Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների» (Հովհաննեսի 10:1-2)

«Միմյանց համար աղոթք արեք…»

Եկեղեցու սուրբ հայրերի բնորոշմամբ` աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու ամենաանմիջական ճանապարհն է, դեմ հանդիման խոսակցություն Նրա հետ: Ինչպես կերակուրը մարմնի սնունդն է, այնպես էլ աղոթքը` հոգու: «Ուստի մարմնի պես պետք է ամեն օր սնել նաև հոգին, այլապես կնվաղի, կհիվանդանա կամ կմեռնի»,-ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին և հավելում. «Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից, մինչև մեծամեծ մեղքերի մեջ ընկնելը, որ հոգու մահն է»: Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, բոլոր աղաչանքներն Ընդունողը, որպես մեզ օրինակ և հորդոր բազում անգամ ողջ գիշեր աղոթում էր Աստծուն` նույնը պատվիրելով և մեզ. «Արթու՛ն կացեք և ամեն ժամ աղոթեցե՛ք» (տե՛ս Մատթ. 26:41): Աղոթքների մեջ չկա ավելի մեծ աղոթք, քան Տերունական աղոթքը` «Հայր մեր»-ը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց մեզ, և որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր քրիստոնյա…:

Եկեղեցու սուրբ հայրերն ուսուցանում են, որ աղոթելիս հարկ է նախ տրված բարիքների համար գոհանալ Աստծուց և ապա առաջիկայի համար խնդրել: Այս է աղոթքի ճշմարիտ կերպը: Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի` պետք է երախտագիտություն հայտնել Աստծուն նաև այն ժամանակ, երբ չենք ստացել մեր խնդրածը, որովհետև Նա ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք, քանի որ երբեմն օգտակար է չստանալը: Այս է աղոթքի ճշմարիտ կերպը: Եվ դարձյալ աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծու կամքը կատարվի մեր մեջ և ոչ թե մերը: «Սրանում են հաստատված աղոթքի կատարելությունն ու մարդու երջանկությունը» (Պողոս Ադրիանուպոլսեցի):

Միմյանց համար աղոթելու անհրաժեշտությունն ու օգտակարությունը

Մեծ է աղոթքի զորությունը, սակայն եթե միայն մեր անձերի համար խնդրենք, անձնասեր ու անողորմ կլինենք, ուստի անհրաժեշտ է նաև այլոց համար աղոթել: Վերջինիս օգտակար լինելը ցույց է տալիս Ս. Հակոբոս առաքյալի հետևյալ խոսքը. «Միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ. 5:16): Ս. Պողոս առաքյալի թղթերը ողողված են միմյանց համար աղոթելու պատգամներով: Տիմոթեոսին ուղղված իր առաջին թղթում առաքյալն ասում է. «Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ ու հանդարտությամբ վարենք մեր կյանքը» (Ա Տիմոթ. 2:1, 2): Պետք է աղոթել նաև քրիստոնեական մեր հավատքի պայծառության, Եկեղեցու հաստատունության, ազգի ու համայն աշխարհի խաղաղության, մեղավորների դարձի ու ապաշխարության, նաև` մեր հոգևորականաց դասի համար, ինչը և անում ենք յուրաքանչյուր Պատարագի և ամենօրյա ժամերգությունների ժամանակ` ըստ հաստատված կարգի: Ուրեմն` այլոց համար աղոթքը հույժ կարևոր և օգտակար է:

Հիշեցինք Ս. Պողոս առաքյալի` բոլոր մարդկանց համար աղոթելու հորդորները: Նա տարբեր եկեղեցիներին ուղղված իր գրեթե բոլոր թղթերում խնդրում է աղոթել նաև իր համար. «Աղոթեցե՛ք նաև մեզ համար» (Ա Թեսաղ. 5:25): Ինքն իսկ օրինակ էր լինում, քանզի բոլոր թղթերում վկայում է, որ ջերմեռանդորեն աղոթում է բոլորի համար «…չեմ դադարում գոհություն հայտնել ձեզ համար` հիշելով ձեզ իմ աղոթքներում» (Եփես. 1:15, 16), նաև` «ձեզ բոլորիդ համար աղոթում եմ խնդությամբ» (Փիլ. 1:4), նաև` «Իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անընդհատ քեզ եմ հիշում» (Բ Տիմ. 1:3): Եթե Պողոս առաքյալն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել ևս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու: Քանզի Նա, Ով աղոթքների Վարդապետն է և Ընդունիչը, հրամայում է ամենքի Հորն աղոթել ոչ հատուկ անձի համար, այլ բոլորի` «Հայր մեր» ասելով, քանզի սուրբ Ավազանով որդիացանք Նրան (Ս. Խոսրով Անձևացի):

«Ուր մեկ կամ երկու հոգի հավաքված են իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»,-ասում է Տերը (տե՛ս Մատթ. 18:20): Նա լսում է մաքուր ու անկեղծ սրտից բխած աղոթքները նրանց, ովքեր աղոթում են իրենց պատկերակցի, ի Քրիստոս իրենց քույրերի ու եղբայրների համար: Մերձավորների համար աղոթող մարդը նույնպես զգում է իր արած աղոթքի զորությունը, քանզի ինքը նմանապես հոգևոր օգուտ է ստանում` արժանանալով Աստծու ողորմածությանն ու ներողամտությանը: Այլոց համար իր արած աղոթքները, մի տեսակ, վերադառնում են իրեն, քանզի մարդը չի կարող աղոթել ուրիշի համար, եթե իր սրտում չունենա սրտացավություն, մարդասիրություն ու կարեկցանք դեպի իր մերձավորը: Ուրիշի համար աղոթքը հոգևոր ողորմության մի տեսակ է` ոչ պակաս կարևոր նյութական ողորմությունից: Այլոց համար աղոթքի մեծ զորության ևս մեկ օրինակ հիշենք Գործք Առաքելոցից, երբ Պետրոս առաքյալը կապկպված էր ամուր կապանքներով, մինչդեռ «եկեղեցում նրա համար ստեպ-ստեպ աղոթքներ էին արվում» (Գործք. 12:5), որոնք էլ նրան անմիջապես ազատեցին բանտից:

Թշնամիների համար արված աղոթքի կարևորությունը

Սակայն պետք է աղոթել ոչ միայն մերձավորների ու ընկերների, այլև որքան էլ դժվար լինի` մեր թշնամիների ու մեզ ատողների համար, ըստ տերունական Խոսքի. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին… և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. 5:44): Որպես ճշմարիտ քրիստոնյաներ` պետք է մերժենք մեր սրտերից քենն ու ոխը, ներենք նրանց, որպեսզի մեր երկնավոր Հայրն էլ մեզ ների մեր հանցանքները (տե՛ս Մատթ. 6:14): Առավել հեշտ կլինի նրանց համար աղոթել, եթե խղճանք նրանց ու գիտակցենք, որ սատանան կուրացրել է նրանց ու չեն հասկանում, թե ինչ են անում: Հայրերն իրենց գրվածքներում ունեն հատուկ թշնամիների համար գրված աղոթքներ: Սուրբ Ն. Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 23-րդ գլխից մի հատված հիշենք. «Թողություն շնորհիր նաև իմ թշնամիներին և ինձ ատողներին` իմ դեմ գործած հանցանքների համար, և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ…»: Այս կերպ աղոթելով նրանց համար` մենք իրապես կկատարենք առաքյալի այս պատգամը ևս. «Թույլ մ՛ի տուր որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12:21):

Աղոթենք նաև մեղավորների ու անհավատների դարձի ու ապաշխարության համար, որպեսզի մեղքերի մեջ անզղջում չմնան, այլ Տիրոջ ողորմությամբ ու մեր հարատև ու անձանձրույթ աղոթքների շնորհիվ դառնան Աստծուն` ժառանգելով փրկությունը:

Աղոթք ննջեցյալների համար

Հայրերն իրենց գրվածքներում կարևորում են նաև մեր ննջեցյալների համար մեր կատարած աղոթքները, որովհետև, ինչպես Ս. Գր. Տաթևացին է ասում, «նրանք այլևս չեն կարող ապաշխարել մեղքերի համար, ուստի միայն մարդասեր և գթած Աստծու ողորմությունն են ակնկալում և կարոտում ողջերի աղոթքներին…»:

Ճշմարտապես աղոթելով մեզ նմանների համար` սրբվում ու ազնվանում են մեր հոգիները, թեթևանում ու խաղաղվում, որովհետև «Աղոթքը սեր է, անձնվիրություն դեպի մեր երկնավոր Հայրը և Նրա երկրավոր որդիները, որ մեր եղբայրներն են»,-ասում է երջանկահիշատակ Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը և հավելում, որ Քրիստոսի ողջ կյանքն էլ Աստծուն նվիրված մի աղոթք էր: Այո՛, մեր Տերն Իր երկրավոր կյանքի ընթացքում աղոթեց ողջ մարդկության փրկության համար, մինչև իսկ վերջին շունչն աղոթում էր Իրեն անարգողների ու խաչողների համար` մեզ օրինակ լինելով: Թող մեր կյանքն էլ լինի Աստծուն նվիրված աղոթք` զարդարված բարի գործերով ու աղոթասիրությամբ:

«Անդադար աղոթենք, որպեսզի փորձության մեջ չընկնենք» (տե՛ս Մատթ. 26:41), քանզի օրերը չար են, երբ ամեն քայլափոխի հանդիպում ենք մեր հավատի հիմքերը խարխլող տարատեսակ փորձությունների ու գայթակղությունների: Աղոթենք Աստծուն` խնդրելով մեղքերի թողություն, հոգիների ու մարմինների բժշկություն, ճշմարիտ դարձ և ապաշխարություն ոչ միայն մեր անձերի, այլև բոլորի համար, աշխարհին ու մարդկանց հոգիներին խաղաղություն, սեր, համերաշխություն: Աղոթենք թե՛ ծանոթների, թե՛ անծանոթների համար, և ինչպես Ֆ. Դոստոևսկու հայտնի ստեղծագործության մեջ գլխավոր հերոսներից մեկն է ասում. «Մեր աղոթքների մեջ հիշատակենք նրանց, ովքեր աղոթող չունեն իրենց համար, նաև նրանց համար, ովքեր չեն ուզում աղոթել…»: Այո՛, աղոթենք այդպիսիների համար, որպեսզի մի օր Տիրոջ ողորմությամբ նրանք էլ դառնան ջերմեռանդ աղոթողներ` մատուցելով Աստծուն իրենց աղոթքի պտուղները` սեր, խնդություն, խաղաղություն, խոնարհություն, եղբայրասիրություն, ողորմածություն, համբերություն…:

Անժելա Խաչատրյան