաղողի վրա արեւ էր ընկել, այնպես էր փայլում, կարծես արեւ լիներ: Կռացա, որ վեցնեի, թուրքը տեսավ ու դանակը նետեց ինձ վրա, որը դիպավ կողքիս: Այդ սպին մինչ հիմա կա, երբ խաղող չեք ուտում, սպիս ցավում է ու կենդանանում»,- պատմեց Հ. Շիրազը եւ ցույց տվեց կողքի սպին: Մինչ օրս, երբ խաղող եմ ուտում, նրան ու իր պատմությունն եմ հիշում»:

«ՕՐ ՁՄԵՐՈՒԿԻ ՋՈՒՐԸ ՁԵՌՔԵՐՈՎ ՈՒ ԴՆՉՈՎ ՉԵՐԹԱ, ԸԴԻԿ ԷԼ ԻՆՉ ՁՄԵՐՈՒԿ»

Տիկին Նարինեի հիշողության մեջ տպավորվել է նաեւ ձմերուկի պատմությունը.

«Հերթական անգամ գնացել էինք Շիրազի տուն, տանը չէր, մի քանի ժամ հետո եկավ` երկու մեծ ձմերուկ թեւերի տակ դրած: Ձմերուկը սեղանին դրեց ու գնաց շորերը փոխելու: Վերադարձավ այն պահին, երբ կինը ուզում էր դանակով ձմերուկը կտրել: Տեսավ ու միանգամից կանխեց, ասելով, թե դանակը հենց կպավ ձմերուկին, համը կկորչի: Հետո պատմեց, որ երեխա ժամանակ ձմերուկ էին գողանում ու ուժ չունեին կտրելու, դնում էին գետնին ու քարով ջարդում` երկու կես անում ու ձեռքերով ուտում. «Օր ձմերուկի ջուրը ձեռքերով ու դնչով չերթա, ըդիկ էլ ինչ ձմերուկ»,-ասում էր Շիրազը: Այդ ժամանակ նրա ասածի իմաստը չէի հասկանում, միայն տարիներ անց գիտակցեցի, որ այդ ամենը նրան իր մանկությունն էր հիշեցնում: Դրանով նա մանկության մեկ օրն էր փորձում հետ բերել»: Ըստ զրուցակցի` Շիրազի մանկությունը հնարավորինս նկարագրված է նրա «Գտա» բանաստեղծության մեջ, որն ամբողջությամբ կենսագրական է. «Շիրազը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է գտել մորը: Հետագայում պատմում էր, որ այդ ժամանակ չէր մտածել, որ մորն է գտել. «Ասում էի` ինչըխ էլ լավ կին է, գրկել ու բաց չի թողնե»,-հիշում էր Շիրազը եւ պատմում, որ մանկատանը հաճախ էր ընկերների կատարած չարաճճիությունների մեղքերն իր վրա վերցնում եւ պատժվում»:

«ՇԻՐԱԶԻՆ ՉԷԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ»

Նարինե Խաչատրյանի խոսքով` Հովհաննես Շիրազը կենցաղում բարի էր, մեծ երեխայի նման: Ստեղծագործելիս փակվում էր սենյակում եւ սկսում գրել, երբ գրելն ավարտում էր, սենյակից դուրս էր գալիս ժպիտը դեմքին.

«Շիրազին ժողովուրդը շատ սիրում ու հասկանում էր, նրան չէին հասկանում ղեկավարները, որովհետեւ նա միշտ ճշմարտությունն էր ասում: 1963 թվականին, երբ մահացավ նրա մայրը, իսկ այդ ժամանակ արգելված էր խոսել Հայոց ցեղասպանության, ազգային հերոսների, հատկապես ֆիդայինների մասին: Բայց Շիրազն իր տանը պատին կախել էր Անդրանիկի նկարը: Երկրի ղեկավարների մի մասը գնում են, որ Շիրազին ցավակցեն: Նախապես մարդ են ուղարկում, որ զգուշացնեն, թե Անդրանիկի նկարը հանի, որն այդ ժամանակ ղեկավարության համար «ավելորդ» իր էր: Երբ գալիս, Շիրազին ասում են, թե նախարարներ են գալիս, նկարը պատից իջեցրու, նա դուրս է գալիս բաց պատշգամբ եւ նախարարներին տեսնելով` բղավում. «Անդրանիկի նկարն ամբողջ ձեր կազմն արժե»: Շիրազը կարելիի ու չի կարելիի սահման չուներ, անում էր այն, ինչ ճիշտ էր համարում»:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ՄԻՇՏ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Զրուցակիցը յուրահատուկ կերպով նաեւ առանձնացրեց բանաստեղծի սուր հումորը.

«Հովհաննես Շիրազն ուներ մեծ ու սուր հումոր: Այդ հումորով նա երբեք որեւէ մեկին չէր վիրավորում, բայց ասում էր ճշմարտությունը: Մի անգամ նրան հարցրել են, թե վարպետ, այդքան մեծ հումոր ձեզ որտեղի՞ց, նա էլ պատասխանել է, թե մենք բարձրադիր վայրում ենք ապրում եւ Աստծուց այդ շնորհը մեզ շուտ է հասել: Բոլորն էլ գիտեն, երբ Շիրազը դուրս էր գալիս փողոց, նրան միշտ շրջապատում էր ժողովուրդը: Մի անգամ գրողների խումբը, փողոցում Շիրազին միայնակ տեսնելով, ասում է` Շիրազ, բա ասում էին, թե ժողովրդական գրող ես, ո՞ւր է ժողովուրդդ, Շիրազն էլ հանգիստ պատասխանում է. «Առյուծները միայնակ են ման գալիս, իսկ գայլերը` ոհմակով»: Մեկ ուրիշ պատմություն էլ կա, որտեղ կրկին ընդգծվում է Շիրազի սուր հումորը: Հանրապետության հրապարակում գրողների հետ քայլելիս, մեկն ասում է` Շիրազ, բա չնկարվե՞նք ու անմահանանք, Շիրազն էլ թե. «Ես անմահ եմ, դո՞ւ ես ուզում հետս անմահանաս»»:

Զրուցեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ