Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

«Դուք եք երկրի աղը»

«Բարւոք է աղ. ապա թէ աղն անհամեսցի, ի՞ւ համեմեսցի: Ոչ յերկիր՝ եւ ոչ յաղբ է պիտանացու, այլ ընկենուլ զնա արտաքս. որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ»:

«Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ այն պիտի աղվի: Ո՛չ հողի համար է պիտանի և ոչ էլ՝ պարարտանյութի, այլ՝ դուրս թափելու: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի» (Ղուկաս 14:34, 35):

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Քարոզիս բնաբանը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոսքերն են և, քանի որ մենք բոլորս մեզ համարում ենք Քրիստոսի աշակերտներն ու հետևորդները, ուստի պետք է որ ուշադիր լինենք, թե ինչ է Նա մեզ ուսուցանում և պատվիրում:

Քրիստոս մեզ համեմատում է աղի հետ: Մենք պիտի կարողանանք աղ լինել նախ և առաջ ինքներս մեզ համար: Ինչպես որ աղը ինքնին արժեքավոր է իր համով, այնպես էլ մենք մեր քրիստոնեական համն ու հոտը պիտի ունենանք և չկորցնենք, որովհետև Տերն ասում է. «Եթե աղը անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի» (Մարկոս 9:49): Հարկ է, որ քրիստոնյան առաջին հերթին իր հոգու ծաղիկը խնամի, ջրի, մշակի, որպեսզի նրա անուշահոտությունը իր շուրջը մեղուներ բոլորի՝ նեկտար քաղելու իրենից:

Դրանից հետո միայն աղ պիտի դառնանք մեր շրջապատում եղողների համար, քրիստոնեական սեր բերենք ամենուր, ամեն հարաբերության մեջ, ամեն գործում և ամեն խնդրի մեջ: Մինչ աղի մասին խոսելը Քրիստոս խոսում էր զոհաբերության մասին. «Ով որ չվերցնի իր խաչը և իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկաս 14:27): Այս խոսքը ճշմարիտ զոհաբերության մասին է ասված, որը նույնպես անհնարին է առանց սիրո:

Բոլոր քրիստոնեական զոհաբերությունների հիմքում սերն է: Դա վերաբերում է թե՛ առաքյալներին, թե՛ մարտիրոսներին ու նահատակներին, թե՛ անապատական հայրերին և թե՛ բոլոր դարերի այն հավատացյալ քրիստոնյաներին, որոնք փորձել են իրենց ընտանեկան հարաբերություններում առաջնորդվել քրիստոնեական սիրով: Ամեն տեսակի ճգնություն, նահատակություն, բարի գործ կամ նվիրատվություն, որ զոհաբերություն է, արժեք չունի առանց սիրո: Հիշենք այրի կնոջ երկու լուման: Բոլորն էլ ինչ-որ բան զոհեցին տաճարի համար, տվեցին իրենց ավելորդից, իսկ այրի կինը իր ողջ ունեցածը զոհաբերեց և արժանացավ Տիրոջ գովեստին:

Ինչո՞ւ է Քրիստոս հենց աղի հետ համեմատություն անում, որովհետև աղը զոհաբերության, սիրո և նվիրվածության լավագույն օրինակներից է: Այն չի երևում կերակուրի մեջ, բայց, առանց նրա, կերակուրն անհամ է: Եթե կերակուրի մեջ աղ կա, սակայն անհամ է այդ աղը, ուրեմն այն ոչ մի արժեք չունի: Աղը տեսանելի չէ կերակուրների մեջ, այդպես էլ քրիստոնյայի կյանքն է: Նա ձգտում է աղի պես լինել արժեքավոր և միաժամանակ իր գործերը չդարձնել ցուցադրական: Քրիստոնյան գիտի, որ զոհաբերությունը կարևորվում է միմիայն սիրով արված լինելու դեպքում: Ինչպես որ Սուրբ Պողոս առաքյալն է ասում. «Եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, որ մի օգուտ չեմ ունենա» (Կորնթացիներ Ա 13:3): Ուրեմն աղի պես հալչել, համ տալ կերակուրներին, դեռևս բավական չէ: Անհրաժեշտ է նաև սեր ունենալ, սեր տալ մարդկանց և սիրով ձուլվել նախաձեռնած գործին:

Մատթեոսի Ավետարանում աղի հետ միասին Քրիստոս մարդուն համեմատում է նաև լույսի հետ. «Դուք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14-16): Նախ պետք է ասել, որ Քրիստոս Ինքը «Ճշմարիտ Լույսն է, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ» (Հովհաննես 1:9): Այսինքն՝ Տերը հորդորում է մեզ նմանվել Իրեն և լույս դառնալ մարդկանց համար: Արևի լույսը մեզ համար կարևոր է, և նրա անհրաժեշտությունը բոլորս ենք գիտակցում, այժմ հարկ չկա դրանք թվարկելու: Ուղղակի պետք է խորհել, թե որքան ենք կարողանում մեր կյանքում լույս տալ և ջերմացնել մարդկանց: Եվ պարտադիր չէ, որ լուսավորելը հասկանանք քարոզելը: Ոչ, մենք կարող ենք քարոզել մեր գործերով:

Ինչքան էլ այսօր կապի և հաղորդակցության միջոցները տարատեսակ ու շատ լինեն, այնուամենայնիվ բազմաթիվ մարդիկ այսօր էլ սիրո, հոգատարության և ուշադրության կարիք են զգում: Գարեգին Առաջին կաթողիկոսն ասում է, որ ութերորդ մահացու մեղքը անտարբերությունն է: Մենք՝ քրիստոնյաներս, պիտի կարողանանք Աստծո կողմից մեզ պարգևված կյանքը լույսի պես դարձնել արժեքավոր ոչ միայն մեզ համար, այլև մեր շրջապատի համար:

Սիրելինե՛ր, Քրիստոս սովորեցնում է աչքի ընկնել բարի, բայց ոչ ցուցադրական գործերով, որոնք լուսավորում են մարդկանց կյանքը: Ուրեմն՝ քրիստոնյայի սերը մի կողմից պիտի հորդա լույսի պես, կարևոր լինի առաջին հերթին մարդկանց տեսողության համար, մյուս կողմից, ինչպես աղն է ձուլվում կերակուրներին և համ տալիս, այդպես էլ քրիստոնյայի սերը պիտի ձգտի համ ու հոտ բերել մարդկանց կյանքին:

Հետևաբար՝ մաղթում եմ կարևորել սեփական կյանքը: Թող Տիրոջ օրհնությամբ աղի պես արժեքավոր լինեն ձեր կյանքի օրերն ու գործերը և լույսի պես անգնահատելի լինեն ձեր բոլոր ջանքերը բարեգործության և ողորմածության մեջ:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am