Այսպէս է ասում Տէրը. «Ով կռիւ է փնտրում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար» (Առակներ 29:5)

Ղազարոս Աղայան․ Ծույլ տղա

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:

- Ինչ արհեստ սովրիմ, - փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ինչ եմ անելու. պետք է մատներով փոքր - ինչ բամբակով տաք - տաք պղնձին նաշադիր քսեմ, ձեռքերս այրեմ: Չէ, այդ իմ բանը չէ:

- Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ կուզի լինի:

- Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:

- Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ինչ եմ ասում, ամբողջ օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ վազվզել: Չէ այդ էլ բան չէ:

- Ինչու չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից կանչեմ - “Քար ու կիր տվեք, ցեխ ուղարկեցեք, աղյուս ձգեցեք”: Այսպես կգոռամ և կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդեմ: Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է:

- Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ, ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ, թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել: