Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ»

«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, Life.panorama.am-ի «Մեր կինոն» շարքից։

Երբ «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի անձնակազմը 1987-ին անում էր ամեն բան, որպեսզի արտահայտեր մեր ազգային ոգին և փոխանցեր հայրենասիրական տրամադրությունը, պատկերացում անգամ չուներ, որ պրեմիերայից ընդամենը ամիսներ անց սկիզբ կառնի Արցախյան շարժումը և ֆիլմն ավելի քան տեղին կլինի ժողովրդի շրջանում ստեղծված մթնոլորտի ֆոնին: Պատճառներից մեկն էլ դա էր, որ մանուկների համար նախատեսված կինոնկարը մեծ խանդավառությամբ ընդունվեց նաև մեծերի կողմից: Հետաքրքիր է, որ «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթը» դեբյուտային էր թե´ ռեժիսորի, թե´ օպերատորի, թե´ կոմպոզիտորի և, ի վերջո, նաև լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի համար: Ու, թեև, վերջինս դերասան չէր, և կինոաշխարհի հետ, առհասարակ, առնչություն չուներ, հենց նրան էին վստահել Սասունցի Դավթի գլխավոր դերը. «Մեզ պետք էր, որ ժողովուրդը Դավթի կերպարն ասոցացներ ուժի հետ, հավատար իր հերոսին: Ուստի, մասնավորապես այդ շրջանում, Հայաստանում ուժի խորհրդանիշ համարվող մարզիկի ընտրությունը լավագույն տարբերակն էր»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց ֆիլմի սցենարիստ Արմեն Վաթյանը:

Նրա խոսքով՝ Յուրի Վարդանյանը մեծ պատասխանատվությամբ էր մոտեցել իր դերին, և ֆիլմի նկարահանումներից առաջ հատուկ պարապել էր՝ լավ մարզավիճակով հանդես գալու համար:

«Պայմանավորվածություն կար, որ այդ ֆիլմից հետո նկարահանվելու է հենց «Սասունցի Դավիթ» կինոնկարը, որի գլխավոր հերոսը կրկին ես պետք է լինեի, ուստի համաձայնվեցի հանդես գալ «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ»-ում: Հիշում եմ, որ այդ շրջանում ես չափազանց զբաղված էի, մի քանի շաբաթով պարբերաբար այցելում էի չորս ամիս տևած նկարահանումներին»,-մեզ հետ զրույցում պատմեց Յուրի Վարդանյանը:

Նկարահանումները, մեծ մասամբ, անցել են Վայոց Ձորի մարզում: Ով տեսել է ֆիլմը, կհիշի, Սասունցի Դավթի և Մըսրա Մելիքի մենամարտի մասսայական տեսարանը. Դավիթը ձի է հեծած, իսկ ձեռքին թուր է, որն, ի դեպ, պատրաստվել էր Լենինականում. «Ես ձիավարություն վաղուց էի սովորել, հիշում եմ, որ իմ ձին բերել էին Վրաստանից, ես մի քանի ամիս մարզվեցի հետը, այնպես որ, այդ հարցում հմուտ էի»,-նշեց Յուրի Վարդանյանը:

Ֆիլմի օպերատորն էլ հիշում է, որ Մոզրովի քարանձավի տեսարանը ստանալիս որոշ խոչընդոտների է հանդիպել. «Ոչ ոք ռիսկ չէր անում քարանձավի խորքը մտնել: Յուրի Վարդանյանն ասում էր. «Էդ ի՞նչ կենեք, ծո´, կփլի գլխիս, կմեռնիմ»: Պատկերացրեք՝ հսկայական ուժի տեր մարդը այդ հարցում հապաղում էր»,-ծիծաղելով պատմեց Շավարշ Վարդանյանը:

Ֆիլմի կայացման հարցում գլխավոր դերերից մեկը ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանինն է. այն ժամանակ խելացի և խոստումնալից երիտասարդ, ով իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացավ հանդիսատեսին հասցնել այն ասելիքը, որն ընկած էր սցենարի հիմքում: Իսկ սցենարը գրվել էր լենինգրադցի գրող Վիկտորիա Վարդանի նովելների մոտիվներով, որտեղից վերցվել է ֆիլմի ընդհանուր գաղափարը: Բավականին ճիշտ էր նաև փոքրիկ հերոսի՝ մանուկ Դավթի դերակատարի ընտրությունը, որը այն հարյուրավոր տղաներից մեկն էր, ով զգաց իր կերպարի ասելիքն ու իր հերթին կարողացավ ճիշտ փոխանցել այն:

«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթը» արժեքավոր է նաև իր երաժշտությամբ, որի շնորհիվ էմոցիոնալ ֆոնն ավելի ազդեցիկ է դարձել. «Ինձ ֆիլմի երաժշտությունն ավելի է դուր գալիս, քան ինքը՝ ֆիլմը»,-կեսկատակ-կեսլուրջ ասում է սցենարիստը:

Այն, որ բոլորի համար դեբյուտային դարձած այս կինոնկարի միջոցով ստացվել է անհատի, ընտանիքի, ազգի համար կարևոր արժեք ստեղծել, կփաստեն բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ դիտել են «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթը»: Եվ պատահական չէ, որ երբ ֆիլմը ցուցադրվել է ուկրաինական մի փառատոնում, անմիջապես ձայնագրվել է նաև ուկրաիներենով. «Մեզ ասացին, որ Ուկրաինայում երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակող կինոնկարի պակաս կա, և այդ բացը ուզում էին լրացնել մեր ֆիլմով»,-փաստում է Արմեն Վաթյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Յուրի Վարդանյանի խոսքով՝ իր համար «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթը» նախկինում նույնքան արժեքավոր չէր, որքան հիմա. «50 տարի հետո դրա արժեքն էլ ավելի կզգացվի»,-նկատում է նա:

Հ.Գ.- 1987թ., Հայֆիլմ, (Վ. Վարդանի նովելների մոտիվներով), 83 րոպե (2297 մ), գուն., պրեմիերան` 15.04.1988թ., Է.թ. 02.1989թ.:
Սց. հեղ. Ա. Վաթյան, բեմ. ռեժ. Գ. Գյարդուշյան, բեմ. օպեր. Շ. Վարդանյան, բեմ. նկ. Գ. Մանուկյան, կոմպոզ. Վ. Զաքարյան, հնչ. օպեր. Ա. Դրոժենկո, ռեժ. Ռ. Մկրտչյան, օպեր. Ա. Ստեփանյան, Ա. Դավթյան, զգ. նկ. Մ. Մաքսապետյան, նկ. դիմ. Պ. Ասչյան, Ն. Խաչատրյան, ռեժ. աս.Մ. Ավետիսյան, Հ. Մնացականյան, Ա. Ավետիսյան, օպեր. աս. Կ. Գաբրիելյան, Ռ. Գասպարյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Մարտիրոսյան, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Ս. Գաբրիելյան, խմբ. Է. Պայազատյան (Պայազատ), վարչ. խումբ` Է.Ներսիսյան, Կ. Ասատրյան, Գ. Կարապետյան, Խ. Խաչատրյան, տն. Գ. Չոբանյան:
Գլխ. դերերում. Դավիթ - Կ. Խաչատրյան, Սասունցի Դավիթ - Յու. Վարդանյան, Սիմոն, Մսրա-Մելիք, Դեւ - Հ. Ալավերդյան, Դավթի մայրը - Գ. Նովենց, Վարդան - Մ. Մկրտչյան:
Դերերում. Անահիտ - Ռ. Պապիկյան, Գայանե - Մ. Օհանյան, Արմեն - Գ. Ազնավուրյան, Սուրեն - Ն. Գյոնջյան, Բոքոն - Ա. Ենգիբարյան, Գոհար մորաքույր, Իսմիլ-Խաթուն - Վ. Միրիջանյան, Արուս - Ա. Կապլանջյան, Դավթի հայրը - Ա. Խաչատրյան, Վարդանի հայրը-Վ. Հարությունյան, վարորդ-Մ. Մխիթարյան:
Դրվագներում. Ռ. Գասպարյան, Ա. Խոստիկյան, Ջ. Բաբայան, Հ. Հունանյան, Գ. Կարապետյան, Ա. Ղուկասյան, Ն. Պողոսյան, Հ. Հակոբյան, Հ. Կոստանյան, Ռ. Մկրտչյան, Ա.Գեւորգյան:

Գյուղացի փոքրիկ տղան երազում է նմանվել էպոսի հերոս Դավթին, որի անունը կրում է ինքը: