Այսպէս է ասում Տէրը. «Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»(Ղուկասի 10:16)

Չեմ ներելու

Եպրաքսյա տատը մի քանի օր առաջ բոլորեց 111 տարին: Ծաղկավոր, փայլուն գլխաշոր է կապել, զարդանկար, սիրուն զգեստ է հագել, գլուխը հենել է թոռան՝ Արթուրի ուսին ու քննախույզ նայում է դեմքիս: Թեև տարիքից անհամեմատ երիտասարդ է երևում, այնուամենայնիվ, հարցնում եմ:

- Կկարողանա՞ք խոսել, Եպրաքսյա՛ տատ:

Տատը ժպտում է ներողամիտ.

- Ալեքսանդրապոլի Ամերիկյան որբատանն եմ գրաճանաչ դարձել: Մեզ հա՛մ անգլերեն էին սովորեցնում, հա՛մ ռուսերեն: Կարդալ շատ էի սիրում, ամբողջ օրը կարդում էի: Մանկության տարիներին սովորած ոտանավորները մինչև հիմա անգիր հիշում եմ: Հազար հատ ոտանավոր գիտեմ, կուզե՞ս՝ մեկն ասեմ:

Ես գլխով եմ անում:

- Ո՞ւր ես վազում այդպես արագ,

Ա՜յ դու կայտառ, սիրուն գետակ.

Կա՛նգ առ, խաղանք էս ծառի տակ:

-Չէ՛, փոքրի՛կըս, գնամ պիտի.

Տե՛ս ջաղացը գյուղի մոտի,

Պետք է ուժ տամ, որ պըտըտի:

Ցածն էլ հովտում անուշահոտ

Ինձ են մնում ծաղիկ ու խոտ,

Հոգնած-ծարավ տավարն ու հոտ:

Սառն աղբյուրը բարձըր սարի

Դրանց համար է ինձ տալի

Իր զով ջուրը կըլկըլալի:

Ես խանդավառված ծափահարում եմ:

- Կարող էի «Անուշը» արտասանել, բայց էս ոտանավորը մանկությունից եմ բերել հետս:

- Էրգրո՞ւմ եք սովորել:

Էրգիր բառը լսելով՝ տատը կտրուկ շտկվում է:

- Էրգիրը Ղարսի Լալոյի Մավրակ գյուղն է: Իմ հոր տունը:

Ղարսի Լալոյի Մավրակ գյուղում էր: Է՜՜… մի սուրու ոչխար ու կով ունեինք: Իմ հերը, իմ մերը, իմ երկու եղբայրները մի ընտանիք էինք՝ սիրտը՝ ուրախ, փորը՝ կուշտ:

- Թուրքը չէ՞ր նեղացնում,- հարցնում եմ: Եպրաքսյա տատը բռնում է թոռան ձեռքը, ասես՝ ինչ-որ վտանգից պաշտպանվելու համար:

- Մեր գյուղում թուրք չկար, թուրքը հետո եկավ: Հայը պիտի հեռու մնա թուրքից, որ ապահով լինի:

Տատը գլուխը խոնարհում է կրծքին ու փակում աչքերը: Արթուրը ձեռքով հասկացնում է, որ լռեմ, չխանգարեմ տատի «ուղևորությունը» դեպի անցյալ: Թողնեմ, որ նա թակի այն դուռը, որի հետևում իր կյանքի ամենահրեշավոր իրադարձություններն են: Ներս նայի այն պատուհանից, որի հետևում ջարդ է ու նախճիր:

- Հորեղբորս տղային թուրքերը սպանեցին հոր աչքի առաջ: Հորեղբայրս վշտից խելքը կորցրեց: Բոլորը ողբում էին, նա երգում ու պարում էր: Տղայիս պսակն է, նվագեք, խաղամ՝ ասում էր: Հետո հորս սպանեցին: Մենք ամեն ինչ թողած՝ փախանք: Հավը կրակին հում մնաց, խմորը գնդած թողինք…

Տատի ծնոտը կափկափում է:

- Թող էլ չպատմի, - ասում եմ Արթուրին ցածրաձայն:

- Եթե սկսել է, պիտի վերջացնի, - պատասխանում է Արթուրը:

- Սարիղամիշում, էրզրումում ամենուր դիակեր էին դարսված, թուրքերը սպանված երեխաների գլուխները ճոճում էին սրերի վրա…

Եպրաքսյա տատը լալիս է; Ձայնից եմ հասկանում, որ լալիս է: Ուսերը ցնցվում են, բայց արցունք չկա, արցունքը հոսել է մինչև վերջին կաթիլը, սպառվել է:

- Լավ, էլ մի՛ պատմեք, - ասում եմ, - եկեք Ձեր երեխաներից խոսենք:

Բայց տատը ինձ չի լսում, ամուր բռնել է թոռան ձեռքն ու խոսում է:

- Մայրս մահացավ գաղթի ճամփին: Ես, Հովհաննես ու Եղիա եղբայրներս գաղթականների հետ եկանք, հասանք Ալեքսանդրապոլ: Մեզ որբանոց տարան: Սկզբում մեծ եղբորս՝ Հովհաննեսին որդեգրեցին, տարան Եղվարդ: Հետո Եղիան՝ փոքրիկ եղբայրս, գնաց որբանոցից: Նրան ուղարկեցին Ամերիկա: Փոքրիկ, շատ փոքրիկ էր Եղիան: Հետքը կորցրի: Ի՞նչ եղավ, ո՞ւր մնաց, չիմացա: Եղիա՜ս…

Երբ 15 տարեկան էի, հորաքույրս ինձ որբանոցից իր տուն տարավ ՝ Անի Պեմզաշեն: Հետո ամուսնացա Վալադի հետ:

- Սիրո՞ւմ էիք Վալադին,- ես ուրախանում եմ, որ վերջապես փակեցինք անցյալի դուռը: Բայց տատը անարձագանք է թողնում ժպիտս:

- Ես Վալա՞դ էի տեսել, որ սիրեի: Հորաքույրս ասաց՝ պիտի ամուսնանաս, ամուսնացա:

- Վալադը սիրո՞ւն տղա էր,- ես շարունակում եմ տրամադրություն մոգոնել:

- Երանի քեզ, - ասում է Եպրաքսյա տատն ու ժպտում է ներող, - Վալադը ինձ պես որբ էր: Որբ գաղթական: Մեր սերը խիղճ էր, հարազատություն էր: Ուրիշ տեսակ սեր էր: Վալադը հոտաղ էր, մեծ նախիր էր արածեցնում: Ոչ տուն ունեինք, ոչ ապրուստ: Մեր ձեռքերով տուն շինեցինք: 7 երեխա ունեցանք: Երկուսը փոքր էին, որ մահացան, երկուսը՝ մեծ: Էսքան ցավ քարին տայիր, քարը կճաքեր…

- Հիմա ո՞ւմ հետ եք ապրում:

- Իմ ամենասիրելի թոռան՝ Արթուրիս հետ:

- Ապրիլի 21-ին Ձեր ծնունդն էր, տատի՛…

- 111 տարեկան դարձա…

- Ո՞նց անցավ տոնական օրը:

- Ամեն օրվա պես լույսը բացվելու հետ «Հայր մերը» ասեցի Սրբապատկերների ու Վազգեն 1-ի նվիրած գոբելենի դիմաց: Եկեղեցի չեմ կարողանում գնալ, ոտքիս ուժը պակասել է: Տանն եմ մոմ վառում …Մի ժամանակ ծնունդիս էնքան մարդ էր հավաքվում: Երեք երեխա, 84 թոռ ու ծոռ ունեմ: Բայց էս տարի չկարողացան գալ ծնունդիս, ընտանիքս մի հարկի տակ չհավաքվեց:

- Ոչինչ, - ես ոգևորում եմ տատին, - եկող տարի կհավաքվեն, կարևորը ՝ ողջ ու առողջ ես:

-…Ասում են՝ կներե՞ս թուրքին:

- Ո՞վ է ասում:

Տատը չի պատասխանում, իր մտքերի հետ է:

- Ասում են՝ բարեկամանանք թուրքի հետ, ներենք: Ի՞նչը ներեմ: Չեմ ներելու: Հինգ տարի առաջ՝ Եղեռնի հարյուրամյակին, մի լրագրող էր եկել Թուրքիայից: Ասաց՝ թուրք եմ, եկել եմ հետդ խոսեմ: Ես թուրքի հետ չեմ խոսի՝ ասեցի: Չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում: Պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր, իմանամ՝ ինչ է եղել: Ոչինչ չպատմեցի:

Հետո տատը դառնում է ինձ.

- Դու կներե՞ս թուրքին..

- Չէ՛, - ասում եմ, - չեմ ների, տա՛տ ջան: Չենք ներելու:

- Ապրես, - ասում է տատը, - թոռիս՝ Ալեքսանդրիս, կճանաչե՞ս:

Արթուրն ինչ-որ բան է հասկացնում ձեռուոտով, բայց ես գլխի չեմ ընկնում:

- Ալեքսանդրն ո՞վ է:

- Պիտի ասեիր՝ ճանաչում եմ, - փսփսում է Արթուրը:

- Թոռս՝ Ալեքսանդր Կարապետյանը: Ո՞նց չես ճանաչում: Մասնակցել է Արցախի կռվին, վիրավորվել է: Ինքն էլ քեզ պես թուրքին չի ներում: Հերոս տղա է: Հորս, մորս, հորեղբորս…բոլորի վերժն առել է թուրքից:

- Հա՜, հիշեցի, Իհարկե, ճանաչում եմ Ալեքսանդր Կարապետյանին: Իսկական հերոս է:

- Անցած տարի Արթուրիս հետ ցորեն էին ցանել: Քո կռիվը պիտի հաղթես, որ կարողանաս ցորեն ցանել: Ցորենը լիություն է: Խաղաղություն չեղավ, ցորենը չի աճի: Խաղաղությունը զինվորն է ուղարկում սահմանից: Գիտե՞ս՝ քանի թոռ ու ծոռ եմ բանակ ճանապարհել: Երեսունից ավելի: Էս պահին Վիրաբ ծոռս բանակում է: Վիրաբ Սիմոնյան: Զանգում է, հեռախոսը դնում են ականջիս, ձայնը լսում եմ, սիրտս հովանում է:

- Երկար ապրիր, տա՛տ ջան, առողջ ապրիր, - ասում եմ ես ու հրաժեշտ եմ տալիս Եպրաքսյա տատին:

- Աստծո Աջը միշտ վրադ լինի,- օրհնում է 111-ամյա տատը: Ղարսի Լալոյի Մավրակ գյուղից: Սպանդ ու կոտորած տեսած, աշխարհի փոքր ու մեծ ճամփաները մաշած՝ Գևորգյան գերդաստանի վերջին շառավիղը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՇՈՏ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Աղբյուր՝ Hayzinvor.am