Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Ալեքսանդր Ծատուրյան. Հայ մայրերին

Կտավը Հովհաննիսյան Հովակիմի՝ Մայր (1917)

(Սասունի կոտորածի առթիվ)

Որդեկորույս խղճո՛ւկ մայրեր,
Մի՛ լաք այդպես դառնագին,
Որ սիրասուն ձեր զավակներ
Կյանքը զոհած հեգ ազգին,
Մատա՜ղ օրեր, ծաղի՜կ հասակ,
Ծընող, քույրեր մոռացա՜ն,
Եվ սուրբ գործի քաջ նահատակ՝
Ռազմի դաշտում փռվեցա՜ն...

Ո՛չ հոգեբուխ սուրբ աղոթքը
Օրհնեց անթաղ դիակներ,
Ո՛չ մայրական դողդոջ ձեռքը
Փակեց անկյանք, սառն աչեր.
Միայն երկինք - խավար երկինք
Արյամբ ներկված աշխարհի
Տեսավ բարձրից, օրհնեց լըռիկ
Վերջի՜ն շունչը քաջերի...

Բայց դուք մի՛ լաք, ո՞վ հայ մայրեր.
Ձեր սնուցած քաջ որդիք
Չէին սիրում արտասուքներ.
Երբ բազմատանջ հայրենիք

Ազատության ջերմ փափագով
Ազգից խնդրեց ողջակեզ,
Նոքա անլաց, վառված հոգով
Վերջի՜ն համբույր տվին ձեզ…
Վերջի՜ն համբույր… Եվ սըլացա՜ն
Դեպի լեռներ արնաներկ.
Մատաղ ձեռքին - սուր, հրացան
Վարդ-շրթունքին - ազատ երգ…
Մի՛ լաք, մայրե՛ր, դուք երջանի՜կ
Եվ անմա՜հ եք, որ ազգին
Պարգևեցիք հերո՛ս որդիք.
Փառք չի՛ հասնիլ ձեր փառքին…