Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Հարո Ստեփանյան. Կենսագրություն

Հարո Լևոնի Ստեփանյան (ապրիլի 25, 1897, Գանձակ, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։

Կենսագրություն

Հարո Ստեփանյանը ծնվել է Ելիզավետպոլում: Մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թվականից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում (դաշնամուր՝ Կ. Ադուրալովա, երաժշտության տեսություն և ստեղծագործություն՝ Ա. Տեր-Ղևոնդյան), որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, ում ստեղծագործությունը հսկայական տպավորություն է գործել նրա վրա։ 1920 թվականից Սանահինում, Ալեքսանդրապոլում աշխատել է որպես ուսուցիչ։ 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան)։

Այդ շրջանի ստեղծագործություններից աչքի են ընկել չորս երգերը՝ «Մայիս», «Օրորոցային», «Լորիկ» և «Հնձի երգ»:

1926-1930 թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ Լենինգրադյան տարիները (1926-1930) մեծ նշանակություն ունեցան կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարի ձևավորման, կոմպոզիտորական վարպետության, տեսական հաստատուն գիտելիքների ձեռքբերման գործում։ Փորձված մանկավարժները, կոնսերվատորիայի ստեղծագործական մթնոլորտը նպաստեցին բարձր ճաշակի, ստեղծագործական պահանջկոտության, արդիականության նկատմամբ հետաքրքրության զարգացմանը։

1927-1929 թվականների ամռանը Ստեփանյանը մասնակցեց Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ «Այդ ինքնօրինակ արշավն օգնեց ինձ ավելի խոր ճանաչելու իմ հայրենիքի անկրկնելի գեղեցկությունը,- ասում էր Ստեփանյանը: -Հետագայի իմ ստեղծագործություններից շատերը ծնվել են այն օրերին ստացած տպավորությունների ազդեցության տակ, մասնավորապես իմ «Հեյ, Արագած» երգը, որ գրված է Շիրակի «Սահարիի» տիպի ոճով, երգեր, որոնք փառաբանում են առավոտը, այգը, արևը»:

1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 1938 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հարո Ստեփանյանի երաժշտական ստեղծագործություններն են՝ հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի համար, կամերային երաժշտության ստեղծագործություններ, ռոմանսներ և այլն:

Պարգևներ

ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1960