Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Սուրբ Խոսրովիդուխտ

Խոսրովիդուխտ Արշակունի (սուրբ Խոսրովիդուխտ կույս, 3-րդ դար - 4-րդ դար), Արքայադուստր Մեծ Հայքում, Հայ Առաքելական եկեղեցու սրբուհի, ճգնակյաց, Հայոց թագավոր Խոսրով Բ-ի դուստրը և Տրդատ Գ Մեծի քույրը, Հայ Արշակունիների թագավորական տոհմից։

Կենսագրություն

Ըստ ավանդության՝ Խոսրով Բ Մեծի սպանությունից (շուրջ 259 թ.) հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը Խոսրովիդուխտին խնամել է հայ նախարար Օտա Ամատունին։ Տեսնելով Գրիգոր Լուսավորչի չարչարանքներն ու լսելով նրա քարոզները՝ ընդունել է քրիստոնեությունը։ Այնուհետև, Գրիգոր Լուսավորչին Խոր վիրապ նետելուց և Հռիփսիմյանց կույսերին նահատակելուց հետո, երբ Տրդատ արքան խոզակերպ է դարձել, Խոսրովիդուխտին տեսիլքով (այլ տարբերակում՝ կրկնված երազով) հայտնվել է, որ արքային կարող է բժշկել միայն Գրիգորը, ինչը և տեղի է ունեցել։

Ըստ Ագաթանգեղոսի Խոսրովիդուխտը իր արքա եղբոր և Աշխեն թագուհու հետ, Եփրատի ակունքների մոտ, դիմավորել է Կեսարիայից որպես Հայոց քահանայապետ վերադարձող Գրիգոր Ա Լուսավորչին, որն էլ նրանց գետում մկրտել է (301 թ.)։

Խոսրովիդուխտն իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Գառնիի ամրոցում։ Հայ եկեղեցին սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը նշում է Տրդատ Գ թագավորի և Աշխեն թագուհու հիշատակի հետ միասին՝ Հոգեգալուստին հաջորդող 5-րդ կիրակին կանխող շաբաթ օրը։