Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Հայրիկ Մուրադյան. Խըլբանե

Լե, լե, լե, լե, խըլբանե ,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Խըլբո թըվանք չը բանե,
Մամուս քարման չը մանե։

Լե, լե, լե, լե, խըլբանե,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Պապուս գութան խափան է,
Եզներ արձկած, չըն բանե:

Լե, լե, լե, լե, խըլբանե,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Շորվեն հարտն ի, չըն տանե,
Անոթի ին, չըն բանե։

Խնուսի հայությունից ավանդված պարերգ է: «Խըլբանե» բառն ավելի հաճախ հանդիպում է «ղալբ» ձևով և նշանակում է խարդախ, անազնիվ: Բանն այն է, որ երգի հերոսը չի սիրում աշխատել, ծույլ է և ամեն պատճառ բերում է, որպեսզի խուսափի անգամ ամենաթեթև աշխատանքից: Նա որսի չի կարող գնալ, որովհետև հրացանն անսարք է և չի կրակում, թել մանել չի կարող, որովհետև տատից մնացած թել մանելու սարքը՝ քարմանը փչացել է, հողը վարել նույնպես չի կարող, որովհետև պապից մնացած գութանն է շարքից դուրս եկել և հնարավոր չէ դրանով աշխատել. մանավանդ որ եզներն էլ արձակած են, լծված չեն: Այդպես էլ հանդում ու արտում մշակներն այլևս «չեն աշխատում, որովհետև քաղցած են մնացել և մեկը չկա, որ նրանց շորվա՝ մսով ու բրնձով ապուր տանի», - բողոքում է մեր անազնիվ անբանը:
Այսպիսով, այս ալարկոտ մարդը ոչ միայն ինքը չի աշխատում, այլև անգամ չի օգնում մյուսներին, որ գոնե նրանք աշխատեն և օրվա կեսն աշխատելուց ուժասպառված ու քաղցած չմնան: Այս պարերգով հայ մարդը ծաղրում է ծուլությունը՝ աշխատավոր մարդու թշնամուն, ցույց է տալիս դրա վատ հետևանքները, թե ինչպես կարող է նախնիներից ստացած ժառնգությունը, կարողությունը փչանալ, ժանգոտվել ու դառնալ անպետք խոտան, եթե ընկնում է ծույլ ժառանգի ձեռքը, թե ինչպես կարող է մեծերից ստացած տնտեսությունը արագ կերպով քայքայվել՝ երկար ժամանակ արժանանալով անխնամ վերաբերմունքի:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան