Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Ամրդոլու վանք

Ամրդոլու վանք, Ամիրդոլ, Ամիրդոլա վանք, Ամիրդոլու վանք, Ամիրօղլու վանք, Ամիրօղլու Սուրբ Հովհաննես, Ամլորդ, Ամլորդովանք, Ամլորդվովանք, Ամլորդվոց վանք, Ամլորդու վանք, Ամլորտվովանք, Ամլվսրդվո վանք, Ամրգոլ, Ամրդոլ, Ամրդոլավանք, Ամրդոլի վանք, Ամրդոլիվանք, Ամրտոլուվանք, Արմդոլ, Արմտոլ, Արմտոլու վանք, վանք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Բաղեշ (Բիթլիս) քաղաքի հարավային ծայրամասում։

Անունը

Ըստ ավանդության՝ անվանումը ստացել է վանքը նորոգած եղբայրներ Ամիրի և Դոլուի անուններից։

Պատմություն

Հիմնադրման ժամանակն անորոշ է։ XIV դարից հիշվել են հայ եպիսկոպոսներ։ XV դարից եղել է գրչության խոշոր կենտրոն։ Նույն դարում Գրիգոր Տաթևացու աշակերտ Դանիել վարդապետը Ամրդոլու վանքում հիմնել է հոգևոր դպրոց։ Դասավանդել են կրոնագիտություն, աստվածաբանություն և տրամաբանություն։ Կրթական գործը շարունակել են Հովհաննես Համշենցին, Գրիգոր Արճիշեցին, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Ներսես Ամկեցին, Հովհաննես Տարոնեցին։ Բարսեղ Աղբակեցին վերծանել է վանքի մատենադարանի իմաստասիր. գրքերը, ընդարձակել դասատունը, բարեփոխել ուսումնական ծրագրերը, դասավանդվող առարկաներին ավելացրել իմաստասիրությունը, ճարտասանությունը, քերականությունը։ Դպրոցը մեծ համբավ է ձեռք բերել Ներսես Մոկացու ժամանակ։ Այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր մասերից։ Ամրդոլու վանքը ծաղկում է ապրել հատկապես XVII դ. պատմիչ-գիտնական Վարդան վարդապետ Բաղիշեցու 42 տարիների արգասավոր առաջնորդության ժամանակաշրջանում։ Նրա օրոք սկսել են դասավանդել նաև հայ մատենագրություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, և վանքի դպրոցը վերածվել է համալսարանի։ Վարդան Բաղիշեցու վախճանվելուց հետո (1704) Ամրդոլու վանքի դպրոցը չի գործել։ Վանքում բարձր մակարդակի է հասել գրչության արվեստը, ձեռք են բերվել հին ձեռագրեր, որոնք նորոգվել են։ Այդտեղ են ընդօրինակվել Փավստոս Բուզանդի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդ Երեցի, Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Թովմա Մեծոփեցու և այլոց երկերը։ Մեծ հռչակ է վայելել Ամրդոլու վանքի մեծարժեք մատենադարանը։ Պահպանվել է Վարդան Բաղիշեցու կազմած վանքի գրացուցակը։ Ամրդոլու վանքի նշանավոր սաներից են Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շղթայակիրը և այլք։ Ամրդոլու վանքի եկեղեցում են ամփոփվել Բարսեղ վարդապետը, Վարդան վարդապետ Բաղիշեցին և այլ նվիրյալներ։ Ամրդոլու վանքն ավերվել և ամայացել է 1915-ին. ձեռագրերի մի մասը և ունեցվածքը կողոպտել են թուրքերը։

Ճարտարապետություն

Ունեցել է երեք եկեղեցի՝ Ս. Աստվածածին, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Համալիրի մեջ են մտել նաև մի քանի օժանդակ շինություններ։