Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Գագիկ Դավթյան (ագրոքիմիկոս)

Գագիկ Ստեփանի Դավթյան (նոյեմբերի 8, 1909, Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ագրոքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։ Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Ժողովուրդների բարեկամության», «Պատվո նշան» շքանշաններով և մի շարք մեդալներով:

Կենսագրություն

Ծնվել է Դիլիջանում։ 1926 թվականին տեղի երկրորդ աստիճանի դպրոցն ավարտելուց հետո մինչև 1930 թվականը սովորել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում։ 1929 թվականին աշխատել է ագրոքիմիայի ամբիոնում որպես լաբորանտ։

1930-1933 թվականներին գործուղվել է Պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք որպես ասպիրանտ։ Սովորելու տարիներին մասնակցել է Անդրկովկասի բամբակացան շրջանների հողերի քիմիացման համամիութենական արշավախմբի աշխատանքներին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։

1936 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի ագրոքիմիայի լաբորատորիայի դոկտորանտուրա։


Գագիկ Դավթյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

1941 թվականին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանական ինստիտուտին կից ստեղծել է հողի բերրիության լաբորատորիա, իսկ 1947 թվականին՝ ագրոքիմիայի լաբորատորիա։

1950-1955 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, ապա՝ ակադեմիկոս-քարտուղար, 1955-1957 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԿԿ Կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1958-1962)։

1957-1961 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։

1966 թվականին ագրոքիմիայի լաբորատորիայի հիման վրա հիմնել է ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիայի պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը։

1967-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար։

Ավելի քան 20 տարի ագրոքիմիա է դասավանդել ԵՊՀ-ում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։ Ակտիվ մասնկացել է Հայկական սովետական հանրագիտարանի ստեղծմանը, եղել հանրապետության Գերագույն խորհրդին կից տերմինաբանական կոմիտեի անդամ, «ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ» ամսագրի խմբագիր։

Վախճանվել է Երևանում։

Հիշատակ

1995 թվականից ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը կոչվում է Գ. Դավթյանի անունով:

Երկեր

Հողի քիմիական պարարտացումը, Երևան, 1932։
Կալցիում ցիանամիդ, Երևան, 1932։
Հանքային պարարտանյութերի արդյունավետությունը Հայկական ՍՍՀ և Նախիջևանի ԻՍՍՀ բամբակացան շրջաններում, Երևան, 1934։
Հայաստանի հողերի ֆոսֆորացման ռեժիմը, Երևան, 1946։
Հայկական ՍՍՀ հողերի ագրոքիմիական բնութագիրը, Երևան, 1966։