Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում: Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին: Կույսերի նահատակման տեղում, հետագայում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցում են վկայարան` կիսագետնափոր հանգստարան, վրան` քարաշեն չորս սյուներով ամպհովանի: Գր. Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս կույսերին դասում է սրբերի շարքը, իսկ նրանց նահատակման օրը մտցնում եկեղեցու տասնյակի մեջ: Հետագայում` 618 թ., վկայարանի վրա Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը կառուցում է Հռիփսիմեի եկեղեցին, որի մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շինարարական երկու արձանագրությունները:

Տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին: Այն ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով: Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը` չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի արտահայտման հիմնական միջոցն է: Այն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1մ) բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածի ուղղանիստ ծավալներից մինչև գմբեթի վեղարը` ծավալների ներդաշնակ անցումներով:

XVII-րդ դարում հուշարձանը եղել է կիսավեր: 1653 թ. Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: 1776 թ. եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով և բուրգերով, իսկ 1880 թ. շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, 1894 թ.` բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները: Զգալի նորոգումներ են կատարվել 1898 թ.: 1958 թ. մաքրվել է տաճարի ներքին տեսքը խաթարող սվաղը: Նորոգումների ժամանակ բացված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորները վկայում են, որ Հռիփսիմե տաճարի տեղում եղել է հեթանոսական տաճար:

Եկեղեցուց 50մ արևելք գտնվում է IV-XIX դդ թվագրվող գերեզմանատունը:

Հուշարձանի վերաբերյալ հիմնական գրականություն`

Տ. Մարության, Ավանի տաճարը և համանման հուշարձանները, Երևան., 1976:

А. Якобсон. Очерки истории зодчества Армении V-ХVII вв, М -Л., 1950.

А. Еремян. К вопросу о датировке кафедральной церкви в Аване. - ԼՀԳ, 1969, N 3.

А. Еремян. Храм Рипсиме. Ер., 1955.

Աղբյուր՝ Hushardzan.am

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության, «Ոչ միայն հացիվ» հաղոդաշարի